Ներքին Տեսանյութ 1 ամիս առաջ - 20:24 14-10-2025

Թրամփն անտեսեց Փաշինյանին, գերիների հարցը քննարկել են, Մերձավանը նոր ղեկավար ունի․ Ամփոփ լուրեր

Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է հոկտեմբերի 14-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

Նիկոլ Փաշինյանը ինչ-որ բան էր ցանկանում ասել Միացյալ Նահանգների նախագահին, որը նրան չհաջողվեց։ Արտերկրի լրատվամիջոցները արձանագրել են պահը, թե ինչպես է Փաշինյանը մոտենում բեմում ելույթ ունեցող ԱՄՆ նախագահին, փորձում նրա ուշադրությունը հրավիրել, կանչելով՝ «պարոն նախագահ»: Թրամփը, որ այդ պահին շնորհակալություն էր հայտնում Գազայի հարցով Խաղաղության գագաթնաժողովի մասնակից երկրների ղեկավարներին, խոսքն ընդհատելով, Փաշինյանին ասում է, որ մոտ գա, ապա շարունակում է ելույթը: Սպասելով, որ Թրամփն ավարտի խոսքը, Նիկոլ Փաշինյանը նախ ներկայանում է ԱՄՆ նախագահին, ապա շնորհակալություն հայտնում նրան, թերևս վաշինգտոնյան խաղաղության գործընթացի համար: «Ես Հայաստանի վարչապետն եմ, շնորհակալություն, Աստված օրհնի Ձեզ, և հիմա Դուք ...», - ասում էր Փաշինյանը։ Երբ շնորհակալական խոսքերից հետո Փաշինյանը փորձում է շարունակել խոսքը, Դոնալդ Թրամփն արդեն շարունակում է շփումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի և Ինդոնեզիայի նախագահ Պրաբոո Սուբիանտոի հետ՝ անտեսելով Փաշինյանի հետ զրույցը: ԱՄՆ նախագահը, որ առիթը երբեք բաց չի թողնում հիշեցնելու, թե ինչպես իրեն հաջողվեց լուծել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև հակամարտությունը՝ հաճախ շփոթելով երկրների անունները, երեկ Գազայի հրադադարի մասին համաձայնագրի ստորագրման ժամանակ՝ նկատելով Ադրբեջանի նախագահին, կրկին հպարտացավ, թե ինչպես իրեն հաջողվեց 1 ժամում լուծել ավելի քան 30 տարվա կռիվը: «Այստեղ է այն մարդը, ում համար ես լուծեցի պատերազմը, Ադրբեջան։ Որտե՞ղ է քո հայրենակիցը, իրար հետ հաշտ եք, չէ՞.... նրանք կռվել են 32 տարի և մոտավորապես 1 ժամում մենք կարգավորեցինք այն, այդպես է չէ՞։ Եվ հիմա նրանք իրար հետ լավ են», - ասել է Թրամփը։

Արարատ Միրզոյանն այսօր ԵԱՀԿ գործող նախագահ և Ֆինլանդիայի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսում տեղեկացրել է, որ Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցը, Շարմ էլ Շեյխում քննարկել են ադրբեջանցի գործընկերների հետ: Միրզոյանը, սակայն, կոնկրետ արդյունքների մասին ոչինչ չասաց, միայն հույս հայտնեց, թե առաջիկայում այս հարցի վերաբերյալ լավ նորություններ կունենան: «Մենք ամենօրյա աշխատանք ենք իրականացնում այս ուղղությամբ, ոչ միշտ տեսանելի, ոչ միշտ արդյունավետ, հակառակ դեպքում հարցը վաղուց լուծված և դուրս եկած կլիներ օրակարգից։ Ինչպես և միշտ, այս պահին ևս, ուզում եմ հույս հայտնել, որ առաջիկայում մենք այս առումով լավ նորություններ կունենանք։ Համենայն դեպս մենք չենք դադարեցնում մեր ջանքերը և բառացիորեն երեկ, Շարմ էլ Շեյխում տեղի ունեցած Խաղաղության գագաթնաժողովի շրջանակում կրկին մեր ադրբեջանցի գործընկերների հետ քննարկել ենք այս հարցը: Հուսանք որ մեր ջանքերը դրական արդյունքով կպսակվեն առաջիկայում», - հայտարարեց նա։ Միրզոյանը նաև խոստովանել է, որ Ադրբեջանը շարունակում է խաղաղության համաձայնագրի ստորագրման նախապայման համարել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունը՝ նշելով, որ հայկական կողմը չի ընդունում այդ պահանջը և երկրի մայր օրենքը սեփական նախաձեռնությամբ է փոխում։

Էլինա Վալտոնենը չպատասխանեց արցախահայերի վերադարձի ու նրանց միջազգային իրավունքների հետ կապված հարցերին։ Նա Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսի ժամանակ համապատասխան հարցին այլ պատասխան տվեց։ «Մենք խորքային քննարկում ունեցանք նախարարի հետ, և ԵԱՀԿ-ն պատրաստակամ է աջակցելու, սատարելու խաղաղությանը, դիմակայունությանը Հայաստանում և տարածաշրջանում։ ԵԱՀԿ-ի հատուկ շեշտադրումը կլինի այնտեղ, որտեղ նաև Հայաստանը կարող է ավելացված արժեքով հանդես գալ՝ տնտեսական բաղադրիչում կլինի, ինչպես նաև շրջակա միջավայրի և կլիմայի ուղղությամբ»,- ասաց Վալտոնենը։ Միրզոյանը համաձայնեց գործընկերոջ հետ։ «Մենք լրջագույն ջանքեր ենք գործադրում, որ մեր տեղահանված քաղաքացիները կարողանան ամբողջությամբ ինտեգրվել ու իրենց կյանքը վերսկսել կամ շարունակել ՀՀ-ում»,– հավելեց նա։ Մինչ այդ էլ ԵԱՀԿ գործող նախագահը ողջունել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հետ կապված Հայաստանի և Ադրբեջանի համատեղ դիմումը։ «Լուծարումը կլինի ոչ ուշ, քան դեկտեմբերի 1-ին։ ԵԱՀԿ-ն պատրաստ է շարունակել ընդլայնված համագործակցությունն այնպիսի ոլորտներում, որտեղ Հայաստանը և ԵԱՀԿ-ն կկարողանան արժեք ավելացնել։ Կարևոր է խաղաղության այս գործընթացն ամրապնդել ու շարունակական բնույթ տալ խոստումնալից քայլերին, որոնք արդեն իսկ կայացված են՝ ստորագրելով համաձայնագիրը ու կարգավորելով հարաբերությունները, որպեսզի խաղաղությունն այս տարածաշրջանում լինի կայուն»,- ասաց Վալտոնենը։

Վաշնգտոնում տեղակայված Ամերիկայի հայկական համագումարը կոչ է անում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին «ապահովել Բաքվի բանտերում գտնվող հայ քրիստոնյա գերիների անհապաղ ազատ արձակումը», ինչպես ԱՄՆ նախագահին դա հաջողվեց անել Գազայում «Համասի» կողմից գերեվարված իսրայելիցներին ազատ արձակելու դեպքում: «Իրական խաղաղության հասնել հնարավոր չէ, քանի դեռ գերիները անարդարացիորեն շարունակում են մնալ Բաքվում: Ականատես լինելով բազմաթիվ արհավիրքների՝ աղոթում ենք հակամարտության իրական ավարտի և կայուն խաղաղության համար» ,- նշում են Ամերիկայի հայկական համագումարի համանախագահներ Օսկար Թաթոսյանն ու Թալին Յակուբյանը: Հայկական հարցերով տասնամյակներ շարունակ զբաղվող Ամերկայի հայկական համագումարը նախօրեին տարածած հայտարարության մեջ նաև հիշեցնում է, որ օգոստոսին Սպիտակ տանը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրման ժամանակ Դոնալդ Թրամփը խոստացել էր գերիների ազատ արձակման հարցով խոսել Ադրբեջանի նախագահի հետ՝ ասելով, թե Ալիևը դա կանի իր համար։

Մանրամասները՝ տեսանյութում: