Oragir.News-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախկին պատգամավոր Մետաքսե Հակոբյանը հայտարարեց, որ իշխանությունները շարունակաբար հետապնդում են բոլոր նրանց, ովքեր չեն համակերպվում երկրում ստեղծված իրավիճակի հետ։
«Այն մարդիկ, ովքեր չխոնարհվեցին և իրենց պահվածքով երբևէ չեն ցուցաբերել համակերպման նշույլ, դաժան հետապնդումների են ենթարկվել։ Ցավոք, մեր շարքերը գնալով պակասում են։ Բայց սա դեռ վերջը չէ։ Այս իշխանությունը յոթգլխանի հրեշի նման փորձում է հոշոտել ամեն ինչ, քանի դեռ հասարակությունն ու քաղաքական գործիչները թույլ են տալիս իրենց գոյությունը իշխանության վերնախավում»,- ասաց Հակոբյանը։
Նա ընդգծեց, որ իշխանության ճնշման տակ է հայտնվել նաև Հայ Առաքելական եկեղեցին․ «Կիրակի պատարագ է անցկացնելու կարգալույծ եղած քահանա Ստեփան Ասատրյանը։ Վստահ եմ՝ նա այդ որոշումը ինքնուրույն չի կայացրել․ իրեն թևեր են տվել, խոստումներ են տվել, և նրա մեջքին կանգնած է հենց Հայաստանի Հանրապետության ղեկավարը։ Ես չեմ զարմանա, եթե կիրակի օրը նա հայտարարի, որ ինքն է կաթողիկոսը։ Այս երկրում հիմա ամեն բան հնարավոր է, որովհետև նույն անձը ժամանակին հայտարարել էր, թե ինքը Հիսուսն է։ Եթե նա է որոշում եկեղեցու ընթացքը, ապա այն, ինչ դարերով չհաջողվեց թշնամական ցեղերին ու պետություններին, հիմա կարող է հաջողվել այս իշխանությանը։ Նրանց քայլերն ուղղված են եկեղեցու ներսից քանդմանը»,- նշեց նա։
Մետաքսե Հակոբյանը անդրադարձավ նաև Ադրբեջանի փորձագիտական խմբի՝ Հայաստան ժամանելու փաստին, որի կազմում եղել են Արցախը շրջափակած այսպես կոչված «էկոակտիվիստները»:
«Այն, ինչի մասին զգուշացնում էինք դեռևս 2018-ին, այսօր տեսնում ենք մեր աչքով։ Այն ժամանակ ասում էինք, որ իշխանությունը Հայաստանում զավթվել է Արցախը հանձնելու նպատակով։ Սա դեռ նախերգանքն էր, և այն պլանավորվել էր ոչ թե 2018-ից հետո, այլ մինչ իշխանազավթումը։ Այս մարդիկ Հայաստանում որպես իշխանություն ներդրված են թշնամու կողմից։ Երեկվա՝ Ադրբեջանի ներկայացուցիչների ընդունելությունը Անվտանգության խորհրդի քարտուղարի կողմից ևս մեկ անգամ ցույց տվեց, որ այս ամենը ծրագրավորված էր դեռևս մինչև 2018 թվականը և այսօր պարզապես իրականացվում է ըստ հրահանգի»,– եզրափակեց Արցախի նախկին պատգամավորը։
Մանրամասները` տեսանյութում: