Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 8 ամիս առաջ - 18:00 16-09-2025

ՀՀ-ում իրավունքի դիկտատուրա՞ է, թե՞ Սամվել Կարապետյանին չեն վստահում. մի բարձրագոչ հայտարարության հետքերով

Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կալանավորումից հետո հունիսի 21-ից նրա աջակցությամբ ստեղծվեց փաստաբանական թիմ, որն անվճար պետք է աջակցեր վերջին 7 տարում Հայաստանում ապօրինի քրեական հետապնդման ենթարկված քաղաքացիներին։ «Այսօրվանից իմ փաստաբանական խմբի բազայի վրա հրավիրելու ենք անաչառ տարբեր փաստաբանների, ովքեր պատրաստ են աջակցել և փորձել վերանայել վերջին յոթ տարիների այդպիսի գործերը և պայքարել ցանկացած հայ մարդու խախտված իրավունքների համար։ Այդ ամենի համար պատրաստ եմ միջոցներ տրամադրել։ Շուտով արդարությունը և արդարադատությունը վերականգվելու է: Պայքարելու ենք»,- կալանավորումից 3 օր անց նշել էր Կարապետյանը:

Հրապարակված տվյալների համաձայն՝ նախաձեռնությանն անդամակցել էր ավելի քան 30 փաստաբան։

Oragir․News-ը, բարձր գնահատելով այս նախաձեռնության կարևորությունը, փաստաբաններից փորձեց պարզել, թե նախորդ շուրջ 3 ամսում փաստաբանները քանի՞ դիմում են ստացել քաղաքացիներից և ամենակարևորը՝ ի՞նչ ճակատագրի են արժանացել դրանք։

Հատկանշական է, որ փաստաբանների մի զգալի մասը նշեց, որ քաղաքացիներից դիմումներ չեն ստացել, որոշներն էլ ասացին՝ դիմումներ եղել են, բայց դրանք չեն համապատասխանել սահմանված չափորոշիչներին։ Բացի այդ, կային փաստաբաններ, որոնց հեռախոսահամարներն աշխատանքային ժամերին անհասանելի էին, կամ՝ առհասարակ գոյություն չունեին։ Ավելին՝ որոշ պաստաբաններ մեզ հայտնեցին, որ այլևս չեն անդամակցում նախաձեռնությանը․

Փաստաբաններից Հովսեփ Սարգսյանը Oragir․News-ի հետ զրույցում ասաց, որ ներկայումս այդ խումբը չկա։

Գոռ Միքայելյանի խոսքով՝ 5-6 դիմում ստացել է, սակայն դրանք հիմնականում չեն համապատասխանել սահմանված չափանիշներին։

Արթուր Պիզավյանը նախաձեռնության շրջանակներում ոչ մի գործ չի վերցրել․ «Բնականաբար, այդ խմբում կամ, բայց էդ խմբով, որով որ նախատեսվել է կոնկրետ քրեական գործերի ուսումնասիրությամբ զբաղվելու համար, այս պահին որևէ գործ այդ խմբի շրջանակներում չեմ վերցրել»։

Փաստաբան Զավեն Դադայանը խոստացավ մեր հարցն ընդհանուր թիմով ղեկավարության հետ քննարկել և հետ զանգահարել, սակայն վերջինս այդպես էլ հետ չզանգահարեց։

Աննա Մանթաշյանը միայն մեկ դիմում է ստացել՝ քրեակատարողական հիմնարկում գտնվող անձի կողմից։ «Դժգոհությունը կապված է եղել դատական նիստերի ձգձգմանը, դե բնականաբար, ես այդտեղ անելիք չունեի, բացատրեցի, որ այդ ձգձգումները կարող են օբյեկտիվ լինել, հետևաբար, ես՝ որպես փաստաբան, իրան այդ գործում չեմ կարող օգնել, այլ դիմումներ չեն եղել»,- ասաց նա։

Փաստաբան Գոռ Սաղոյանն ասաց, որ դիմումներ եղել են, որոնց մի մասը համապատասխանել է չափորոշիչներին, մյուս մասը՝ ոչ։ Ըստ նրա՝ որ դիմումները չեն համապատասխանել, ինքը չի զբաղվել դրանցով։

Փաստաբան Սամվել Անդրիասյանը նշեց, որ գործնականորեն չի կարող այդ միջոցառումներին մասնակցել՝ ծանրաբեռնվածության պատճառով, սակայն դիմումներ էլ չի ստացել։

Հակոբ Ենոքյանն էլ ասում է՝ ներկայումս քաղաքացիներից դիմումներ չի ստանում։ «Հիմա չկա։ Սկզբում զանգում էին, հիմնականում դատապարտված անձինք էին զանգում, ովքեր դժգոհ էին իրենց մատուցված իրավաբանական ծառայություններից, լրացուցիչ խորհրդատվություն ենք տվել»,- ասաց նա։

