Ներքին 6 ամիս առաջ - 16:30 13-11-2025

Բեթինգի գովազդն արգելված չէ, եթե այն համացանցում չէ

Հայաստանի Հանրապետությունում դեռևս 2022 թվականի մարտից արգելվել է ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղի ցանկացած տեսակի գովազդերը։ Ակնկալվում էր, որ օրենսդրական հիշյալ փոփոխություններից հետո, որոնք առաջին հերթին հարվածեցին լրատվամիջոցներին, նախորդ 3 տարում որևէ տեսակի գովազդի չպետք է հանդիպեինք, սակայն իրականությունը բոլորովին այլ բանի մասին էր։

Oragir.News-ը դեռ 2024 թվականի հունիսի 1-ին հայտնել էր, որ նույն թվականի մայիսի 30-ին և 31-ին Երևանում անցկացվել է ռուսական MAC (MAC Affiliate Conference in Armenia) համաժողովը, որի մասնակիցների մեծ մասն առցանց խաղատներն էին, չնայած այն բանին, որ օրենքով առցանց խաղատների գործունեությունը սահմանափակված էր, գովազդը՝ արգելված։ Էկոնոմիկայի նախարարությունից մեզ այն ժամանակ հայտնել էին, որ միջոցառման հետ որևէ առնչություն չունեն, սակայն, «զարմանալիորեն» միջոցառման անվտանգությունը Ոստիկանությունն էր ապահովում։ Սրանից եզրակացրել էինք, որ միջոցառումն իրականում անցկացվել է իշխանությունների «դաբրոյով»։

Ամիսներ անց՝ 2024-ի օգոստոսի 26-ին, մեր տեսախցիկը ֆիքսել էր, որ Մարզահամերգային համալիրի հարակից տարածքում տեղադրված միջոցառման գովազդային վահանակի վրա, ընդ որում՝ բավականին տեսանելի հատվածում, առկա է ռուսական Winline ընկերության գովազդը, ինչը ևս օրենքն արգելում է։ Բացի այդ, միջացառման մասնակիցներից ստացել էինք տարբեր տեսանյութեր, որոնցում երևում է, որ խաղերի ընթացքում նույնպես ռուսական բուքմեյքերական ընկերությունը բազմիցս գովազդվել է։ Այս դրվագով էլ Երևանի քաղաքապետարանից մեզ հայտնել էին, որ խնդիրը ոչ թե իրենց, այլ Մարզահամերգային համալիրի ղեկավարության տիրույթում է, իսկ Մարզահամերգային համալիրի ղեկավարությունն էլ մեր բազմաթիվ հեռախոսազանգերն անպատասխան էր թողել։

2025 թվականի հունվարի 12-ին էլ բեթթինգի հերթական գովազդն էինք ֆիքսել մայրաքաղաքի ամենախոշոր առևտրի կենտրոններից մեկում՝ Dalma Garden Mall-ում։ Այստեղ բավականին տեսանելի հատվածում տեղադրված էր ցուցապաստառ, որի վրա առկա էր ռուսական BetBoom ընկերության գովազդը։ Այս դրվագով այլևս չէինք փորձել պատկան մարմիններից մեկնաբանություն ստանալ, քանի որ նախորդ դեպքերում արդեն համոզվել էինք, որ վերջիններս պատասխանատվությունը բարդում են մեկը մյուս վրա՝ այդպես էլ չպատասխանելով, թե ում թույլտվությամբ են դրանք հայտնվում մայրաքաղաքի ամենաբանուկ հատվածում և մարզերում։

Միջանկյալ նշենք, որ մեր գործունեության նախորդ երեք տարիներին նմանատիպ բազմաթիվ գովազդերի ենք հանդիպել, որոնք չենք հանրայնացրել։

Oragir.News-ը թեմային գուցե հերթական անգամ չանդրադառնար, եթե ահազանգեր չստանար, որ սեպտեմբեր ամիսն Հայաստանում կրկին անցկացվել է առցանց խաղատների MAC Affiliate Conference in Armenia համաժողովը, իսկ դրա գովազդը տեղադրված է եղել հանրապետության տարբեր հատվածներում։ Բացի այդ, այս տարի համաժողովի մասնակիցների ու ներկայացվող ծառայությունների թիվը նախորդ տարվա համեմատ շատ ավելի մեծ է եղել․ եթե 2024-ին մասնակցում էին 100 ընկերությունների շուրջ 2500 մասնակիցներ, ապա այս տարի ընկերությունների թիվը գերազանցել է 200-ը, մասնակիցներին՝ 3000-ը։

Oragir.News-ը Էկոնոմիկայի նախարարությունից հետաքրքրվեց, թե գերատեսչությունն ի՞նչ միջոցներ է ձեռնարկել՝ նախորդիվ մեր կողմից հրապարակված դեպքերի կրկնությունը կանխելու, ինչպես նաև դրանց հեղինակներին պատասխանատվության ենթարկելու նպատակով։ Քանի որ դիմել էինք նախքան միջոցառման անցկացումը, հետաքրքրվել էինք նաև, թե ի՞նչ քայլեր են նախատեսում ձեռնարկել՝ միջոցառման անցկացումը և հատկապես դրա գովազդը թույլ չտալու նպատակով, քանի որ դա արգելված է 2022 թվականի մարտին ընդունված օրենքով։ Ի պատասխան՝ մեզ խնդրել էին գրավոր հարցում ուղարկել, որն էլ ուղարկելուց օրեր անց՝ երբ միջոցառումն արդեն իսկ տեղի էր ունեցել, մեզ տեղեկացրել էին, որ խնդիրը գտնվում է Պետական եկամուտների կոմիտեի իրավասության ներքո։

Այնուհետև նույն հարցումն ուղարկեցինք ՊԵԿ, որի Խաղային վերահսկողության վարչությունից բավականին ուշագրավ պատասխան ստացանք․

Մասնավորապես՝ ՊԵԿ-ից մեզ պատասխանել են, որ «Գովազդի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ գովազդը տարբեր տեսակի տեղեկատվական միջոցների օգնությամբ իրավաբանական կամ ֆիզիկական անձանց ապրանքների, գաղափարների կամ նախաձեռնությունների մասին տեղեկությունների տարածումն է անորոշ թվով անձանց շրջանում, որը կոչված է ձևավորելու կամ հետաքրքրությունը տվյալ ֆիզիկական և իրավաբանական անձի, ապրանքների կամ նախաձեռնությունների նկատմամբ։ Պատասխանում նշվել է, որ Oragir.News-ի մատնանշած MAC Affiliate Conference in Armenia կոնֆերանսներին մասնակցելու համար պաշտոնական կայքէջում սահմանված են եղել տոմսերի և տաղավարների ամրագրումների գներ՝ 249-1599 ԱՄՆ դոլարի սահմաններում, ինչից էլ եզրակացրել են, որ գովազդերը չեն եղել անորոշ թվով անձանց շրջանում, հետևաբար՝ չեն հակասել վերոհիշյալ օրենքին։

Գերատեսչությունից մեզ տեղեկացրել են նաև, որ մեր կողմից ներկայացված նյութերում երևում է, որ համացանցի միջոցով գովազդ չի իրականացվել, իսկ ՊԵԿ-ին վերապահված է բացառապես համացանցի տիրույթում իրականացվող գովազդի նկատմամբ վերահսկողությունը։

ՊԵԿ-ից վստահեցրել են նաև, որ իրականացնում են ոլորտի ուսումնասիրություններ և մշտադիտարկումներ, որի արդյունքում առանց պետական գրանցման և ՀՀ օրենսդրությամբ սահմանված համապատասխան լիցենզիա չունեցող կազմակերպությունների կողմից խաղատան, վիճակախաղի, շահումով և ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման բացահայտման դեպքում ձեռնարկվում են համապատասխան հսկողական միջոցառումներ։

Այսպիսով, դատելով մեզ տրամադրված պատասխաններից, գալիս ենք այն եզրակացության, որ Հայաստանում ըստ էության ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղի ցանկացած տեսակի գովազդերն արգելվել են բացառապես օնլայն տիրույթում՝ լրատվամիջոցների ֆինանսական հոսքերը սահմանափակելու և վերջիններիս ֆինանսական կախվածության մեջ դնելու նպատակով, իսկ օֆֆլայն գովազդը ոչ միայն արգելվում, այլև վերահսկողությունից դուրս է։ Սա նշանակում է, որ նման գովազդերը կարող են հայտնվել ոչ միայն Մարզահամերգային համալիրի հարևանությամբ, այլև հանրապետության ամենաբանուկ մյուս հատվածներում։

Մյուս կողմից, հերթական անգամ համոզվում ենք, որ Հայաստանում դաշտի գործունեության սահմանափակումը և գովազդի արգելումը ոչ միայն չի նպաստել առկա խնդիրների լուծմանը, այլև նորերն է ստեղծել։ Օրենսդրական խստացումներից հետո ստեղծվել են անհավասար պայմաններ, երբ տեղական ընկերությունների գործունեությունը սահմանափակվել է, նրանց կողմից ստեղծված աշխատատեղերի թիվը, հետևաբար նաև պետբյուջե կատարվող հարկային մուտքերը զգալիորեն նվազել են, փոխարենը խիստ շահեկան՝ փաստացի օրենքից վեր կարգավիճակում են հայտնվել օտարերկրյա ընկերությունները։ Վերջիններս առ այսօր ազատորեն գովազդում են իրենց ծառայությունները, միլիոնավոր դոլարների եկամուտներ ստանում և խուսափում հարկերից։

Ակնկալում ենք, որ ոլորտի պատասխանտուներն իրենց գործողություններում և որոշումներում հիշյալ իրողությունները հաշվի կառնեն, ինչը կբխի թե՛ ոլորտային ընկերությունների, թե՛ Հայաստանի Հանրապետության և նրա քաղաքացիների լավագույն շահից։

Ստորև ներկայացնում ենք նաև ՊԵԿ-ից մեզ փոխանցված պատասխանն ամբողջությամբ․





Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»