Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 15:14 30-09-2025

Եվրոպայի խորհուրդը մեր տունն է, որտեղ մենք հասցե ենք ստանում. Փաշինյան

Վերջին տարիներին ՄԻԵԴ-ը կարևոր որոշումներ է կայացրել 2008 թվականի Մարտի 1-ի հետևանքով անազատության դատապարտված քաղաքական գործիչների վերաբերյալ: 2008 թվականի Մարտի 1-ին ես ընդդիմության շարքերում էի, հետո ստիպված էի ընդհատակ անցնել, հետո՝ կամավոր կերպով դուրս գալ ընդհատակից, որից հետո կալանավորվեցի և դատապարտվեցի 7 տարվա ազատազրկման: Այդ ամբողջ ընթացքում ես ինքս անհամբերությամբ էի սպասում ԵԽԽՎ-ից և ՄԻԵԴ-ից եկող լուրերին: ԵԽԽՎ-ում հնչող ելույթներն ու ընդունվող բանաձևերը մեզ՝ Հայաստանում ժողովրդավարության համար պայքարողներիս, հույս էին տալիս ու ուժ: Այդ մասին ԵԽԽՎ-ում իր ելույթի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Չեմ մոռանա այն օրը, երբ բանտում ինձ այցելեց ԵԽ մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարը: Ի վերջո՝ 2011-ին, բանտից ազատ արձակվեցի հենց Եվրոպայի խորհրդի, ԵԽԽՎ-ի, ՄԻԵԴ-ի հետևողականության շնորհիվ՝ 7 տարվա փոխարեն անազատության մեջ մնալով 1 տարի 11 ամիս»,- ասաց նա:

Փաշինյանը հիշեցրեց, որ 2018-ի մայիսին, երբ Հայաստանում տեղի ունեցավ թավշյա հեղափոխությունը, որի արդյունքում դարձավ ՀՀ վարչապետ, ՄԻԵԴ-ը, որին Փաշինյանն իր գործով դիմել էր 2010-ին, իր վճիռը դեռ չէր հրապարակել:

«Վարչապետի պաշտոնում ինձ համար ՄԻԵԴ վճիռն ավելի մեծ կարևորություն ստացավ, որովհետև եթե ՄԻԵԴ-ը որոշեր, որ 2009-ին Հայաստանում իմ դեմ կայացված դատավճիռն անարդար է, դա իմ գործը վերանայելու այնպիսի հիմք կտար, որ ոչ ոք չէր կարողանա ասել, թե վարչապետի՝ իմ կարգավիճակի պատճառով է, որ նման վճիռ է կայացվել, և արդարությունն ու արդարադատությունը կլինեին լեգիտիմ: Բարեբախտաբար, այսպես էլ եղավ: ՄԻԵԴ վճիռը լիովին լեգիտիմ և անառարկելի դարձրեց իմ հետագա արդարացումը Հայաստանի դատարանում: Այս նույն ձևով արդարացվեցին ՀՀ բազմաթիվ այլ քաղբանտարկյալներ:

Այս ամենն ասում եմ ոչ միայն կամ ոչ այնքան իմ շնորհակալությունն արտահայտելու, որքան ի ցույց դնելու համար, որ Եվրոպայի խորհուրդը և նրա կառույցները Հայաստանի պետական ինստիտուտների օրգանական շարունակությունն են: Ես ու բազմաթիվ մարդիկ, Եվրոպայի խորհուրդը և դրա ինստիտուտներն օտարերկրյա կազմակերպություն չենք համարում: Եվրոպայի խորհուրդը մեր կազմակերպությունն է, մեր ժողովրդավարության կարևորագույն ինստիտուտներից մեկը, որովհետև մենք նրա լիարժեք անդամն ենք: Այդպիսին են նաև ԵԽԽՎ-ն, ՄԻԵԴ-ը, Վենետիկի հանձնաժողովը:

Մեր անդամակցությունը ԵԽ-ին մեզ ավելի մեծ վստահություն է տալիս ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելիս, որովհետև գիտենք՝ եթե սխալվենք, կա մեզ հարազատ, մեր կազմակերպություն, որը մեզ կահազանգի այդ մասին, կօգնի մեզ գտնել ճիշտ ուղղությունը ժողովրդավարության՝ ցավոք, գնալով ավելի դժվար դարձող ճանապարհին:

Եվրոպայի խորհուրդը մեր տունն է, որտեղ մենք հասցե ենք ստանում՝ որպես ժողովրդավարական պետություն: Լինելով փոքր երկիր՝ մենք այստեղ մի մեծ, գեղեցիկ, լուսավոր ընտանիքի մաս ենք դառնում, որտեղ մարդն ամենակարևոր արժեքն է, որտեղ մարդը նպատակ է, ոչ թե միջոց: Այս ընտանիքը կարևոր է մեզ համար: Եվրոպայի խորհուրդը մի տեղ է, որտեղ մենք կարող ենք կիսել մեր հաջողությունների ուրախությունը ու պատմել մեր անհաջողությունների մասին, լսել ուրիշների հաջողությունների պատմությունը դրանցով ոգևորվելու համար, և ուրիշների անհաջողությունների պատմությունները՝ դրանք չկրկնելու համար»,- ասաց նա:

Ամենից շատ դիտված

17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
23:12 Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
17:21 Մեքսիկայում ինքնաթիռն ընկել է բնակելի տների հարևանությամբ․ օդաչուները զոհվել են

Ձեզ գուցե հետաքրքրի