Վերջին օրերին ադրբեջանական հարթակներում Արցախը ներկայացվում է որպես նոր և բացառիկ տուրիստական ուղղություն, իսկ նման գովազդերը հայտնվում են նաև հայ օգտատերերի էջերում։
Տեքստերում և գովազդային կարգախոսներում Արցախն առաջին հերթին ներկայացվում է որպես այցելուների համար հասանելի տարածաշրջան՝ առանձնահատուկ պատմությամբ և բազմաշերտ մշակույթով։ Ամենաուշագրավը և աչքի զառնող փաստը գովազդի նկարն է, որտեղ Ստեփանակերտի խորհրդանիշ հանդիսացող «Մենք ենք մեր սարերը» հուշարձանն է՝ ժողովրդին առավել հայտնի «Դեդո-բաբո»-ի արձանը։
Հայ հանրության շրջանում այս երևույթը խորը դժգոհություն է առաջացրել։ Քննադատները նշում են, որ մինչ հայ հասարակությունը շարունակում է վերապրել պատերազմի հետևանքով հոգեբանական և սոցիալական ցնցումները, ադրբեջանական կողմը փորձում է միջազգային տիրույթում ամրապնդել սեփական աշխարհաքաղաքական և մշակութային նարատիվները՝ Արցախի բռնի զավթումը ներկայացնելով որպես «զարգացման նոր հնարավորություն», ավելին՝ դրանք տարածվում են նաև հայերի շրջանում։
Սոցցանցերում լայն տարածում գտած ադրբեջանական գովազդային կարգախոսներից մեկը՝ «Following Karabakh victory, join us to be among the first travelers…», հայ օգտատերերի շրջանում ընկալվել է որպես սադրանք և ցավոտ հիշեցում տեղի ունեցածի մասին։ Վերջիններս ընդգծում են, որ տարածաշրջանի ներկայացումը որպես «ադրբեջանական պատմական զբոսաշրջային ուղղություն» անտեսում է հայերի նկատմամբ իրականացված բռնաճնշումները և տեղահանումը։
Oragir.News-ը թեմայի շուրջ զրուցեց Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանի հետ։
«Նախ՝ պետք է հասկանալ, որ այս տուրերը կազմակերպվում են Ադրբեջանի հատուկ ծառայությունների և պետական մարմինների կողմից։ Սա բիզնես նախաձեռնություն չէ, այլ պետական կառավարվող գործընթաց։ Եվ հետաքրքիր է, որ այդ այցելությունները վճարովի են։ Չնայած Ադրբեջանը մշտապես հայտարարում էր, թե դա իրենց «պատմական հողն» է, ստացվում է՝ սեփական քաղաքացիներին այդ «պատմական հող» վերադարձը վաճառվում է»,- նշեց Դավթյանը։
Փորձագետի խոսքով՝ Արցախում գործում է ներքին վիզայի ռեժիմ, ինչը ևս մեկ անգամ վկայում է, որ խոսքը սովորական տուրիզմի մասին չէ։ «Օկուպացված Արցախի ամբողջ տարածքում գործում է ներքին վիզայի կարգավիճակ։ Առանց համապատասխան պետական մարմնի տված թույլտվության՝ այդ այցերը անհնար են։ Դրանք պետք է գրանցվեն մեկ-երկու ամիս առաջ, ներկայացվի անձնական ամբողջական տեղեկատվություն, ստուգվի՝ արդյոք անձը վտանգ չի՞ ներկայացնի ռեժիմի համար։ Սա սովորական զբոսաշրջություն չէ»,— ասում է նա։
Գառնիկ Դավթյանն ուշադրություն է հրավիրում նաև Արցախի խորհրդանիշ լուսանկարի, մասնավորապես՝ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի օգտագործման հոգեբանական բաղադրիչի վրա. «Այդ պատկերների կիրառումը սոցիալ–հոգեբանական նշանակություն ունի հենց ադրբեջանական հասարակության համար։ Նրանք փորձում են ցույց տալ, որ այդ տարածքում հայկական ոչինչ չի եղել։ Ցանկացած ծառ, քար, շինություն ներկայացվում է որպես ադրբեջանական։ Միևնույն ժամանակ դա ուղղված է հայկական հանրությանը՝ սեփական ներկայությունը ցուցադրելու ու հոգեբանական ճնշում գործադրելու համար»։
Մեր զրուցակցի խոսքով՝ Ադրբեջանի հասարակության մեջ տարիներ շարունակ առկա «մի վերադարձի» բարդույթն այսօր իրականացվում է հենց այսպիսի նկարներով, որոնք հանդես են գալիս որպես ինքնահաստատման միջոց։ «Սա պետական քարոզչության մաս է և ունի ապագայի համար հստակ պլաններ։ Դրանք այս պահին ամբողջությամբ տեսանելի չեն, բայց միանշանակ ուղղված են ներսում համապատասխան տրամադրություններ ձևավորելուն»,- ընդգծում է նա։
Անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս է Արցախի վերաբերյալ գովազդը հայտնվում հայկական օգտատերերի էջերում՝ Դավթյանը նշում է, որ այս դեպքում հնարավոր է մի քանի բացատրություն։ «Ես չեմ խորանա տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագիտական դաշտ։ Բայց հնարավոր է, օրինակ, հետևյալը․ Ադրբեջանից եկող քաղաքացիները կարող են ներկայանալ որպես այլ երկրի քաղաքացիներ, գնել հայկական հեռախոսահամար և այդ հեռախոսահամարով տեղադրել գովազդ։ Սա հիպոթետիկ տարբերակ է, բայց հնարավոր»։
Մյուս տարբերակը՝ գովազդային հարթակների տեխնիկական հնարավորություններն են․ «Գովազդն ակտիվացնելու համար պարտադիր չէ տվյալ երկրի քաղաքացի լինել։ Կարելի է պարզապես նշել, թե որ երկրում ես ուզում, որ գովազդը երևա։ Այսինքն՝ որևէ «միստիկ» բան այստեղ չկա»,- եզրափակեց նա։