Ներքին 6 ամիս առաջ - 17:50 10-11-2025

Վարդան Ղուկասյանը բժշկական օգնության կարիք ունի, որը ՔԿՀ-ում չի կարող ստանալ. փաստաբան

«Վարդան Ղուկասյանը առողջական լուրջ խնդիրներ ունի, պետք է մշտապես հսկողության տակ լինի, իսկ քրեակատարողական հիմնարկը նման մասնագետներ չունի։ Ու՞մ հսկողության տակ է լինելու էդ մարդու առողջությունը»,-Oragir.News-ի հետ զրույցում հայտնել է Գյումրիի քաղաքապետի փաստաբանը`Արամայիս Հայրապետյանը։

Փաստաբանի խոսքով` անգամ թույլ չեն տալիս, որ իր միջոցներով բժշկական հետազոտություն անցնի։

«Թե ինչու թույլ չեն տալիս, դա կարող է տարբեր պատճառներ ունենալ` սովորական անօրինակությունից, մինչև պլանավորված գործողություն։ Ցանկացած պատճառ կարող է լինել»,-շարունակում է Հայրապետյանը։

Արամայիս Հայրապետյանը մատնանշում է դեպքեր, երբ կալանավորված անձը առողջական խնդիրներ է ունեցել, բայց չի ցուցաբերվել պատշաճ բժշկական օգնություն, արդյունքում ողբերգություն է տեղի ուենցել։ Խոսքը վերաբերվում է գեներալ Մանվել Գրիգորյանին, ընդդիմադիր գործիչ Արմեն Գրիգորյանին։

«Աստված տա, որ նրանց մտքում նման դիտավորություն չլինի, բայց ողջամիտ կասկածների տեղիք կա։ Ես շաբաթ օրն եմ տեակցել Վարդան Ղուկասյանին, իրենք օգտվում են առիթից, որ Վարդան Ղուկասյանը ամեն ինչի մասին չի բարձրաձայնում, դժգոհություն չի հայտնում։

Մարդուն դնում են ֆիզիկական և հոգեբանական վատ վիճակի մեջ։ Դուք պատկերացնում եք հարազատների համար ինչ ծանր է։ Պաշտպաններից ասենք ստացան տեղեկություն, բայց պաշտպանը բժիշկ չէ։Թույլ չեն տալիս, որ մասնագետը հասանելիություն ունենա և մարդուն զննի։ Հետևաբար սա կոնվենցիայի 3-րդ հոդվածով անմարդկային է ոչ միայն Վարդան Ղուկասյանի, այլ նաև նրա հարազատների հանդեպ»,-շարունակում է Գյումրիի քաղաքապետի փաստաբանը։
Վարդան Ղուկասյանի փաստաբանի խոսքով` կալանքի միջնորդության ժամանակ ներկայացվել են Գյումրիի քաղաքապետի առողջական վիճակին առնչվող փաստաթղթերը։

«Հարցը այն է, որ հիմա իր վիճակը ավելի վատ է, քան կալանքի միջնորդությունը քննարկվելու ժամանակ։ Նոր հետազոտության կարիք կա և այդ հետազոտության արդյունքներին ծանոթանալու և դրանց հիման վրա բժշակական օգնությունով ապահովելու կարիք կա։ Վարդան Ղուկասյանը այ դրանից է զրկված։ Ընդ որում Ղուկասյանին ապօրինի կերպով պահում են կալանքի տակ»։
Արամայիս Հայրապետյանի խոսքով` քրեադատավարական և քրեաիրավական միջոցները կիրառվում են քաղաքական նպատակներով։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ին կտրուկ վատացել էր Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը, որը գտնվում էր Երևանի «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում։ Նրան տեղափոխել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։