Ներքին 7 ամիս առաջ - 10:05 24-11-2025

Մսխում են հարկատուի միջոցները. աշակերտներին ինչո՞ւ էին տարել համալիր

ՔՊ ընտրարշավը լճացել էր, վատ հոտ էր գալիս։ Մինչև վերջերս այն իրականացվում էր «Կրթվելը նորաձև է» արշավի քողի տակ, որն իրեն սպառել էր։ Մասնակցում էին նույն հոգնած դեմքերը։ Այս արշավին մարդիկ մասնակցում էին կամավոր։ Եվ օրեցօր դժվարանում էր նրանց ներգրավել հավաքներին։ Չէին ուզում նույն բաները կրկին լսել։ Այդ պատճառով անհրաժեշտ էր այնպիսի հավաքներ կազմակեպել, որոնց կմասնակցեին մի քանի հազար մարդ, ու նրանց հնարավոր կլիներ ներգրավել հարկադրաբար։ Եվ ահա՝ այդպիսի ձևաչափ գտնվեց։

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նոյեմբերի 22-ին տեղի ունեցավ ՀՀ պետական մարմինների ներկայացուցիչների առաջին համաժողովը։ Միջոցառմանը ներկա էին Հանրապետության նախագահը, վարչապետը, ԱԺ նախագահը, ՍԴ նախագահը, օրենսդիր, գործադիր, դատական, իրավապահ, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման, անկախ և ինքնավար մարմինների, հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ, զինծառայողներ, ոստիկաններ, փրկարարներ, կրթական, մշակութային, առողջապահական հաստատությունների աշխատակիցներ, ուսանողներ, աշակերտներ, ավելի քան 7 հազար մարդ։

Այս համաժողովի ակնհայտ նպատակը վարչապետի մեկ ժամանոց եկույթը լսելն էր։ Համաժողովն, ըստ էության՝ նախընտրական դահլիճային հանրահավաք էր, որին մասնակցում էին հարկադրաբար։ Այսինքն՝ ՔՊ-ն իր նախընտրական հավաքին մասնակցող մարդկանց ներգրավել է հարկադրաբար։

Հատկապես մտահոգիչ է աշակերտների մասնակցությունն այս քաղաքական միջոցառմանը։ Աշակերտնե՞րն էլ են ՀՀ պետական մարմինների ներկայացուցիչ։ Նկատենք, որ անչափահասին քաղաքականության մեջ ներգրավելը թույլատրելի չէ։ Քաղաքականությամբ կարող են զբաղվել 18 տարեկան լրացած քաղաքացիները։ Սակայն այս արգելքը, հավանաբար, չի կաշկանդում ՔՊ-ին դահլիճն ամեն գնով լցնելու հարցում։

Այս մեծ միջոցառման վրա, հավանաբար, ծախսվել են հարկատուների մեծ միջոցներ։ Քննադատաբար կարելի է ասել, որ իշխանություններն անխնա մսխել են հարկատուների միջոցները։ Ի՞նչ իմաստ ուներ 7 հազար հոգու քարշ տալ Համալիր ու անունը դնել «ՀՀ պետական մարմինների ներկայացուցիչների առաջին համաժողով»։ Նիկոլ Փաշինյանի ասելիքը ժողովրդին հասցնելու էժան ճանապարհներ կան։ Նա կարող էր լայվ մտնել և կարդալ իր ելույթը՝ այն հասցեագրելով պետական մարմինների աշխատողներին։ Կարող էր ռադիոյով, հեռուստատեսությամբ տարածել իր տեսաուղերձն ու հասցեագրել պետական մարմինների աշխատողներին, ուսանողներին ու աշակերտներին։ Ինչո՞ւ էին այսքան ծախս արել, մարդկանց բերել, հասցրել Համալիր։

Ենթադրելի է, որ Փաշինյանն այս համաժողովով փորձել է ցույց տալ, որ 7000 հոգի կարող է իր խոսքը խելոք նստած, սուս, ուշադիր, լայն բացած աչքերով լսել։ Այսինքն՝ մարդիկ իրեն լսում են։ Նա ունի լսարան։ Պետական մարմինների աշխատողները, ներառյալ ուսանողներն ու աշակերտները, Փաշինյանի խոսքը լսում են։ Սա էր համաժողովի հիմնական թիրախը։ Իսկ տեսաուղերձով չէին կարող ապացուցել, որ մի քանի հազար մարդ իրոք լսեց Փաշինյանի ելույթը։

Համաժողովը նաև յուրատեսակ ուժի ցուցադրությունն էր, որը մյուս կուսակցությունները չեն կարող կրկնել։ Օրինակ՝ խորհրդարանական ընդդիմությունը կամ նոր ձևավորվող ուժերը չեն կարող 7 հազար հոգու հարկադրաբար հավաքել մի դահլիճում, առավել ևս՝ պետական մարմինների աշխատողներին։ Չեն կարող ոչ թե այն պատճառով, որ այդքան համակիր չունեն կամ չեն կարող հավաքել, այլ այն պատճառով, որ կազմակերպիչներին կմեղադրեն՝ քաղաքական հավաքին մարդկանց հարկադրաբար ներգրավելու հոդվածով, պետական աշխատողներին գործից կհանեն ընդդիմության հավաքին մասնակցելու համար ու այդպիսով կփչացնեն նման միջոցառումները։

Նիկոլ Փաշինյանն այսպիսով նաև փորձում է գաղափարապես մարզել վարչական ռեսուրսը, որն իշխանությունների ավանդական զենքերից է վերարտադրության հարցում։

Պարզ ասած՝ պետք էր ամրացնել վարչական ռեսուրսը, որ 2026-ին մեկ մարդու պես, նվիրված, համոզված աշխատեն ՔՊ-ի օգտին։ Վարչական ռեսուրսն այսպիսով՝ կձևափոխվի ու դառնա իշխանության կուսակցության նվիրյալների բանակ։ Եվ այդ ժամանակ ոչ ոք չի կարողանա ՔՊ-ին մեղադրել, թե նա վարչական ռեսուրս է կիրառում, այդպիսով՝ կեղծում ընտրությունների արդյունքները։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին

Ձեզ գուցե հետաքրքրի