Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի Մարալիկ և Բուլղարիայի Նովի-Պազար քաղաքները այսօրվանից պաշտոնապես քույր քաղաքներ դարձան։ Այս կապակցությամբ Նովի-Պազարում հանդիսավոր միջոցառում է անցկացվել, որն անցել է ջերմ մթնոլորտում, իսկ հյուրերին դիմավորել են համայնքի բնակիչներն ու ղեկավարությունը։
Oragir.News-ի հետ զրույցում Բուլղարիայի պատվավոր քաղաքացի Կարեն Ալեքսանյանը նշեց, որ ընդունելությունը կազմակերպվել էր բարձր մակարդակով։
«Ամբողջ համայնքը, քաղաքապետարանի աշխատողները դուրս էին եկել դիմավորելու։ Մեզ հյուրանոցից ուղեկցեցին նաև ոստիկանության մեքենաներով։ Շատ ջերմ ընդունեցին, մամուլն ու հեռուստատեսությունը ևս ներկա էին։ Բուլղարական քաղաքի ղեկավարը՝ Գեորգի Գեորգիևը, 500 կմ կտրել անցել էր՝ հայկական պատվիրակությանն անձամբ դիմավորելու համար»,- ասաց նա։
Ալեքսանյանը տեղեկացրեց նաև, որ Մարալիկի համայնքապետ Արման Սարիբեկյանը ևս հանդես եկավ իր մաղթանքներով։ Նրա խոսքով՝ կողմերը նվերներ փոխանակեցին ու ստորագրեցին համապատասխան փաստաթուղթը, այնուհետև հյուրերին հրավիրել են ճաշի։
Մեր զրուցակցի խոսքով՝ քույր քաղաքների միջև համագործակցությունը ձևական չի լինելու։
«Երկու քաղաքներն էլ մեծ պատրաստակամություն ունեն։ Մտադրված են շարունակել փոխանակումները՝ տնտեսական, սպորտային ու մշակութային ոլորտներում։ Ամենամեծ ներուժը տեսնում ենք զբոսաշրջության մեջ, քանի որ երկու համայնքներն էլ ունեն այդ ոլորտում զարգացումներ իրականացնելու պոտենցիալ։ Հանդիպումն իսկապես անցավ ջերմ ու հայկական ասած՝ տնական մթնոլորտում։ Կողմերը լավ են հասկանում իրար, և վստահ ենք, որ երկարաժամկետ կաշխատեն միասին»,- եզրափակեց նա։
Մերի Հակոբյան