Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվեց Արզումանյան 10 և 17 հասցեներում գտնվող 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման հարցը։ Քաղաքապետարանը նշում է, որ ծրագիրը միտված է քաղաքացիների անվտանգության ապահովմանը, սակայն մի շարք բնակիչներ և նրանց ներկայացուցիչները պնդում են, որ գործընթացն իրականացվում է անարդար պայմաններով և անորոշ հեռանկարով։
Փաստաբան Լուսինե Վիրաբյանը
Oragir.News-ի հետ զրույցում նշեց, որ քաղաքապետարանը գործել է ոչ բարեխիղճ կերպով՝ օգտվելով ստեղծված իրավիճակից։
Նրա խոսքով՝ կան նախնական պայմանավորվածություններ, որ շենքերը պետք է քանդվեն, և դրանց տեղում կառուցվեն նոր բնակարանային համալիրներ։ Իսկ կառուցապատողն, ըստ իր տեղեկությունների, լինելու է «Էմ Մայնինգ» ընկերությունը։
«Քաղաքապետարանը քաղաքացիներին առաջարկում է գույքի օտարման դիմաց ընդամենը 6 միլիոն դրամ փոխհատուցում, այն դեպքում, երբ մարդիկ առնվազն 3-4 տարի պետք է վարձակալությամբ ապրեն։ Բացի այդ, որևէ երաշխիք չկա, թե շենքերը երբ կամ արդյոք ընդհանրապես կկառուցվեն։ Քաղաքացիներին թողնում են բախտի քմահաճույքին՝ առանց ապահովագրելու նրանց սոցիալական ու գույքային ռիսկերը»,- նշեց Վիրաբյանը՝ հավելելով, որ այս պայմաններում 6 միլիոն դրամը պարզապես չի կարող ապահովել նույնիսկ վարձակալության ծախսերը բազմազավակ ընտանիքների համար։
Փաստաբանը շեշտեց նաև գույքի գնահատման անհամաչափությունը։ Ըստ նրա, քաղաքապետարանը գնահատել է, որ գույքի արժեքը կազմում է «զրո դրամ», իսկ միայն հողի արժեքն է 6 միլիոն։
«Այսպիսով քաղաքացիներին կանգնեցնում են ծանր իրավիճակի առաջ՝ ստիպելով համաձայնել անարդար պայմանների հետ։ Մեծամասնությունը համաձայնել է անճարությունից և իրավագիտակցության պակասի պատճառով, բայց դա չի նշանակում, որ մյուսները պետք է կորցնեն իրենց գույքը 0 դրամով»,- ասաց Վիրաբյանը
Oragir.News-ի հետ զրույցում։
Նրա կարծիքով, լուծումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ կիրականացվի ողջամիտ գնահատում և քաղաքացիներին կհատուցվի իրենց բնակարանների իրական արժեքը՝ առանց սպասելու, թե երբ կամ արդյոք կկառուցվեն նոր շենքերը։
«Պետք է ոչ թե ապագայում բնակարան խոստանան, այլ հենց հիմա տրամադրեն համարժեք փոխհատուցում։ Այժմ քաղաքացու գույքը վերցնում են գրեթե անվճար, իսկ կառուցապատողին՝ անհատույց հող տրամադրելով, հնարավորություն են տալիս ստանալ գերշահույթ»,– ընդգծեց նա։
Քաղաքապետարանը, իր հերթին, հայտարարում է, որ բնակիչների վերաբնակեցման գործընթացն ընթանում է ըստ հաստատված ծրագրի։
«Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի տնօրենի ԺՊ Անետա Բաբայանի տվյալներով՝ արդեն կնքվել է 61 գույքի պայմանագիր, ևս մեկը նախատեսվում է ստորագրել հոկտեմբերի 21-ին։ Մյուս դեպքերում ներկայացվել են դատական հայցեր, որոնց մի մասն ընդունվել է։
Քաղաքապետը նիստի ընթացքում նշեց, որ ծրագիրն իրականացվում է բացառապես քաղաքացիների անվտանգության նկատառումներով. «Սա պարտավորություն չէ, այլ անհրաժեշտություն։ Մենք փորձում ենք օգնել, սակայն կան բնակիչներ, որոնք չեն գիտակցում, որ ապրում են փլուզման եզրին գտնվող շենքերում։ Բոլոր դիմադրողների դեպքում հարցը կկարգավորվի փորձաքննությամբ»։
Ծրագրով նախատեսվում է քաղաքացիներին տրամադրել առնվազն նույն մակերեսով կամ ավելի մեծ բնակարաններ, սակայն 61 սեփականատերից 14-ը շարունակում են չընդունել առաջարկը՝ անընդունելի համարելով փոխհատուցման չափերն ու գործընթացի անորոշությունը։