Րոպեներ առաջ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրեց, որ վայր է դնում պատգամավորական մանդատը, և որոշել է անդամակցել Անդրանիկ Թևանյանի գլխավորած «Մայր Հայաստանին», որը կուսակցություն դառնալու հայտ է ներկայացրել։
«Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի հաջորդ պատգամավորի թեկնածուն քաղաքագետ Հայկ Խալաթյանն է: Վերջինս «Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակում ընդգրկվել է «Վերածնվող Հայաստան» կուսակցության քվոտայով, որը 2022-ի նոյեմբերից դադարեցրել է իր խորհրդարանական գործունեությունը։ Սակայն Խալաթյանը հրաժարվել է վերցնել մանդատը՝ ֆեյսբուքյան գրառման մեջ պարզաբանելով իր որոշումը.
«Երկար մտածելուց հետո որոշում եմ կայացրել հրաժարվել մանդատից և շարունակել իմ գործունեությունը մեդիա ոլորտում որպես խմբագիր և լրագրող։
Իմ որոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ մանդատը ստանալու դեպքում ստիպված կլինեմ դադարեցնել մասնագիտական աշխատանքս։ Հաշվի առնելով Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը և առաջիկա ընտրությունները, գտնում եմ, որ այս փուլում ավելի նպատակահարմար է մնալ տեղեկատվական դաշտում՝ շարունակելով ծառայել հանրությանը՝ փաստերի, վերլուծության և հրապարակային խոսքի միջոցով։
Հավաստում եմ, որ շարունակելու եմ իմ քաղաքական պայքարը նույն եռանդով և մնալու եմ «Հայաստան» դաշինքի ու նրա առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի աջակից»,- նշել է Խալաթյանը:
Համամասնական ցուցակի հաջորդ պատգամավորի թեկնածուն դաշնակցական Պետրոս Մեղրյանն է, ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի անդամ։ Նա Արցախի հերոս Շահեն Մեղրյանի եղբայրն է։
Oragir.News-ը կապ հաստատեց Պետրոս Մեղրյանի հետ ճշտելու համար, թե վերջինս պատրաստվո՞ւմ է վերցնել պատգամավորական մանդատը, և եթե՝ այո, ապա հատկապես ի՞նչ խնդիրների վրա է կենտրոնանալու Ազգային ժողովի իր գործունեության ընթացքում.
«Այո, մեր կուսակցության Գերագույն մարմնի որոշումով մանդատը վերցնելու եմ, և իմ աշխատանքը կերևա Ազգային ժողովում։ Թե որ թեմաներով՝ խնդիրները այնքան շատ են, որ չգիտես՝ որից սկսես։ Էսքան բան կարող եմ ասել էս պահի դրությամբ»,- եզրափակեց Պետրոս Մեղրյանը: