Պետությունը որոշվում է քաղաքական ինստիտուտներով։ Ցեղերը, պետություն չունեցող հանրույթները քաղաքական ինստիտուտներ չունեն, և մարդկանց հարցերը լուծում է առաջնորդը, հանրային հեղինակությունը։
ՀՀ-ն անկախ, ժողովրդավարական պետություն է, քաղաքականություն որոշող Կառավարություն կա, օրենքներ ընդունող ԱԺ, տեղական խնդիրները կարգավորող ՏԻՄ, արդարադատություն իրականացնող դատարան, Մարդու իրավունքների պաշտպան և այլ ինստիտուտներ, որոնք իրենց լիազորությունների ու պատասխանատվության շրջանակում գործառույթներ են իրականացնում։ Օրինակ՝ եթե գործատուն չի վճարում բանվորի աշխատավարձը, ապա բանվորը դիմում է դատարան, որն օրենքով լուծում է վեճը։ Կամ երբ մարդը սոցիալական օգնության կարիք ունի, նա դիմում է միասնական սոցիալական ծառայություն։ Պարզվում է, սակայն, որ քաղաքացիների հարցերի լուծման զարտուղի, ապապետական, ապաինտիտուցիոնալ ճանապարհ կա։
«Սիրելի քաղաքացիներ, այս ողջ ընթացքում առավելագույնն եմ արել էլ․ փոստով ձեր գրած նամակները անձամբ կարդալու և արձագանքելու համար։ Հիմա վիճակը հետևյալն է․ արձակուրդից ի վեր շուրջ հազար հատ նամակ է կուտակվել իմ էլ․ փոստին, իսկ ամենօրյա նամակների հոսքն էլ մեծացել է։ Ստիպված եմ խոստովանել, որ պատշաճ ժամանակում չեմ կարող բոլոր նամակները կարդալ և ընթացք տալ և այդ գործը չեմ ուզում պատվիրակել ուրիշի, որովհետև այս կապուղու հիմնական իմաստը հենց դա է, որ անձամբ քաղաքացիների հետ ուղիղ կապի հնարավորություն ունենամ»,- սեպտեմբերի 10-ին գրել է Նիկոլ Փաշինյանը։
Ինչո՞ւ են մարդիկ նամակ գրում վարչապետին։
Եթե դատարան, սոցիալական ծառայություն, կառավարման, քաղաքական, պետական ինստիտուտներ չկան, ապա նորմալ է, որ մարդիկ դիմում են Նիկոլ Փաշինյանին։ Օրինակ՝ մարդն աղքատ է, գործազուրկ կամ օգնության կարիք ունի։ Եթե Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, Միասնական սոցիալական ծառայությունը քաղաքացու խնդիրը կարողանային լուծել, ապա մարդը վարչապետին նամակ չէր գրի։ Այսինքն՝ Փաշինյանին գրված հազարավոր նամակները վկայում են, որ պետական ապարատը փաստացի անգործության է մատնված, ՄԻՊ-ը չի աշխատում, քաղաքական, կառավարման ինստիտուտները չեն գործում, ճգնաժամի մեջ են, անիմաստ մսխում են հարկատուների միջոցները։
Ավելին՝ ողջամիտ կասկած է առաջանում, որ պետական օղակների անգործությունը քաղաքական որոշում է, այսպիսով՝ արհեստական ճգնաժամ է ստեղծվում ու կեղծ պատկեր, թե պետական պաշտոնյաները վատն են, ծույլ, սրիկա, կաշառակեր, չեն հարգում օրենքն ու քաղաքացու իրավունքը, և Հայաստանում միայն Փաշինյանը կարող է ընթացք տալ քաղաքացու խնդրին, միայն նա է սիրում ժողովրդին։ Եթե մի քանի շաբաթում Փաշինյանի փոստում կուտակվել է հազար նամակ, և եթե նամակ գրողները հարգում են օրենքը, ապա ենթադրելի է, որ մի քանի շաբաթում ՔՊ-ական պաշտոնյաները հազար հոգու իրավունք են խախտել, անհիմն, անմարդկային, ապօրինաբար, հանիրավի մերժել են հազար հոգու դիմումները։ Ի՞նչ կարգի հուսահատության պիտի հասնցնեն մարդուն, որ նա գրի Փաշինյանին, հայցի նրա միջնորդությունը։
Սակայն այս պրակտիկայի արդյունքում ավելի շատ վնաս է պատճառվում ժողովրդին, քան օգուտ, քանի որ անղղակի խրախուսվում է կառավարման օղակների անգործությունը, որը, կարծես, համարվում է նորմալ։ Նաև նորմալ է համարվում այն, որ քաղաքացին չի փորձում իր խնդիրը լուծել օրենքով, կարգով, իրավունքով, դատարանով, այլ Փաշինյանին նամակ է գրում։ Մարդկանց, հավանաբար, ներշնչում են, թե Փաշինյանն ավելի բարձր է, քան օրենքը։ Սա արդեն բնապետության դուռ է բացում։ Ժողովրդավարական աշխարհում օրենքն ամեն ինչից վեր է։ Իսկ եթե նաև արմատավորվի համոզմունք, թե ՀՀ-ում օրենքով, կարգով, իրավունքով հարցեր չեն լուծվում, ապա վաղը մարդը կաշառք կտա ու կվերցնի, քանի որ ամեն անգամ Նիկոլ Փաշինյանին նամակ գրելն ամոթ է։ Իսկ եթե կաշառք տալն էլ համարվի նորմալ, ապա կծաղկի կոռուպցիան, մարդիկ կկորցնեն պետության գոյության իմաստը։ Դրանից կտուժի ժողովուրդը, այդ թվում՝ Փաշինյանին նամակ գրողը։
Կարճ ասած՝ լավ կլինի, որ ոչ թե քաղաքացին նամակ գրի վարչապետին, այլ պաշտոնյան բաց հայտարարի, որ իր լիազորությունների շրջանակում չի կարողանում բավարարել այսինչ քաղաքացու դիմումը։ Դրա համար խնդրում է գործընկերներին, այդ թվում՝ վարչապետին, քաղաքացու դիմումին արդար լուծում գտնել։ Եվ լավ կլինի, որ այս ընթացքը թափանցիկ լինի, ու քաղաքացին տեսնի, թե ինչպես է շարքային պաշտոնյան մարդասիրական խիզախությամբ պայքարում քաղաքացու խնդրին օրենքով, կարգով լուծում տալու համար։ Այսպես քաղաքացին վստահությամբ կլցվի պետության հանդեպ։ Եվ արդյունքում պետությունն իրապես կամրանա։
Թաթուլ Մկրտչյան