Փաստաբան Արթուր Մանուկյանն այլևս չի համագործակցում այս նախաձեռնության հետ։ Նա ասաց, որ դիմումներ ստացել է, սակայն ոչ մի գործով չի զբաղվել։

Կարեն Ղունյանի խոսքով՝ իրեն դիմած քաղաքացիներին աջակցել է խորհրդատվության տեսքով։ «Այո՛, դիմել են, պաշտպան ունեին․ խորհուրդ տվեցինք, որ իր պաշտպանին լսի ու հետևի պաշտպանի խորհուրդներին»,- ասաց նա՝ հավելելով, որ իրեն դիմել է 11 անձ, սակայն դիմումները չափորոշիչներին չեն համապատասխանել։

Փաստաբաններից Գարիկ Գալիկյանն առհասարակ չգիտեր՝ նախաձեռնությունն ինչի մասին էր։ «Եսիմ երբ ա եղել, անունս գրել են, ոչ մի անգամ ոչ մի բան չի եղել, ֆիզիկապես էլ ի վիճակի չեմ»,- ասաց նա՝ նշելով, որ դիմումներ չի ստացել։

Oragir.News-ը կապ հաստատեց հիշյալ փաստաբանական թիմի աշխատանքները համակարգող Լուսինե Մարտիրոսյանի հետ՝ հետաքրքրվելով՝ հունիսի 21-ից ի վեր քանի՞ դիմում են ստացել, ի՞նչ աջակցություն ցուցաբերել։ Ի պատասխան՝ Մարտիրոսյանն ասաց, որ վիճակագրություն և հաշվառում չեն իրականացրել, սակայն բազմաթիվ զանգեր ստացել են քաղաքացիներից։

«Եղել են բազմաթիվ զանգեր, բայց սահմանված են եղել որոշակի չափանիշներ։ Այսինքն՝ խոսքը վերաբերվել է բացառապես կալանքի տակ գտնվող անձանց նախաքննության ընթացքին և գործերը ուսումնասիրվել են այդ շրջանակներում, այս ընթացքում եղել են փաստաբաններ, ովքեր զբաղվել են, բայց չեմ կարող ասել, որ անձին ինչ դեպքով, քանի որ դա կոնֆիդեցիալ է։ Եղել են անգամ դիմողներ, ովքեր ունեցել են ներգրավված պաշտպաններ։ Բայց զանգերն ու դիմումները շատ-շատ են եղել, իրենց մեջ շատ են եղել դատապարտյալները՝ ինչպես կալանքի տակ գտնվողները, այնպես էլ դատապարտյալները, որոնք արդեն պատժի հետ կապված հարցեր են քննարկվել»,- պատասխանեց նա։

Այսպիսով՝ ամփոփելով փաստաբանական խմբի անդամների պատասխանները՝ գալիս ենք այն եզրակացության, որ ներկայումս խումբը փաստացի չի գործում։ Բացի այդ, խումբը չի գործել նաև նախորդ 3 ամիսներին, չնայած այն բանին, որ խմբի ձևավորման մասին ամենաբարձր մակարդակով հայտարարվեց՝ Սամվել Կարապետյանի կողմից։

Առնվազն Կարապետյանի անձնական ներգրավվածության ֆոնին ենթադրվում էր, որ փաստաբանները պետք է բազմաթիվ դիմումներ ստանային ու հետամուտ լինեին դրացով, սակայն իրականությունը այլ բանի մասին է։ Փաստաբաններից շատերը մեզ պատասխանեցին, որ քաղաքացիներից դիմումներ չեն ստացել, կամ էլ ստացված դիմումները չեն համապատասխանել սահմանված չափանիշներին, ինչից ողջամիտ կասկած է առաջանում, որ գուցե Հայաստանում իսկապես արդարություն և արդարադատություն է հաստատվել, իսկ մեր քաղաքացիների իրավուքներն այլևս չեն ոտնահարվում։

Եթե առաջնորդվենք այս կանխավարկածով, ապա ինչպես Oragir․News-ի խմբագրակազմի, այնպես էլ մեր ընթերցողների շրջանում գուցե տպավորություն ստեղծվի, որ Հայաստանում հաստատվել է օրենքի գերակայություն՝ «դիկտատուրա», իսկ կալանավայրերում էլ գտնվում են բացառապես հանցագործները, սակայն բազմաթիվ քաղբանտարկյալների առկայությունը, որոնցից մեկն էլ բարերար Սամվել Կարապետյանն է, կփաստի, որ այդ տպավորությունն իրականության հետ որևէ աղերս չունի։ Այս դեպքում էլ ստացվում է, որ ապօրինի հալածված քաղաքացիները Սամվել Կարապետյանին չեն վստահում, դրա համար էլ վերջինիս նախաձեռնության չեն դիմում։

Մանրամասները՝ տեսանյութում․

Անի Կեսոյան

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
18:51 Փաշինյանի աջակիցները լինում են նաև ռուսական համարանիշներով
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից