Ուղիղ եթեր
Արտաքին Խոսք 8 ամիս առաջ - 20:04 11-09-2025

Ռուսաստանը Լեհաստանով ԵՄ-ի պուլսն է ստուգում. հաջորդը Ռումինիան է

Լեհաստանի զինված ուժերը օդ են բարձրացրել կործանիչներ և ՀՕՊ համակարգերը բերել բարձր պատրաստվածության՝ այն բանից հետո, երբ Ուկրաինային ռուսական հարվածների ժամանակ ԱԹՍ-ները հատել են Լեհաստանի օդային տարածքը, հայտնում են լեհական իշխանությունները։ Լեհաստանը այս ներխուժումը որակել է որպես «ագրեսիայի ակտ», հայտնում է Reuters-ը։

Այս մասին Oragir.News-ը զրուցեց Վարշավայի համալսարանի սոցիալական գիտությունների դոկտորանտ, քաղաքագետ Հարություն Ոսկանյանի հետ, որը նշեց, որ նմանատիպ միջադեպեր շատ են եղել։

«Այս միջադեպը առաջին անգամը չէ․ նմանատիպ միջադեպեր եղել են մի քանի անգամ։ Առաջինը՝ երբ հրթիռը Ուկրաինայի կողմից եկավ Լյուբլինին կից տարածքում ընկավ ու անգամ զոհվեց մի մարդ։ Այդ ժամանակ մտածում էին, որ ռուսական հրթիռ է եղել, բայց փաստորեն հետախուզությունն ու մանրակրկիտ ուսումնասիրությունը ցույց տվեցին, որ ուկրաինական հրթիռներն են պատահաբար հատել Լեհաստանի օդային տարածքը։ Իսկ այն, ինչ վերաբերում է ռուսական անօդաչու սարքերին, ասեմ, որ մի քանի անգամ արդեն եղել են նման դեպքեր։ Թե՛ հասարակությունը, թե՛ քաղաքական տարբեր հատվածներ ավելի հստակ գործողություններ էին ակնկալում լեհական իշխանությունների կողմից, բայց, ցավոք, դրանք չկային։ Միակ դեպքը, որ եղավ, երբ օդային տարածքում հայտնված անօդաչու սարքերը հարվածի ենթարկվեցին լեհական զինված ուժերի կողմից, եղել է այս անգամ»,- ասաց նա։

Քաղաքագետը նաև հետաքրքիր փաստ արձանագրեց՝ նշելով, որ կա տեղեկություն, թե հրթիռները Բելառուսի տարածքից են հասել Լեհաստան։

«Ըստ որոշ տեղեկությունների՝ հրթիռները եկել են Բելառուսի տարածքից, ինչը հետաքրքիր է այն առումով, որ վերջին շրջանում լեհ-բելառուսական հարաբերությունները կրկին լարվել են։ Վերջերս կաթոլիկ կղերականի նկատմամբ տեղի է ունեցել ոտնձգություն բելառուսական իշխանությունների կողմից, ինչը մեծ լարվածություն է առաջացրել միջպետական հարաբերություններում։ Արդյունքում լեհական իշխանությունները պատրաստել են ավելի որոշիչ քայլեր․ որոշում է ընդունվել վաղվանից ամբողջովին փակել լեհ-բելառուսական սահմանը։ Այսինքն՝ ոչ մի անցակետ չի գործելու։ Մինչ այդ գործում էր հիմնականում Բրեստի անցակետը, բայց այս անգամ արդեն դա էլ է փակվել։ Կարծում եմ՝ սա ոչ միայն ռուսական կողմի քայլն էր, այլ նաև մեծ ներդրում կա բելառուսական կողմից, որոնք մշտապես հարմար առիթ են փնտրում՝ ստուգելու զգոնությունը։ Նրանք քայլեր են անում լեհական իշխանություններին ջղաձգելու համար։ Հիշենք նաև այն փաստը, որ Միջին Արևելքից ու Աֆրիկայից մեծ քանակությամբ փախստականներ մինչ այս պահը գտնվում են լեհական, բելառուսական, ինչպես նաև լիտվական ու լատվիական սահմաններին։ Նրանք այս կերպ փորձում են հիբրիդային գործիքակազմ կիրառել ԵՄ երկրների նկատմամբ։ Բնականաբար, Լեհաստանը այս քաղաքականության ամենամեծ թիրախն է, և այստեղ ավելի բազմաշերտ գործողություններ են կիրառում ոչ միայն ռուսական, այլև բելառուսական իշխանությունները՝ փորձելով ջղաձգել լեհական իշխանություններին»,- ասաց նա։

