Ներքին 1 տարի առաջ - 16:30 31-10-2025

Ընտրությունները մոտենում են․ հունվարի 1-ից թոշակներն էլ գուցե 2000-3000-ով բարձրացնեն

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2026թ պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական քննարկումների ժամանակ հայտարարել է, որ բոլոր երեխաների ծննդյան դեպքում վճարվող միանվագ նպաստի չափը նախկին 300 հազար դրամի փոխարեն կսահմանվի 500 հազար դրամ։

«Ընդհանուր առմամբ՝ լավ քայլ է։ Դա վաղուց էր անհրաժեշտ անել, որովհետև մեզ մոտ սովետական ժամանակաշրջանի համեմատ 50 տոկոսով նվազել է ծնելիությունը։ Հիմա մենք գնում ենք դեպոպուլյացիայի, երբ մահացությունները սկսում են գերազանցել ծնելիությանը տարեկան կտրվածքով։ Այնպես որ, իրոք վաղուց անհրաժեշտ էր՝ առաջին, երկրորդ, երրորդ երեխաների ծնելիությունը խթանելու նպատակով գումարներն ավելացնել»,- Oragir.News-ի հետ զրույցում կարծիք հայտնեց սոցիոլոգ և Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Գևորգ Պողոսյանը։

Սոցիոլոգը նշեց, որ ամբողջ աշխարհում, հատկապես զարգացող երկրներում, ծնելիությունը խթանող բազմաթիվ մեխանիզմներ են գործում։ Սա դրանցից մեկն է։

«Առաջինը ծնելիության խթանումն է, երկրորդը՝ երիտասարդ ընտանիքներին բնակարաններով ապահովումը, աշխատանքի և կանանց հետ կապված խնդիրները, երրորդ մեխանիզմն էլ միգրացիան է՝ դրսից աշխատուժ բերելը։ Երեք-չորս մեխանիզմներ կան, որոնք հատուկ կիրառվում են նրա համար, որ բնակչությունը չնվազի»,- ասաց նա և շարունակեց․- «Եթե ծնելիությունը միջին ծննդաբեր կնոջ հաշվարկով 1,7 է, իսկ մեզ մոտ 1,7 է, դա նշանակում է, որ բնակչության պարզ վերաարտադրություն չի կատարվում։ Որպեսզի պարզ վերաարտադրություն լինի, այսինքն՝ եթե 3 մլն ենք, հաջորդ տարի էլ 3 մլն լինենք, դրա համար պետք է 2,1 ծնունդ՝ մեկ ծննդաբեր տարիքում գտնվող կնոջ հաշվարկով։ Մեզ մոտ 2,1 չէ, 1,7 է, քիչ է ավելի։ Դրա համար, բնական է, եթե միջոցառումներ չձեռնարկվեն, գնալով նվազելու է։ Տենդենցը եթե էսպես գնա, Հայաստանի համար բնակչության թիվը 2050-2060 թթ նվազելու է՝ մինչև 1,5-1,8մլն»։

Oragir.News-ի զրուցակցի խոսքով՝ պետությունը պետք է անպայման խթանի և՛ ծնելիությունը, և՛ երիտասարդ ընտանիքներին բնակարանով ապահովելը, և՛ կանանց խնդիրների լուծումը, որոնք բազմաթիվ են, քանի որ Հայաստանում խնդիրը միայն ծնելիությունը չէ, բազմաթիվ այլ խնդիրներ կան։

Հարցին, թե ինչո՞ւ են հենց հիմա նման ծրագիր առաջ քաշում, հնարավո՞ր է դա կապ ունի առաջիկա ընտրությունների հետ, սոցիոլոգը չբացառեց՝ նշելով, որ որոշակի դիվիդենտներ քաղելու նպատակով կարող է լինել։

«Այո, չի բացառվում, որ քաղաքական գործընթացներով է պայմանավորված։ Ես չեմ կասկածում, որ հունվարի 1-ից թոշակներն էլ 2000-3000-ով բարձրացնեն։ Էդ նույն «փաթեթն է»։ Իհարկե, էստեղ քաղաքական գործոնը մեծ է։ Բնական է, բոլոր իշխանություններն էլ ընտրությունից առաջ պետք է ամեն ինչ անեն, որ իրենց ընտրազանգվածն ավելացնեն»,- եզրափակեց Գևորգ Պողոսյանը։

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա
16:28 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում