Երևան +24°
copy image url
Ներքին 1 շաբաթ առաջ - 23:41 16-04-2024

Եթե չվաճառվեց, պետք է հանենք, լցնենք ճանապարհին, թող կառավարությունը որոշի՝ ինչ անի դրա հետ․ ֆերմերները անելանելի վիճակում են

Մեզնից կարտոֆիլը գնում են 30-50 դրամով, վաճառում՝ կրկնակի թանկ․ ֆերմերները անելանելի վիճակում են

Շուտով Հայաստանի մարզերում կսկսվի կարտոֆիլի ցանքը, սակայն բազմաթիվ գյուղացիներ ու ֆերմերներ դեռևս չեն կարողացել իրացնել նախորդ տարվա կարտոֆիլի բերքը։ Գնորդներ չկան, գնելու դեպքում էլ կլիոգրամի արժեքը շատ ցածր է, որը գյուղացիների խոսքով իրենց ձեռնտու չէ։

Գեղարքունիքի մարզի մի շարք գյուղերի բնակիչներ Oragir.News-ի հետ զրույցում նշել են, որ անցած տարվա սկզբին թանկ սերմնացու են գնել ու ցանել, բայց ծախսերի անգամ չնչին տոկոսն էլ չեն կարողացել վաստակել։

«Կարտոֆիլ մշակողը միշտ էլ տուժում է․ մեծածախ գնողը տանում, երկու անգամ թանկ վերավաճառում է, իսկ գյուղացին վաղ գարնանից մշակում է բերքը մինչև աշուն ու արդյունք չունի։ Մեզանից գնում են 30-50 դրամով, իսկ քաղաքում վաճառում 100 դրամից ավել՝ի կրկնակի թանկ, այսինքն՝ գյուղացու տանջանքը ոչ մի արժեք չունի, իսկ վերավաճառողը առանց տանջվելու մեզ հետ հավասար գումար է վաստակում։ Մի քանի օր առաջ մի կերպ կարողացա քիչ քանկանությամբ վաճառել ,ամենամեծ չափսը՝ 60 դրամով, դրանից մի քիչ փոքրը՝ 30 դրամով։ Ընդհանուր ստացվեց 30.000 դրամ, այսինքն՝ իմ ամբողջ տարվա աշխատանքը այդքան արժե՞ր։ Այդ գումարով հիմա ի՞նչ կարող ես անել։ Մնացած կարտոֆիլն էլ արդեն ծլում է, քաշ գցում, հույս էլ չկա որ ինչ-որ մեկը կգնի։

Բացի այդ, արդեն նոր կարտոֆիլ կա, եթե մի քիչ էլ էժանանա․ էլ հինը ընդհանրապես չեն գնի»,- մեզ հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղի բնակիչ Թամարա Գասպարյանը։

Սահմանամերձ Սոթք գյուղի բնակիչ, ֆերմեր Հակոբ Ավետյանի խոսքով, ֆերմերները ծանր վիճակում են, միայն իրենց գյուղում 1200 տոննայից ավել կանտոֆիլ է մնացել պահեստներում, որից միայն 700 տոննան իրենն է։

«Այս պահին մենք անգամ գնի մասին չենք մտածում։ Իմ կարտոֆիլը սուպեր որակի կարտոֆիլ է, բայց պատրաստ եմ անգամ էժան գնով տալ։ Եթե անգամ կարտոֆիլը 50 դրամով էլ տանեն, որի ինքնարժեքը 90-100 դրամ է, էլի ուրախ կլինենք։ Բայց, իհարկե, դրա հույսն էլ չկա։ Եթե չվաճառվեց, պետք է հանենք, լցնենք ճանապարհին, թող կառավարությունը՝ որոշի ինչ անի դրա հետ։

Այդ 700 տոննայից 300-ը սերմնացուն է, որը միշտ վաճառվել է 200-250 դրամ, այս տարի սերմնացուի վաճառքի հույս ընդհանրապես չկա, եթե գոնե մեծ չափսերը կարողանամ վաճառել, էլի գոհ կլինեմ։ Մնացել է ընդամենը մի ամիս ժամանակ, եթե այս մի ամսում էլ չվաճառվեց, ուրեմն՝ չի էլ վաճառվի, քանի որ արդեն ծլում է, փչանում, ու արդեն պիտանի չի լինի»։

Հակոբ Ավետյանի խոսքով, ստեղծված իրավիճակի հիմանական պատճառը այն է, որ այս տարի կարտոֆիլ չի արտահանվել և երկրում կարտոֆիլի լճացում է գոյացել։

«Մնացած տարիների այսպիսի դեպքեր չեն եղել, որ նման քանակի կարտոֆիլ մնա պահեստում։ Ստացել եմ շատ ավելի մեծ քանակի բերք և ամբողջությամբ իրացրել՝ հիմնականում Ռուսաստանում, բայց այս տարի չկարողացանք։

Գյուղում շատերի այս վիճակում են, այսպես բառի բուն իմաստով կոտրվում է գյուղատնտեսության մեջքը, որովհետև ֆերմերը ի վիճակի չի լինի կրկին ցանք անել։ Նախ՝ վարկ չեն տա, ինչն էլ նշանակում է, որ ես կամ ինձ նման ֆերմերները այլևս ի վիճակի չեն լինի ցանք անել, արդյունքում՝ հնարավոր է մյուս տարի էլ երկրում պարենի խնդրի առաջանա։ Հայաստանն էլ գյուղատնտեսական երկիր լինելով ստիպված է լինելու ուրիշ տեղից ներկրել։ Օրինակ՝ ես վարկ եմ վերցրել, ու չեմ կարողացել այն վճարել, և սև ցուցակ եմ ընկել։ Պետությունն էլ չի սուբսիդավորում, կրած վնասը միայն տուժողի խնդիրն է։ Բոլոր նորմալ երկրներում գյուղտնտեսությունը և՛ սուբսիդավորվում է, և՛ նման դեպքերում գոնե անտոկոս վարկ են տրամադրում, իսկ մեր երկրում նորմալ է, որ ֆերմերը պետք է տուժի»,- ասաց Հակոբ Ավետյանը։

Մանուշակ Մելքոնյան