Զառանցանքը սպեկուլյացիայից տարբերվում է։ Զառանցողը անգիտակցաբար կրկնում է անցյալին կամ կանխատեսելի ապագային վերաբերող անկապ, կցկտուր բաներ։ Զառանցանքի մեծ մասն իրականության հետ կապ ունի։ Սպեկուլյացիան վերացական, բայց կապակցված խոսք է, իրականության հետ ուղղակի կապ չունի, հիմնված չէ փորձի վրա։ Սպեկուլյանտը գործում է գիտակցաբար, որոշակի շահ հետապնդելով։
Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով «Էրեբունի-Երևան» տոնակատարություններին, գրել է. «Երևանցիներին, Երևանի քաղաքապետարանին և քաղաքապետ Տիգրան Ավինյանին շնորհավորում եմ «Էրեբունի-Երևան» տոնակատարությունները բարձր մակարդակով կազմակերպելու համար։ Տասնյակ հազարավոր քաղաքացիներն էլ իրենց մասնակցությամբ «Էրեբունի-Երևանը» հաստատեցին որպես կյանքի և խաղաղության տոն։ Կեցցե՛ք»։
Դյուրին չէ միանշանակ գնահատել, թե Փաշինյանի այս կարծիքը զառանցա՞նք է, թե՞ սպեկուլյացիա։
Հաշվի առնելով, որ նա տեղին-անտեղին կրկնում է «խաղաղություն» բառը, ապա կարելի է որակել զառանցանք։ Սակայն նկատի ունենալով, որ խոսքը կապակցված է, իսկ «խաղաղություն» բառը տեղին չէ, ապա կարելի է որակել սպեկուլյացիա։
Էրեբունի-Երևան տոնը խաղաղության հետ ուղիղ կապ չունի։ Իսկ կյանքի հետ կապ ունի այնքան, ինչքան ապրված յուրաքանչյուր սովորական կամ յուրահատուկ օրը։ ՀՀ ազգային օրացույցում մահվան տոն չկա։ Ու ոչ էլ պատերազմի տոն ունենք։ Յուրաքաչյուր օր էլ կարելի է կյանքի ու խաղաղության տոն դարձնել։ Բայց դրա ընդգծման իմաստը ո՞րն է։
Երևան-Էրեբունին կառուցվել է որպես քաղաք-ամրոց։ Սեպագիր արձանագրության մեջ խաղաղություն բառ չկա։ Արքան այն կառուցել է երկրի փառքի համար, ի սարսափ թշնամիների։ Մասնագետների կարծիքով «Էրեբունի» նշանակում է հաղթանակ։ Կարծիք կա նաև, որ «Էրեբունի» նշանակում է ազատների քաղաք։
Այս համապատկերում Փաշինյանի կարծիքը ոչ մի կերպ չի տեղավորվում։ Մակերեսային տպավորությամբ՝ նա կտրվել է իրականությունից, խճճվել ստերի ու երևակայության մեջ, չի հասկանում, թե ինչ է խոսում։ Սակայն լավատեսները ենթադրում են, որ որոշակի վախ է նրան ստիպել այսպիսի շահարկումներ անելու։
Էրեբունի-Երևան տոնը պատմության մեջ մի քանի անգամ վերածվել է քաղաքական ցույցի։ Այս անգամ ևս կարող էր վերածվել հակակառավարական ցույցի։ Մի քանի հազար հոգանոց ամբոխի մեջ կարող էին հայտնվել քաղաքական կազմակերպիչներ և քաղաքականացնել ամբոխի տրամադրությունը, պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ռուսական զորքերի դուրս բերում, լյուստրացիա, գերիների վերադարձ և այլն։ Փաշիյանը, հավաբանար, վախեցել է այսպիսի հնարավոր զարգացումից։
Այսինքն՝ Փաշինյանի սպեկուլյատիվ տրամաբանությամբ՝ եթե մի քանի հազար հոգի մի վայրում հավաքվում են, բայց չեն պահանջում մեծ պարտություն, մեծ կորուստներ պատճառած ղեկավարի հրաժարականը, ապա ենթադրելի է, որ հավաքվածերը Փաշինյանի ընտրողներն են, և հավաքի առիթը կարելի է վերաորակել խաղաղության ու կյանքի տոն, քանի որ ՔՊ-ն իրեն ասոցիացնում է ոչ թե աղետալի սխալների, խայտառակ պարտության, անամոք կորուստների, այլ խաղաղության հետ։
Կարճ ասած՝ Փաշինյանի այս գրառումը պրիմիտիվ շահարկում է, վայել չէ պետության ղեկավարին, հայ ժողովրդի ներկայացուցչին։ Դրանից զատ այն պարունակում է արհամարհանք պետության, նրա պատմության, կոնկրետ տոնի նկատմամբ, հետրաբար՝ վիրավորական է։ Շուտով այսօրինակ սպեկուլյացիաները կզզվեցնեն մարդկանց, հետո բոլորը կմերժեն նրան անկապ խոսելու համար։ Ու եթե 2026-ին Մսկվան նրան չօգնի, ապա ողջամիտ ու ազնիվ, անկախության ու ժողովրդավարության ջատագով ուժերը կհաղթեն, իսկ ՔՊ-ն կդառնա ընդդիմություն։
Թաթուլ Մկրտչյան