Ներքին Տեսանյութ 2 ամիս առաջ - 20:48 16-09-2025

Աննա Հակոբյանը խնդրում է աջակցել, Վարդան Ղուկասյանը չի վախենում, Շուշիում զենք են գտել. Ամփոփ լուրեր

Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է սեպտեմբերի 16-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական կինը՝ Աննա Հակոբյանը, հայտնել է, որ եթե չլիներ «Կրթվելը նորաձև է» շարժումը, ապա ինքը երբեք ժամանակ չէր տրամադրի իրեն, չէր լրացնի այդ բացը։ «Վաղ ամուսնություն, երեխաներ, ամուսին, ամուսնու շատ կարեւոր ճանապարհ՝ լի հազարումի բարդություններով. այս ամենը թույլ չեն տվել ինձ զբաղվել ինձ համար այնքան հաճելի զբաղմունքով՝ կրթվելով։ Բայց ահա ունենք «Կրթվելը նորաձեւ է» շարժումը, որը բոլորիս տալիս է ծանրակշիռ հիմնավորում կրթվելը մեր բոլոր պարտականությունների մեջ ամենակարեւոր պարտականությունը համարելու համար։ Այս գրառմամբ ուզում եմ շնորհակալություն հայտնել «Կրթվելը նորաձեւ է» շարժման 11 հազար 258 անդամներին։ Եթե դուք չհավատայիք գաղափարին, այն չէր վերածվի հզոր շարժման եւ չէր տարածվի մեր երկրով մեկ»,- գրել է նա։ Աննա Հակոբյանը բոլորին խնդրել է ակտիվորեն աջակցել շարժմանը, անդամագրվել դրան, դառնալ կրթաշղթայի կենդանի օղակներից մեկը, և ագրեսիվ պայքար մղել մեզ տիրող տգիտության դեմ։ «Դրա համար մեկ բան է անհրաժեշտ՝ ագրեսիվ քարոզել կրթվելը, եւ որ ամենակարեւորն է՝ դա անել ՍԵՓԱԿԱՆ ՕՐԻՆԱԿՈՎ»,- նկատել է Հակոբյանը։

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը հանդիպել է Հռոմի Սրբազան Քահանայապետ Լևոն 14-րդ Պապի հետ: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու Հովվապետերը առանձնազրույցի ընթացքում անդրադարձել են աշխարհում տեղ գտնող արհավիրքներին ու մտահոգիչ զարգացումներին, Հայաստանի և հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին ու դիմագրավվող փորձություններին։ Մայր Աթոռի փոխանցմամբ՝ Գարեգին Երկրորդը Լևոն 14-րդ Պապի ուշադրությանն է ներկայացրել նաև Արցախից տեղահանված արցախահայության հիմնախնդիրները, Արցախում ոչնչացման վտանգի առջև կանգնած հայ հոգևոր և մշակութային ժառանգության պահպանության, ռազմագերիների և պատանդառվածների ազատ արձակման հրամայականը։ Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ անդրադարձավ, որ երկու Եկեղեցիների միջև եղբայրական կապերն ամրապնդվել են շնորհառատ հանդիպումների և հավատքի համատեղ վկայությունների միջոցով: Ամենայն Հայոց Կաթողիկոսը վստահություն է հայտնել, որ երկու Եկեղեցիների հարաբերությունները կշարունակեն զարգանալ նույն եղբայրական ոգով ու ջերմությամբ՝ արդյունավորվելով նորանոր բարի համատեղ իրագործումներով։ Գարեգին Երկրորդը Լևոն 14-րդ Պապին հրավիրել է այցելելու Հայաստան։ Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատվիրակության անդամները ստացան Հռոմի Սրբազան Քահանայապետի օրհնությունը։ Տեղի է ունեցել նվերների փոխանակում։

Այսօր Ազատ գյուղի զորամասում բռնկված հրդեհի գործով առաջին դատավճիռն է կայացվել: Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը մեղադրյալ կրտսեր սերժանտ Ռադիկ Մաթևոսյանին օգոստոսի 21-ին դատապարտել է 3 տարվա ազատազրկման: Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։ «Ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Ռ․Մ․-ն, որը 2023 թվականի հունվարի 18-19-ն ընկած ժամանակահատվածում ընդգրկված է եղել վաշտի վերակարգում և որպես վաշտի հերթապահ ծառայություն է իրականացրել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում գտնվող զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի տեղակայման վայրում, մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի 543-րդ հոդվածի 3-րդ կետով (ներքին ծառայության կանոնագրքային կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու (մարդկանց) մահ) նախատեսված հանցագործության կատարման մեջ»,– ասված է հայտարարության մեջ։ Դատախազությունը նշել է, որ վաշտի հերթապահ Ռադիկ Մաթևոսյանը 2023 թվականի հունվարի 19-ին՝ ժամը 00:30-ից 01:00-ն ընկած ժամանակահատվածում, պատասխանատու լինելով ներքին կարգուկանոնի, անձնակազմի, սպառազինության, ռազմական տեխնիկայի և զինամթերքի, շինությունների և ունեցվածքի անվտանգության և պահպանման համար, ինչպես նաև ներքին ծառայության կանոնագրքի պահանջների համաձայն՝ կրելով վառարանը վառելուն հետևելու պարտականություն, անհարկի բացակայել էր կացարանից` բջջային հեռախոսով խոսելու նպատակով, ինչի հետևանքով էլ չի նկատել ու չի փորձել կանխել ինժեներական ծառայության սպա, կապիտան Եղիշե Հակոբյանի առերևույթ վտանգավոր գործողությունները, իսկ դրանից հետո ժամանակին չի ձեռնարկել միջոցներ հրդեհի բռնկման սկզբնական փուլում վտանգի ենթակա անձնակազմը, սպառազինությունը և նյութական այլ միջոցները փրկելու համար, ինչն անզգուշությամբ առաջացրել է մարդու (մարդկանց) մահ: Կացարանում գտնվող նույն վաշտի պարտադիր ժամկետային 15 զինծառայողները ժամանակին չեն տարհանվել, հակահրդեհային պաշտպանության համապատասխան միջոցների բացակայության պատճառով չեն կարողացել մարել հրդեհը և կացարանից դուրս գալ չկարողանալով՝ մահացել են, իսկ երեքը՝ ստացել տարբեր աստիճանի այրվածքներ:

Մինչև Հայաստանի իշխանությունները պնդում են, որ Ադրբեջանի հետ արդեն խաղաղություն է հաստատվել և խոսում են ռազմական բյուջեն չավելացնելու անհրաժեշտության մասին, Ադրբեջանում այս ամենի ճիշտ հակառակն են անում։ Ադրբեջանի կառավարությունը հրապարակել է 2026 թվականի պետական բյուջեի նախագիծը, որի համաձայն գալիք տարի երկրի ռազմական ծախսերի ընդհանուր ծավալը կազմելու է 5 միլիարդ 120 միլիոն ամերիկյան դոլար։ «Ընթացիկ տարվա համեմատ Զինված ուժերին և ազգային անվտանգությանը հատկացվող միջոցները կաճեն մոտ 90 միլիոն դոլարով կամ 2 տոկոսով»,- հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ադրբեջանի կառավարության տվյալներով՝ 2026-ին ռազմական հատկացումները պետական բյուջեի ծախսային մասի 21 տոկոսը կկազմեն։


Մանրամասները՝ տեսանյութում: