Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է հոկտեմբերի 29-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:
Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը դատական նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության վարչապետի թեկնածուն կշարունակի մնալ Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանը։ «Դեռևս Դավիթ Համբարձումյանի մասով դատավճիռը օրինական ուժի մեջ չի մտել, բնականաբար, փաստաբանները բողոքարկելու են, և այդ ընթացքում նրա բոլոր իրավունքները պաշտպանվում են։ Դավիթ Համբարձումյանը իմպիչմենտի գործով մնալու է վարչապետի մեր թեկնածուն»,– Սերժ Սարգսյանը։ Հարցին, թե արդյոք Դավիթ Համբարձումյանին կալանավորել են քաղաքական պատճառներով, երրորդ նախագահը պատասխանեց` ոչ միայն իմպիչմենտի գործընթացի, այլև նրա քաղաքական դիրքորոշման պատճառով։ «Ես խնդրել եմ մեր կուսակցությունում իրավական հարցերով զբաղվողներին փնտրել, տեսնել` արդյոք այդ հոդվածով այդպիսի պատժաչափ երբևէ կիրառվել է։ Դեռևս պատասխան չեն տվել։ Շատ դաժան որոշում են կայացրել, այն պարզ պատճառով, որպեսզի համաներումը որևէ ազդեցություն չունենա»,–ասաց Սարգսյանը։ Նրա խոսքով` այսօր իրենք այլ պլան չունեն, քան իմպիչմենտի գործընթացը առաջ տանելը։ Բայց իրենք պատրաստ են լսել ընդդիմության մյուս ներկայացուցիչների առաջարկությունները։ Սարգսյանը հավելել է նաև, որ դատական համակարգն այսօր քաղաքականացված է, և դատավճիռները կախված են մի անձի կամքից։
Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը վստահեցրել է, որ կառավարող քաղաքական ուժը գնում է ոչ թե արտահերթ, այլ հերթական ընտրությունների։ Լրագրողները հետաքրքրվել էին՝ ՔՊ-ն արտահերթ ընտրությունների՞ է պատրասվում, որ երեկ կայացած վարչության նիստում նախընտրական շտաբ է ձեւավորել։ «Կարող է այնպիսի աշխարհացունց իրավիճակ լինի, ու դրանից ապահովագրված չէ որեւէ երկիր, բայց մենք գնում ենք հունիսին կայանալիք հերթական ընտրություններին»,- մանրամասնեց նա։ Առաջիկա ընտրություններում ՔՊ-ի շտաբը ղեկավարելու է Արայիկ Հարությունյանը։ Լրագրողների դիտարկումներին՝ ՔՊ-ն կալանավորում է բոլոր ընդդիմադիրներին, ինչի՞ համար է պետք նախընտրական շտաբը, Արայիկ Հարությունյանը հակադարձեց՝ հեգնանքն ու սարկազմը տեղին չէ եւ հանցանք գործող բոլոր անձինք հայտնվում են համապատասխան տեղերում․ «Մեր մեղավորությունն այստեղ այն է, որ այդ համակարգերն այնպես արագ չեն բարեփոխվել, որ նման գործերն իրենց ժամանակին ավարտվեին, ոչ թե մի քանի տարում, որ նման խոսակցություններն ի չիք լինեին»։Լրագրողների դիտարկումներին եւ հիշեցումներին, ի պատասխան Արայիկ Հարությունյանը հայտարարեց՝ խոսքի համար մարդ չեն կալանավորում։ Պնդեց՝ կալանավորման գործառույթն իրականացնում է իրավական համակարգը, գործադիրը նման գործառույթ չունի, ինքն էլ գնահատականներ չի տալիս, իրավաչափությանը վերաբերվող հարցերը խնդրեց ուղղել իրավապահ համակարգի ներկայացուցիչներին։
Գեղարքունիքի մարզի Ճամբարակ խոշորացված համայնքի Ծափաթաղ բնակավայրում շարունակվում են 3-ամյա Տիգրան Օվանեսովի աշխատանքները։ Ծափաթաղի վարչական ղեկավար Դավիթ Գզողյանը Oragir.News-ի հետ զրույցում նշեց, որ որոնումները շարունակվում են, սակայն դեռևս ապարտյան։ «Որոնողական աշխատանքները շարունակվում են, բայց այս պահին նույնիսկ որևէ հետք չկա»,- ասաց Գզողյանը։ Տիգրանը ընտանիքի 5-րդ և ամենափոքր երեխան է։ Երեկ ժամը 18.00-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 2022 թվականին ծնված Տիգրան Օվանեսովը ժամը 16.30-ի սահմաններում կորել է։ Նշենք նաև, որ որոնման աշխատանքները ղեկավարում է Փրկարար ծառայությունը։
Մանրամասները՝ տեսանյութում: