Գրականագետ Սամվել Մուրադյանը Oragir.News-ի հետ զրույցում նշեց, որ Տերյանի 140-ամյակի միջոցառումները բացառիկ կարևորություն ունեն ոչ միայն գրական, այլև հոգևոր իմաստով։
«Այս իրողությունը հնարավոր չէր շրջանցել կամ թողնել սովորական ընթացքի։ Գրականագետները տարբեր ձևերով են արտահայտում իրենց վերաբերմունքը՝ զեկուցումներով, հոդվածներով կամ պարզապես ունկնդրելով։ Այս գիտաժողովը պարտադիր էր։ Այն սկսվեց Տերյանի ենթադրյալ գերեզմանին ծաղիկների խոնարհմամբ, ինչը ևս հարգանքի տուրք է մեր մեծ բանաստեղծին»,- ասաց Մուրադյանը։
Նրա խոսքով՝ հասարակությունը հաճախ Տերյանին հիշում է միայն որպես մեղմ, աշնանային ու սիրային թեմաներով բանաստեղծի, սակայն նրա ստեղծագործությունները շատ խորը և գաղափարական նշանակություն ունեն․
«Տերյանը մի ամբողջ դարաշրջան բացեց մեր գեղարվեստական մտածողության մեջ։ Դրա կարևորությունն առաջինը հասկացան Հովհաննես Թումանյանն ու Ավետիք Իսահակյանը։ Թեպետ եղել են մարդիկ, ովքեր կասկածի տակ են դրել Տերյանի՝ որպես հայ բանաստեղծի մեծությունը, սակայն Թումանյանն ու Իսահակյանը կանխել են այդ մոտեցումները»։
Գրականագետի համոզմամբ՝ Տերյանի ամենակարևոր պատգամը վերաբերում է հայրենիքի ընկալմանը․
«Տերյանը հիշեցնում էր, որ նյութական հայրենիքի կողքին կա նաև հոգևոր հայրենիք, և հենց այդ հոգևոր հայրենիքն է հավիտենական։ Նյութական կորուստները հնարավոր է փոխհատուցել, բայց հոգևոր կորուստները՝ երբեք։ Սա բանաձև է, որը սերունդները պետք է պահեն իրենց աչքի առաջ իբրև գործունեության ուղեցույց»։
Մանրամասները՝ տեսանյութում։