Առանց ժողովրդականության՝ քաղաքական գործիչը հաջողության չի կարող հասնել։ Այս պատճառով բոլոր քաղաքականն գործիչներն էլ ձգտում են նվաճել ժողովրդի համակրանքը, սերը, քանի որ այդ համարանքն ու սերը վերածվում են ընտրողի քվեի և քաղաքական գործչին տալիս մանդատ, պորտֆել, իշխանություն։
Նկատենք, որ ամեն քաղաքական գործիչ յուրահատուկ կերպով է արտահայտում իր սերը ժողովրդի նկատմամբ։ Օրինակ՝ Նիկոլ Փաշինյանը սրտիկ է ցույց տալիս առավոտյան, ելույթները սկսում է, ասելով՝ «սիրելի ժողովուրդ»։ Սա անում է, որ ժողովրդի սիրուն արաժանանա, քանի որ սերը, որպես կանոն, փոխադարձ է։
Իսկ ի՞նչ են անում ընդդիմադիր գործիչները, իշխանության մյուս հավակնորդները, մասնավորապես՝ Սերժ Սարգսյանը, որը նախօրեին 6-ժամանոց հարցազրույց է տվել։
Ներկայումս երրորդ նախագահը ցածր վարկանիշ ունի։ Գուցե նա կարողանա կրկնել 2021-ի հաջողությունը և մի քանի հանրապետական մտնի խորհրդարան։ Սակայն մեծ արդյունքի հասնելու համար նրան անհրաժեշտ է մեծ ժողովրդականություն։ Պատկերավոր ասած՝ Սերժ Սարգսյանը սիրո կարիք ունի։ Ի՞նչ կարող է անել Սերժ Սարգսյանը, որ ժողովուրդն իրեն սիրի։
Ընտրարշավը, ըստ էության, մեկնարկել է։ Հիմնական հավակնորդները հայտարարել են մասնակցության մտադրության մասին։ Օրինակ՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեծ ասուլիս հրավիրեց, պատասխանեց բազմաթիվ լրատվամիջոցների հարցերին, որոնք շատ տարբեր էին։ Յուրաքանչյուրը հնարավորություն ուներ սուր հարցեր ուղղել իշխանության հավակնորդին, խորհրդարանական ընդդիմադիր ուժի առաջնորդին։ Վերջինս էլ պատասխանում էր՝ առանց խտրության։
Նույնը կարող էր կազմակերպել նաև Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ հրավիրել մեծ ասուլիս, պատասխանել տարբեր լրատվամիջոցների հարցերին։ Այսպիսի ներկայացումն ավելի տպավորիչ կլիներ։ Սրա փոխարեն նա նախընտրեց պոդքասթ երկու հոգու հետ։ Նոյեմբերի 7-ին ներկայացված պոդքասթն էապես տարբերվում էր ասուլիսից ոչ միայն նրանով, որ հարց տվողներն ընդամենը երկուսն էին, այլև առաջին հերթին նանով, որ հարց տվողները հիանում էին իրենով, առանձնակի սիրով, ջերմությամբ էին լցված, ստեղծում էին պատկեր, թե մարդիկ Սերժ Սարգսյանին սիրում են։
Եթե սա նախավարժանք էր մեծ ու ներկայանալի ասուլիսից առաջ, ապա արդարացված էր այսպիսի ձևաչափը։ Եթե այսպիսով փորձում էին ստուգել, թե մեկնարկային ինչ վարկանիշ ունի Երրորդ նախագահը, ապա դարձյալ վատ չէր։ Իսկ եթե այսուհետև ևս հանրության հետ շփվելու միջոց է ընտրվելու միայն այս ձևը, ապա կարելի է ենթադրել, որ նա չի ձգտում մեծ արդյունքների, արժանանալու ընտրողների մեծ մասի վստահությանը։
Ավելին՝ կարելի է ասել, որ չնայած՝ Սերժ Սարգսյանը, որպես հասուն քաղաքական այր, ժողովրդի սիրո կարիքն ունի, սակայն կասկածում է, որ ժողովուրդը կրկին կարող է համակրել, սիրել ու ընտրել Սերժ Սարգսյանին։ Հավանաբար՝ նա ևս կարծում է, թե ժողովուրդն իրեն չի սիրում Սեպտեմբերի 3-ի պատճառով։ Սակայն Նիկոլ Փաշինյանն ավելի մեծ, շատ ու աղետալի սխալներ է գործել։ Եթե վերջինս ամեն օր սրտիկ է ցույց տալիս, վստահություն հայտնում, թե ինքը վերընտրվելու է 2026-ին, ապա ինչո՞ւ նրանից օրինակ չվերցնեն նախկինները։ Եթե Փաշինյանն ավելի մեծ ու աղետալի սխալներ է գործել, բայց հավակնում է ընտրողի վստահությանը, ապա Սերժ Սարգսյանն ինչո՞ւ է կասկածում, որ ժողովուրդն իրեն ձայն կտա 2026-ին։
Պարզ ասած՝ եթե Սերժ Սարգսյանը հանրային սիրո կարիք ունի, ապա պետք է հանրային շփումներն ընդարձակի, չսահմանափակվի երկու հոգու հետ զրույցներով, այլ հյուրընկալվի նաև այլ լրատվամիջոցներին, կազմակերպի մեծ ասուլիսներ, հաստատապես կանգնի անկախության և ժողովրդավարության դիրքերում և ընդունի, որ սխալ ու աղետալի էին Սեպտեմբերի 3-ի գիշերային ստորագրությունը, Մարտի 16-ի ապօրինի պայմանագիրը 49 տարի դարձնելը և այլն։ Գուցե այսպիսի վերանայումներից ու սխալների ընդունումից հետո ժողովուրդը նրան դարձյալ սիրի, ու նա մյուսներից ավելի շատ քվե վաստակի 2026-ին։
Թաթուլ Մկրտչյան