Ներքին 8 ամիս առաջ - 14:40 30-09-2025

Պաղեստինի անկախությունը լեգիտիմացվում է, բայց Արցախն այդպես էլ չճանաչվեց

Գազայում Իսրայելի կողմից իրականացվող ռազմական գործողությունների ֆոնին Պաղեստին պետության ճանաչման գործընթացը նոր թափ է ստացել։ Չնայած Իսրայելը և նրա գլխավոր դաշնակից ԱՄՆ-ն դեմ են այս գործընթացին, այնուամենայնիվ այս պահի դրությամբ ՄԱԿ-ի անդամ 193 երկրներից 160-ը ճանաչել են Պաղեստինի պետության անկախությունը։

Oragir.News-ը միջազգայնագետ, քաղաքական վերլուծաբան Դավիթ Կարապետյանից հետաքրքրվեց՝ Պաղեստինի պետության ճանաչումը միջազգային հարաբերություններում կարո՞ղ է բերել իրական փոփոխությունների և նպաստել կոնֆլիկտի կարգավորմանը, թե՞ այն կմնա պարզապես խորհրդանշական քայլ՝ քաղաքական դիրքորոշում արտահայտելու ձևաչափ։

Դավիթ Կարապետյանի խոսքով՝ նախ պետք է հստակ հասկանալ՝ ինչ է նշանակում միջազգային ճանաչումը․ դա գործընթաց է, երբ պետությունները պաշտոնապես ընդունում են որևէ տարածք կամ իշխանություն՝ որպես ինքնիշխան պետություն և հաստատում դիվանագիտական հարաբերություններ։ Այդ ճանաչումն իր հերթին հնարավորություն է տալիս անդամակցել ՄԱԿ-ին և այլ միջազգային կառույցների։

Կարապետյանի գնահատմամբ՝ ներկայումս ավելի իրատեսական է ոչ թե առանձին Գազայի ճանաչումը, այլ Պաղեստին պետության։ «Միջազգային իրավունքի տեսանկյունից Գազան համարվում է Պաղեստինի մաս։ Արդեն շուրջ 160 պետություն պաշտոնապես ճանաչել է Պաղեստինը։ Սակայն ազդեցիկ արևմտյան երկրները՝ ԱՄՆ-ն, Գերմանիան դեռևս պաշտոնապես չեն գնացել այդ քայլին»,- նշեց նա։

Միաժամանակ փորձագետը ուշադրություն հրավիրեց այն բանին, որ Գազայի առանձին ճանաչումը գործնականում կնշանակի «ՀԱՄԱՍ»-ի լեգիտիմացում, ինչը խիստ խնդրահարույց է, քանի որ Իսրայելը և մի շարք երկրներ այն համարում են ահաբեկչական կառույց։

ՄԱԿ-ին լիիրավ անդամակցությունը Կարապետյանը դիտարկում է որպես ամենակարևոր ընթացակարգ․ «Պաղեստինը ներկայումս դիտորդ պետության կարգավիճակ ունի։ Լիիրավ անդամ դառնալու համար անհրաժեշտ է Անվտանգության խորհրդի հաստատումը, ինչը տարիներ շարունակ արգելափակվել է ԱՄՆ-ի վետոյի միջոցով»։

Նրա խոսքով՝ եթե առաջիկայում եվրոպական որոշ երկրներ ճանաչեն Պաղեստինը, դա կուժեղացնի պաղեստինյան կողմի դիրքերը բանակցություններում, իսկ ՄԱԿ-ում լիիրավ անդամակցության դեպքում հնարավոր է նաև Իսրայելի դեմ միջազգային դատարաններում գործընթացների մեկնարկ։

Անդրադառնալով ԱՄՆ-ի դիրքորոշմանը՝ Կարապետյանը նշեց․ «Անկախ նախագահի հայտարարություններից, ԱՄՆ-ը միշտ կանգնել է Իսրայելի կողքին։ Իսրայելը Միացյալ Նահանգների համար պլացդարմ է Մերձավոր Արևելքում՝ հատկապես հակաիրանական քաղաքականության շրջանակում»։

Թուրքիայի վարքագիծը ևս հակասական է։ «Էրդողանը մշտապես հանդես է գալիս ռազմաշունչ հայտարարություններով՝ ներքին լսարանին ուղղված։ Սակայն գործնականում Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները չեն խզվում։ Այդ հակասականության մեջ մեծ դեր ունի նաև Ադրբեջանի գործոնը»,- ընդգծեց Կարապետյանը։

Փորձագետն իր խոսքում զուգահեռ անցկացրեց նաև Արցախի հետ․ «Ցավալի է արձանագրել, որ Արցախի Հանրապետությունը, ունենալով պետություն դառնալու բոլոր ատրիբուտները, նույն ճակատագիրը ունենալով, ու էդքան արհավիրքների միջով անցնելով, այդուհանդերձ, չստացավ միջազգային ճանաչում։ Իսկ Պաղեստինը, չնայած ներքին հակասություններին և վերահսկողության խնդիրներին, այսօր շատ ավելի մոտ է իր պետականության միջազգային լեգիտիմացմանը և հավանական է, որ ունենա սեփական սուվերեն տարածք և ինքնիշխանություն»։

Վերլուծաբանը նկատում է՝ Արցախի և Գազայի համեմատության հարցում կարևոր է հասկանալ նաև ժողովրդագրական իրողությունները։ «Կա մի տարածված շահարկում․ ասում են՝ դե ժողովուրդը կոտորվեց, չէ՞, մայրումանուկ մահացան, զոհվեցին, բայց իրենք իրենց տարածքը չլքեցին։ Իբր զուգահեռներ են տանում, ի դեպ, տխմարներն են նման զուգահեռներ անցկացնում՝ արցախահայության հետ: Հաշվի չառնելով հանգամանքները, իհարկե դրանք քաղաքական ոտաբոբիկներ են։ Եվ ընդհանրապես՝ էդ մարդիկ կա՛մ դիլետանտ դեմագոգներ են, կա՛մ էգոիստներ են, որոնք չգիտեն կամ չեն ուզում ասել, որ մեր պարագայում էքզիստենցիալ վտանգը այնպես էր կախված, որ անհնար էր էդտեղ համագոյակցությունը։ Մենք գոնե ելք ունեինք, որովհետև կար Հայաստանի Հանրապետությունը, որտեղ կարող էին արցախցիները գալ: Պաղեստինի ժողովուրդը ոչ մի հարևան երկրի կողմից կանաչ լույս չի ստացել, որ իրեն կարող են որպես մազապուրծ փախստականների ընդունել, իրենց ապահովեն գույքով, կենցաղով և այլ պայմաններով: Ոչ մի երկիր, ոչ մի հարևան երկիր, բացի լավագույն դեպքում, պարենի մատակարարումից զատ, ուրիշ բանով չի աջակցել: Պաղեստինի ժողովուրդը տեղ չունի գնալու, ֆիզիկապես տեղ չունի՝ բոլոր սահմանները փակ են։ Ո՛չ Հորդանանը, ո՛չ Լիբանանը, ո՛չ Եգիպտոսը չեն կարող իրենց օգնեն էդ հարցում։ Պատրաստակամություն չկա։ Նրանք չունեն այլընտրանք, քանի որ ոչ մի հարևան երկիր պատրաստ չէ իրենց ընդունել որպես փախստականների»։

Դավիթ Կարապետյանը հավելեց, որ մոտ ապագայում Գազայի առանձին ճանաչումը քիչ հավանական է։ Ըստ նրա՝ իրատեսական սցենարը Պաղեստին պետության միջազգային ճանաչման խորացումն է, ինչը կարող է լուրջ ազդեցություն ունենալ Մերձավոր Արևելքի քաղաքական դինամիկայի վրա։

Էլեն Դանիելյան

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»