Ոսկանյանը նաև նշեց, որ իր կարծիքով այս հիբրիդային գործողությունները ուղղված են ՆԱՏՕ-ի կոլեկտիվ գործողությունները ստուգելուն, քանի որ Ռուսաստանն ու Բելառուսը ցանկանում են հասկանալ՝ ինչ քայլերի կդիմեն ՆԱՏՕ-ն ու ԵՄ-ն։

«Եթե ԱՄՆ նախագահ Թրամփի վարչակազմը ավելի կողմնակից է որոշակի զիջումների կամ ավելի փափուկ քաղաքականության, ապա ԵՄ պետությունները այդքան էլ պատրաստ չեն այդ ուղղությամբ շարժվելու։ Նրանք ցանկանում են ուժեղացնել ճնշումները, պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ և պատրաստ չեն գնալ զիջումների Ուկրաինայի հարցում։ Քանի որ Ռուսաստանը խնդիր ունի թուլացնելու ԵՄ երկրների այս մոտեցումը, օգտագործում են տակտիկական, հիբրիդային միջոցներ։ Ավելին՝ մենք արդեն առերեսվում ենք բացահայտ ագրեսիայի Լեհաստանի տարածքում՝ ստուգելու, թե որքանո՞վ է ՆԱՏՕ-ն, հատկապես ԵՄ երկրների գլխավորությամբ, պատրաստ դիմակայելու կամ պատասխանելու նման հիբրիդային գործողությանը։ Շատ կարևոր են նաև Միացյալ Նահանգների հայտարարություններն ու գործողությունները այս իրադարձության նկատմամբ։ Ելույթներից հասկանում ենք, որ Գերմանիայի որոշումն ու մոտեցումն էլ կոշտ էր»։

Իր խոսքը եզրափակելով՝ քաղաքագետը նշեց, որ նման գործողություններ կարելի է սպասել նաև Ռումինիայում. «Կարծում եմ, նմանատիպ իրադարձություններ սպասվում են ոչ միայն Լեհաստանում, այլև Ռումինիայում։ Շուտով Մոլդովայում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ, որտեղ մեծ աջակցություն ունի Մայա Սանդուն՝ պրոեվրոպական թևի առաջնորդն ու փաստացի ղեկավարը։ Այդ ընտրությունները մեծ լարվածություն են ստեղծելու Ռուսաստան-ԵՄ քաղաքական բախման կիզակետում։ Հետևաբար, Ռումինիան ամեն կերպ ազդելու է և աջակցելու է Մայա Սանդուի պրոեվրոպական նկրտումներին։

Իսկ Ռուսաստանը, կարծում եմ, փորձելու է այս անգամ Ուկրաինայի տարածքով դեպի Ռումինիա ուղարկել նմանատիպ անօդաչու սարքեր՝ մեսիջ ուղարկելու համար ռումինական իշխանություններին, որպեսզի նրանք չխառնվեն Մոլդովայի ներքին գործերին։ Կարծում եմ՝ մի քանի կետերում, հատկապես Ռուսաստանի ու Բելառուսի սահմանակից ԵՄ երկրներում, տեղի են ունենալու նմանատիպ իրադարձություններ»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
18:07 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով