Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 6 ամիս առաջ - 22:39 12-11-2025

Փաշինյանի պատասխանը նախագահներին, Անդրանիկ Քոչարյանը չներվեց, ընդդիմադիրներին ճնշում են․ Ամփոփ լուրեր

Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է նոյեմբերի 12-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում՝ լրագրողների հետ ունեցած զրույցում հայտնել է, որ սահմանազատման արդյունքում պետք է վերաարձանագրվի Ալմաթիի հռչակագրի հիման վրա երկրների տարածքային ամբողջականության ուրվագիծը, որից հետո կքննարկվեն բոլոր կոմբինացիաները։ Անդրադառնալով այսպես կոչված անկլավներն Ադրբեջանին հանձնելու կամ դրանք Արծվաշենի հետ փոխանակելու հարցին՝ Փաշինյանն ասել է, որ տարածքի փոխանակում առանց ՀՀ քաղաքացիների դիրքորոշման հնարավոր չէ անել, իսկ հնարավոր սցենարների մասին կոնկրետ համաձայնություն չկա։ Ինչ վերաբերվում է, որ Արցախի հարցով բանակցային փաստաթղթերը հրապարակելուն, Փաշինյանը նշել է, որ դա տեղի կունենա տարեվերջին։ «Ես նախկինում էլ եմ ասել, որ կհրապարակեմ բանակցային փաստաթղթերը, բայց դրա տերը միայն մենք չենք: Ենթադրվում է, որ մինչև տարվա վերջ ԵԱՀԿ Մինսկի խումբը կլուծարվի և այդ բարոյական և քաղաքական արգելքը կվերանա։ Այսինքն, այդ սուբյեկտը չի լինի, և մենք ազատ կլինենք այդ թղթերը հրապարակել: Իսկ Սերժ Սարգսյանի նամակը՝ ուղղված այլ երկրի ղեկավարի, ես խնդրել եմ գաղտանզերծման գործընթաց լինի, կհրապարակեմ, կտեսնեք»,- նշել է նա: Մեղադրանքին, թե Արցախյան 44-օրյա պատերազմի օրերին ինքը հրաժարվել է ՌԴ ղեկավարությանը տեղեկացնել, որ նախկին նախագահները ցանկանում են այցելել այնտեղ՝ Փաշինյանն ասել է․ «Ես անգամ օդանավ եմ տրամադրել, որի վրա գրված է «Հայաստան», ասել եմ՝ ուր ուզում եք, գնացեք։ «Այսինքն՝ ի՞նչ է նշանակում տեղյակ պահել, տեղյակ պահելը ո՞րն է, ասեմ՝ իրենք 3-ով են ՀՀ վարչապե՞տը: ՌԴ գործընկերներին ասեի՝ տրիումվիրա՞տ ա ձևավորվել, իրենք երեքո՞վ են ներկայացնում Հայաստանը, երեքով վարչապետ են»,։

Նիկոլ Փաշինյանն այդպես էլ չմասնակցեց Ազգային ժողովի նիստի այն հատվածին, որտեղ ելույթ էր ունենում Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Փաշինյանը դահլիճ վերադարձավ, երբ Քոչարյանն արդեն ավարտել էր ելույթը և պատասխանում էր պատգամավորների վերջին հարցերին։ Կառավարության ղեկավարը, ով նիստի հենց ամենասկզբից ԱԺ-ում հետևում էր բոլոր զեկույցներին ու ելույթներին, այսպիսով, փաստորեն, բոյկոտեց Քոչարյանին։ Անդրանիկ Քոչարյանը մինչ այս ճիշտ ժամանակին չէր ներկայացել Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ ԱԺ նիստին։ Անդրանիկ Քոչարյանի անունը հնչեցնելուց և նրա չներկայանալուց հետո Ալեն Սիմոնյանը նախատեսվածից շուտ՝ ԱԺ կանոնակարգի համաձայն ընդմիջում հայտարարեց։ Ուղիղ հեռարձակման դադարից հետո լրագրողներն արձանագրեցին, որ Քոչարյանի և Փաշինյանի միջև քննարկում է սկսվել, և Փաշինյանը բարկացել է։ Անդրանիկ Քոչարյանն ընդմիջման ավարտից հինգ րոպե շուտ ժամանեց ԱԺ դահլիճ, ելույթից առաջ էլ հատուկ ներողություն խնդրեց Նիկոլ Փաշինյանից ու մյուս գործընկերներից, միաժամանակ, մեղադրեց ԱԺ քարտուղարությանը, որ իրեն պատշաճ չեն տեղեկացրել իր ելույթի ժամանակահատվածի մասին, բայց սա չփրկեց իրավիճակը։ Ըստ էության, Փաշինյանն այդպես էլ չներեց Անդրանիկ Քոչարյանին։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից և Արագածոտնի թեմից ավելի քան 8 հոգևորականի կանչել են ՀՀ քննչական կոմիտե։ Այս մասին հայտնում է փաստաբան Արա Զոհրաբյանը, ում խոսքով՝ հոգևորականներին ՔԿ– են կանչել Նաթան սրբազանին առնչվող ձայնագրության հետ կապված քրեական վարույթի շրջանակում։ «Այս պահին նրանք վկայի կարգավիճակով են»,- հայտնեց Զոհրաբյանը։ Փաստաբանը նշեց՝ քննչական կոմիտե են կանչվել ոչ միայն քահանաներ, այլև բարձրաստիճան հոգևորականներ։ Ըստ նրա՝ հոգևորականները ՔԿ պետք է ներկայանան այսօր և վաղը։ Հիշեցնենք` հոկտեմբերին իշխանական ԶԼՄ-ները 2023 թվականին արված ձայնագրություն տարածեցին, որում Գարեգին Երկրորդի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանը Մայր աթոռի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի հետ զրույցում դժգոհում է, թե կաթողիկոսը ստիպում է մասնակցել հակաիշխանական ցույցերի: Հոկտեմբերի 17-ին հայտնի դարձավ, որ աղմկահարույց ձայնագրության հիմքով քրեական վարույթ է նախաձեռնվել։

Այսօր մի խումբ քաղաքացիական անձինք առևանգել են «Մայր Հայաստան» կուսակցության աջակից բլոգեր Օնո Հարությունյանին։ Այս մասին տեղեկացրել է կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը, ում խոսքով՝ իրենց աջակցին տարել են Էջմիածնից։ «Շտաբի դիմաց մայթին կանգնած է եղել, ընկերուհու հետ է եղել, նրա աչքի առաջ գցել են գետնին ու տարել: Քաղաքացիական հագուստով անձինք գետնին տապալելով տարել են: Ֆիզիկական ուժ կիրառելով՝ կարելի է ասել մեքենայի մեջ են շպրտել: Մեզ ասել են, որ ոստիկանության բաժին են տարել», - մանրամասնեց Թևանյանը: «Մայր Հայաստան»-ը մասնակցում է Վաղարշապատի ընտրություններին, կոշտ քննադատում են Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմին, որ նույնպես պայքարում են համայնքապետի պաշտոնի համար: Կուսակցության առաջնորդը պնդում է՝ թիմակցին առևանգել են քաղաքական նկատառումներով: «Հայտնի բլոգեր է Էջմիածնում, տարիներ շարունակ քննադատել է «Քաղաքացիական պայմանագրին», հիմա էլ մեզ է աջակցում, այսպիսով փորձում են վախի մթնոլորտ ձևավորել՝ հասկանալով, որ պարտվելու են Վաղարշապատում», - նշեց Թևանյանը: Մի քանի օր առաջ էլ «Մայր Հայաստան»-ը հայտնել էր, որ իրավապահները քրեական գործ են հարուցել իրենց ցուցակի առաջին ու երկրորդ թեկնածուների դեմ, որ նախկին համայնքապետեր են եղել: Վաղարշապատի համայնքապետի ընտրությունները կկայանան այս կիրակի՝ նոյեմբերի 16-ին են:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
18:51 Փաշինյանի աջակիցները լինում են նաև ռուսական համարանիշներով
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից