Համաձայն ՆԳՆ-ի՝ «Բնակչության հաշվառման կարգը սահմանելու մասին» նոր նախագծի, անձը կարող է գրանցվել իր մշտական բնակության վայրի հասցեում՝ անկախ սեփականատիրոջ կամ օրինական տիրապետողի համաձայնության առկայությունից։ Նախագծով հիմնական բնակության վայրը փոխելիս անձը պարտավոր կլինի 7 աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին տեղեկացնել։
Նախագիծն առաջին հայացքից, կարծես թե, դրական քայլ է, սակայն իրավական տեսանկյունից, պարունակում է մի շարք ռիսկեր ինչպես սահմանադրական, այնպես էլ մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից։
«ՆԺԱՐ» սահմանադրական շարժման համահիմնադիր, երկար տարիների իրավապաշտպան գործունեություն ծավալած Նինա Կարապետյանցը
Oragir.News-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ իշխանությունները փորձելու են այս նախագիծն օգտագործել որպես գործիք։
«Սա առաջին դեպքը չէ, երբ տարբեր հասցեներում հայտնվում են մեծ ցուցակներ, էսպես ասած, ժամանակավոր գրանցված մարդկանց, որոնք հետո հայտնվում են լրացուցիչ ընտրացուցակներում։
Սա մենք տեսել ենք ժամանակին։ Ավելին ասեմ․ մի միջադեպ եմ հիշում, տարեթիվը չեմ հիշում, երբ կիսաքանդ, գոյություն չունեցող շինության վրա ինչ-որ հասցեով գրանցել էին մեծ խումբ մարդկանց, և որոնք մասնակցել էին ընտրություններին»,- ասաց իրավապաշտպանը։
Ընտրակեղծիքի այս տեսակը կոչվում է «Ալի Բաբա», երբ կուսակցության ակտիվ ընտրողները քվեարկության օրվանից մի քանի օր առաջ տարբեր անուններով գրանցվում են տարբեր ընտրատեղամասերի ընտրացուցակներում և քվերակության օրը բազմապատկում թեկնածուի քվեները։
«Այսինքն՝ ամենակարևոր հարցը, որ պիտի ծագի հասարակության մոտ՝ ինչո՞ւ ընտրություններից առաջ էս պրոցեսի կարիքն առաջացավ, թող մի տարի առաջ լիներ, կամ երկու տարի հետո»,- ասաց Կարապետյանցը՝ նշելով մեկ այլ խնդիր.- «Եթե դիտարկենք սեփականատիրոջ տեսակետից՝ ինչպե՞ս են պատկերացնում, օրինակ, մարդիկ, որոնք զինակոչի ենթակա են՝ գան, գրանցվեն, հետո խնդիր առջանա իրենց գրանցումից հանելու հետ կապված։ Սեփականատերը ստիպված է լինելու դատական քաշքշուների մեջ ընկնել։ Ամեն դեպքում, իմ սեփականության իրավունքով պատկանող տարածքում բերեն մարդկանց գրանցեն՝ առանց ինձ տեղյակ պահելու, դա անթույլատրելի պրոցես է»։
Իրավապաշտպանի խոսքով՝ այս իշխանությանը վստահելն ուղղակի միամտություն է, քանի որ բավականին ցածր վարկանիշ ունի և վերարտադրվելու մոլուցքով է ապրում։
«Իսկ միգուցե էս ամեն ինչը ամբողջականության մե՞ջ նայենք ու կհասկանանք, որ պատրաստվում են մեծ թվով լցոնումնե՞ր իրականացնել։ Ոչ մի բան բացառել հնարավոր չէ»,- նկատեց մեր զրուցակիցը։
Նինա Կարապետյանցը կարևոր համարեց նոր կարգով գրանցվողների գործընթացը վերահսկելու գործիքակազմը և այդ հարցում քաղհասարակության դերը։
«Քաղհասարակության էն ներկայացուցիչները, որոնք ժամանակին խոսում էին ընտրություններում կեղծիքների մասին, արդյոք քաղահասարակության այդ ներկայացուցիչները խոսելո՞ւ են էդ խնդիրների մասին, արձանագրելո՞ւ են, գնալո՞ւ են միջազգային տարբեր դեսպանատներ ու ներկայացնեն այդ կեղծիքները։ Ես համոզված եմ, որ չեն անելու»,- եզրափակեց իրավապաշտպանը՝ հավելելով, որ վտանգը շատ մեծ է, և ընտրություններին ընդառաջ այսպիսի փոփոխության գնալը, մեղմ ասած, կասկածներ է առաջացնում։