Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է նոյեմբերի 24-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:
Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր հաստատվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է ներկայիս 24-ամսյա պարտադիր ծառայությունը կրճատել մինչև 18 ամիս՝ մեկուկես տարի։ Նախագիծը ներկայացնում էր Սուրեն Պապիկյանը, ով խորհրդարանում հայտնել է, որ զինված ուժերի նոր համալրման կարգը կմեկնարկի 2026 թ. հունվարի 7-ից։ Նրա խոսքով՝ 18-ամսյա ժամկետով ծառայություն կանցնեն 2025 թվականի ձմեռային զորակոչով պարտադիր զինվորական ծառայության կոչվող քաղաքացիները։ «Կրճատումը չի ազդելու 2026թ․ հունվարի 1-ի դրությամբ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվողների վրա»,- ասել է նա։ Արձագանքելով «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի հարցադրմանը՝ 2022–2025 թթ․ ընթացքում պայմանագրերի խզման կամ նոր պայմանագրերի կնքման արդյունքում, «Պաշտպան հայրենյաց» ծրագրից դուրս, զինվորական ծառայություն իրականացնողների թվի վերաբերյալ, Պապիկյանը նշել է, որ 2025 թվականին այդ թիվը գերազանցում է 1000-ը»։ Պապիկյանի խոսքով՝ սա կարևոր ցուցիչ է, որը վկայում է, որ իրականացվող բարեփոխումների արդյունքում զինվորական ծառայությունն ընդհանուր առմամբ դարձել է ավելի գրավիչ ոչ միայն «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շրջանակում, այլև այն քաղաքացիների համար, որոնք ժամկետային ծառայությունից հետո տեսնում են իրենց ապագան Զինված ուժերում։ Հանձնաժողովը կողմ քվեարկեց, որպեսզի զինվորական ծառայության ժամկետը կրճատելու նախագիծը հրատապ կարգով ընդգրկվի ԱԺ լիագումար նիստերի օրակարգում։
Պապիկյանը ասել է նաև, որ ՊՆ-ն պետք է ազատվի ռիսկային կադրերից Զինված ուժերում։ Պատգամավորներից մեկի հարցին, թե ինչու վերջին շրջանում մի շարք փորձառու սպաներ ազատվել են կամ հեռացվել ծառայությունից, Պապիկյանը մասնավորապես պատասխանել է․ «Պետք է հասկանալ, թե իրականում ինչ փորձ ունեին այդ մարդիկ։ Մենք գործ ունենք մի համակարգի հետ, որի խնդիրների մասին գաղտնիք չէ, որ հաճախ է խոսվել։ Հետևաբար պետք է ազատվել ռիսկային մարդկանցից, ինչը հիմա էլ տեղի է ունենում»։ Լրագրողների հետ զրույցում էլ պաշտպանական գերատեսչության ղեկավարը հայտնել է, որ 2020 թվականից հետո Ադրբեջանի կողմից օկուպացված ՀՀ սուվերեն տարածքը վերադարձնելու հնարավորություն տեսնում է։ «Իհարկե տեսնում եմ հնարավորություն։ Սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովի աշխատանքի միջոցով»,– ասաց Պապիկյանը։ Վերջինս սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովի անելիք է համարում նաև ՀՀ ԶՈւ վերահսկողության տակ գտնվող ադրբեջանական հողերի ճշգրտման հարցը։ Հարցին՝ տեղեկություն ունի՞, թե ինչ 110 կմ-ի մասին է խոսում Ալեն Սիմոնյանը, Պապիկյանը նշեց, որ վաղ է այդ մասին խոսելը։ «Այդ հարցը եկեք թողնենք սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովին։ Հիմա խոսել մի բանի մասին, որի շուրջ պիտի հանձնաժողովն աշխատի, կարծում եմ՝ իմաստ չունի»,– ասաց նա։ Միևնույն ժամանակ Պապիկյանը նշեց՝ եթե Ալեն Սիմոնյանը թիվ է ասել, ապա դրա համար բավարար հիմքեր ունի։
Բաքվի բանտերում պահվող հայ գերիների հարցը բարձրաձայնվել է Ադրբեջանում։ Այսօր լրագրողների հետ զրույցում հավաստիացրել է Բաքու այցելած հայկական պատվիրակության անդամ Նաիրա Սուլթանյանը՝ հավելելով, որ գերիների մասին խոսել են նաև Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ հանդիպման ժամանակ։ «Ո՛չ հայկական, ո՛չ ադրբեջանական կողմից մեզ վրա որևէ սահմանափակում չի եղել, որ այս հարցը չբարձրաձայնենք։ Միջազգային ատյաններում ու կառույցներում էլ այս հարցը բարձրաձայնել ենք ու շարունակում ենք բարձրաձայնել, և Կարմիր խաչի բացակայության հանգամանքով ևս մի ալիք նամակներ է գնացել։ Սակայն ադրբեջանական կողմի հետ այս հարցով ուղիղ խոսելը մեզ համար նոր իրավիճակ էր՝ հատկապես պարոն Հաջիևի առջև նստած։ Մենք փորձեցինք մեր խոսքը ձևակերպել դիվանագիտորեն և հիմնավորել նրբանկատ, որպեսզի կողմերի միջև առաջանա վստահության և փոխադարձ ընկալման զգացողություն, ինչի արդյունքում հույս ունենք, որ այս խնդիրներն ավելի արագ կլուծվեն»,– ասաց Սուլթանյանը։ Նաիրա Սուլթանյանի խոսքով՝ գերիների հստակ թիվ կամ մարդկանց կոնկրետ անունների հետ կապված իրենց պատասխան չեն տվել, սակայն Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները իրենց վստահեցրել են, որ բանակցությունները կողմերի միջև այս հարցով շարունակվում են։ Պատվիրակության անդամներից Բորիս Նավասարդյանի խոսքը մի փոքր ավելի լավատեսական էր. «Հարցը քննարկվում է, հարցը միգուցե կստանա որոշակի լուծում, բայց երբ, ոնց և ինչպիսի լուծում կլինի, երևի կտեսնենք մոտակա ժամանակ: Որոշ մանրամասներ կան, քանի որ դրանք վերջնական են, չէի ուզենա դրանց մասին խոսել»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում: