Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 7 ամիս առաջ - 20:19 22-10-2025

Փաշինյանը գովել է Ալիևին, եկեղեցիներ ու վանքեր «կվերադարձվեն», նոր ղեկավար է պետք. Ամփոփ լուրեր

Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է հոկտեմբերի 22-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

Նիկոլ Փաշինյանն այսօր գովել է Իլհամ Ալիևին, ով ավելի վաղ հայտարարել էր, որ իր երկիրը վերացնում է դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները, և առաջին նման տարանցիկ բեռը կլինի ղազախական հացահատիկը: Ի պատասխան՝ Փաշինյանն ասել է, որ Հայաստանը հենց այսօր էլ պատրաստ է իր տարածքով ապահովել բեռնատար ավտոմեքենաների տարանցումը Թուրքիայից դեպի Ադրբեջան և Ադրբեջանից դեպի Թուրքիա։ «Չափազանց կարևոր հայտարարություն է։ Տեղի է ունենում ամիսներ առաջ անհավանական թվացող մի բան՝ Ղազախստանից Ադրբեջանով և Վրաստանով ՀՀ է ներմուծվում հացահատիկ։ Այս գործարքի համար ուզում եմ գնահատանքիս խոսքերն ուղղել նաև Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին»,- ասաց Փաշինյանը։ Նա մեջբերել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված հռչակագրի 4-րդ կետը, որը ՀՀ տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» ծրագրի մասին է, ապա հավելեց, որ այժմ Հայաստանն ԱՄՆ-ի հետ աշխատում է այս պայմանավորվածությունը կյանքի կոչելու համար։ «Ուրախ եմ նաև արձանագրել, որ Թուրքիայի հետ ՀՀ-ի ծավալած դրական երկխոսությունը հույս է տալիս, որ մենք առաջիկայում կարող ենք նաև Հայաստան-Թուրքիա սահմանի բացում ունենալ։ Բայց մինչ այդ նշեմ, որ մենք ոչ միայն քաղաքական, այլև տեխնիկական առումով պատրաստ ենք հենց այսօրվանից ՀՀ տարածքով ապահովել բեռնատար ավտոմեքենաների տարանցումը Թուրքիայից դեպի Ադրբեջան և Ադրբեջանից դեպի Թուրքիա։ Հայաստանի տարածքում թե՛ ճանապարհները, թե՛ ճանապարհային ենթակառուցվածքները պատրաստ են դրան՝ Մարգարա-Եղեգնաձոր-Սիսիան-Գորիս երթուղով»,- ասաց Փաշինյանը՝ շեշտելով, որ քաղաքական առումով Հայաստանը պատրաստ է ճանապարհ ապահովել Ադրբեջանից դեպի Նախիջևան և հակառակ ուղղություններով։

Փաշինյանը հիմա էլ պատրաստվում է այսպես ասած «վերադարձնել» այն վանքերն ու եկեղեցիները, որոնք կառավարությունն անհատույց օգտագործման էր տվել Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցուն։ Իր նոր մտադրության մասին նա հայտարարեց այսօր խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ։ «Այնտեղ, որտեղ չկա հոգևոր կյանք, այլ կան խարդավանքներ, ֆեյքերեցների խմբեր են գործում, կան բոլոր բարոյական և իրավական հիմքերը, որ մենք այդ հուշարձանները վերադարձնենք հանրությանը և Տեր Արամին ու նրա նման քահանաներին բոլոր ձևերով կաջակցենք, որ նրանք Հայաստանում վերականգնեն իրական հոգևոր կյանքը»,- ԱԺ-ում հայտարարեց Փաշինյանը։ Պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Ալխաս Ղազարյանի հարցին, թե ինչո՞ւ է ինքը որոշել մասնակցել Հովհաննավանքում Ստեփան Ասատրյանի կողմից մատուցվելիք պատարագին, Փաշինյանը հայտարարեց, թե հոգևոր կյանք է գտել Հովհաննավանքում։ Բա հերթական անգամ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին դիմեց ավազանի անունով և հայտարարեց, թե «կարգալույծը չի կարող կարգալույծ անել»։ «Նա ո՞նց կարող է մարդ կարգալույծ անել, ինքը կարգալույծ է։ Ես՝ որպես Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հավատավոր հետևորդ էս ամբիոնից հայտարարում եմ, որ Կտրիճ Ներսիսյանը վաղուց կարգալույծ է։ Ինքը հոգևոր դասի մեջ չէ, ընդամենը մարդ է, որը բռնազավթել է Մայր աթոռը մի խումբ իր նման կարգալույծ խմբակի հետ»,- հայտարարեց Փաշինյանը՝ պնդելով, որ կառավարությունը եկեղեցու հետ կոնֆլիկտ չունի, և Հայ առաքելական եկեղեցին իր սրբությունն է։ Նա հավելեց, որ կիրակի օրը ոչ միայն մասնակցելու է Հովհաննավանքի պատարագին, այլև հաղորդություն է ստանալու։

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջին կաթողիկոսը վստահ է, որ հայ ազգը նոր ղեկավարների կարիք ունի, որպեսզի երկիրը դուրս գա ստեղծված իրավիճակից։ Վեհափառն այդ մասին հայտարարել է իր գահակալության 30-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ։ «Հայրենիքը գնում է դեպի ինքնաքանդում, իսկ սփյուռքը՝ ինքնամաշում։ Պետք է այս ամենին վերջ տալ համահայկական ուժերով։ Այսօր ապրում ենք մեր պատմության խաչմերուկում: Այս իրավիճակում մենք նոր ղեկավարների, նոր մոտեցումների, նոր կեցվածքի կարիք ունենք, որպեսզի դուրս գանք ներկայիս ճահճացած վիճակից: Կրկնություններով մենք չենք կարող առաջ գնալ, մասնավորապես ներկայիս ամենօրյա փոփոխություններով լի ժամանակներում։ Չենք կարող ինքնակենտրոն և ինքնանպատակ ապրել, պետք է բացենք մեր աչքերն ու տեսնենք, թե ուր է գնում մեր ժողովուրդն ու հայրենիքը»,- հայտարարել է նա։ Վեհափառը նշել է, որ աշխարհագրական պայմանները փոփոխվում են, ու այսօր կարիք կա, որ երիտասարդները նոր շունչ բերեն, քանի որ հենց նրանք են ճանաչում ներկայիս աշխարհը։ Ըստ կաթողիկոսի` մեծ տեղ պետք է տալ երիտասարդությանը, վստահել նրանց, որովհետև նրանք են կերտելու հայ ժողովրդի ապագան։ «Երբ նույն աթոռներին նույն անձինք են նստում, որոնք նույն մտածելակերպով են կաղապարված, աթոռն էլ է մաշվում, աթոռի վրա նստողներն էլ»,- ընդգծել է Արամ Ա-ն։ Նա հավելել է, որ Հայաստանի փրկության և վերականգնման մեջ սփյուռքի դերն էական է ու առաջնահերթ, և սփյուռքը կարող է այս ընթացքը կասեցնել` չնայած տարբեր երկրներում տարատեսակ դժվարությունների ու մարտահրավերների առաջ է կանգնած։ Այժմ, ըստ կաթողիկոսի, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը սկսել է սփյուռքի վերակազմակերպման գործընթաց, քանի որ Հայաստանի հզորացումը պայմանավորված է հենց սփյուռքի հզորացմամբ։

«Քաղաքացիական պայմանագրում» կան մարդիկ, որոնց սիրտը արյուն է ուզում։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այս հայտարարությունն արեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը` անդրադառնալով Գյումրիում ծավալված աղմկահարույց իրադարձություններին։ «Այդ մարդկանց սիրտը արյուն է ուզում, «Փարաքար 2» է ուզում։ Եվ այդ ամենը ուզում էին, որ լիներ Վարդան Ղուկասյանի (Գյումրու համայնքապետ. խմբ) և Մարտուն Գրիգորյանի ընտանիքների, թիմերի միջև։ Փառք ու պատիվ մեզ, որ կարողացանք այդ սադրանքներին չտրվել, բայց հստակ երևում է, որ փորձելու են Գյումրիում ինչ-որ իրավիճակներ ստեղծել և մեզ քաշել կրիմինալ վենդետայի մեջ»,– ասաց Գրիգորյանը։ Նա նշեց, որ իր թիմի նկատմամբ տարատեսակ ճնշումներ են եղել ընտրություններից անմիջապես հետո։ «Մեկից ստացան կաշառակերի տարբերակը, ինձանից էլ երևի թե փորձելու են ստանալ կրիմինալ, կռիվ, ծեծուջարդ՝ դրանից բխող մնացած հետեւանքներով»,– հավելեց պատգամավորը։ Ինչ վերաբերում է Վարդան Ղուկասյանին ներկայացված «կաշառակերության» մեղադրանքին, ապա նա ընդգծեց, որ պետք է սպասել դատարանի որոշմանը։ «Մենք նմանատիպ ձայնագրություններ բազմիցս լսել ենք ու տեսել ենք, որ հետագայում պարզվել է` մեկը կտրված էր կոնտեքստից, մեկը՝ չգիտեմ ինչ էր եղած։ Ես այս առումով հստակ ոչինչ չեմ կարող ասել։ Եթե փաստը լինի վերջնական, որ այս ամեն ինչն իրականություն է, ուրեմն նա քաղհալածյալ չէ, իսկ եթե պարզվի, որ սարքած, կցած–կցմցած, ինչ-որ բանով սարքած, կարած գործ է, այդ պարագայում արդեն` այլ բան»,- ասաց Գրիգորյանը։ Անդրադառնալով Գյումրիում ՔՊ-ական համայնքապետ ընտրելու հնարավորությանը` նա հիշեցրեց, որ Գյումրու ավագանիում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը 14 մանդատ ունի, ընդդիմադիր ուժերը միասին՝ 19, իսկ մեծամասնություն ունենալու համար պետք է 17 մանդատ։ Նա հավելեց, որ 3 մանդատի պակասը իշխանությանը կխանգարի գործընթացը կյանքի կոչելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում: