Մարդիկ ընդօրինակում են իշխանություններին։ Մեր դեպքում՝ Նիկոլ Փաշնյանին։ Իսկ ո՞ւմ է ձգտում ընդօրինակել, ումի՞ց է փորձում սովորել Նիկոլ Փաշինյանը։
Վերջին օրերին նա այցելել էր Չինաստան և Ճապոնիա։ Չինաստանում, կարծես, ընդօրինակելու բան չկար։ Իսկ Ճապոնիայում Փաշինյանը շրջում էր Տոկիոյի փողոցներում, «լայվ» մտնում, ուշագրավ բաներ տեսնում և մտածում դրանք Երևանում տեղայնացնելու մասին։
«Տոկիոյի փողոցներում ո՛չ աղբաման կա, ո՛չ աղբ։ Տոկիոյում ամեն մարդ ինքն է պատասխանատու փողոցում իր կենսագործունեության հետևանքով առաջացած աղբի համար»,- ասում էր Նիկոլ Փաշինյանը։
Ինչո՞ւ Տոկիոյի փողոցներում աղբ ու աղբաման չկա, իսկ Երևանում կա։ Եվ ինչո՞ւ Փաշինյանը Նիկոլը Պեկինում չէր շրջում փողոցում, «լայվ» չէր մտնում, իսկ Տոկիոյում մտնում էր։
Միջավայրը մաքուր պահելը դաստիարակության խնդիր է։ Բողոքականներն ասում են մարմինդ մաքուր պահիր, այնտեղ ապրում է Աստված։ Մաքրության նկատմամբ ուշադրությունը դաստիարակվում է մանկության, պատանեկության տարիքից։ Ճապոնիան առաջին ասիական երկիրն է, որն արդյունաբերականացվել է Եվրոպայի, ԱՄՆ-ի աջակցությամբ։ Սակայն այս երկրում ներդաշնակության գաղափարները ուրույն զարգացում են ունեցել և տարածված են եղել դեռ նախքան քաղաքացիական հասարակություն դառնալը։ Ճապոնացիները միջավայրի, բնության հետ ներդաշնակության իրենց բանաձևերն ու պատկերացումներն ունեն։
Եվ ամենակարևորը՝ ճապոնացիներն արժանապատվության ու պատասխանատվության բարձր զգացում են, որը ներշնչվել է ազնվականության, հոգևորականության, քաղաքական առաջնորդների կողմից։ Այսինքն՝ ժողովուրդն ընդօրինակել է էլիտային։
Նույնը չի կարելի ասել Նիկոլ Փաշինյանի մասին։ Ի՞նչ են սովորում մարդիկ ՔՊ-ից ու քաղաքական պաշտոնյաներից։ Միջավայրի հետ ներդաշնակության գաղափարները մեր երկրում տարածված չեն։ Հոգևորականությունն այս հարցերի հանդեպ անտարբեր է։ Մարմինը մաքուր պահելու հորդորն ընկալվում միայն ուղիղ իմաստով։ Ազնվականների հետքը չկա։ Իսկ քաղաքական առաջնորդները չեն էլ գիտակցում, որ ժողովուրդն ընդօրինակում է բարձր պաշտոյանների վարքն ու կրկնում նրանց խոսքը։
Տվալ դեպքում՝ Երևանը աղբից զերծ, մաքուր պահելու խնդիրը կապված է ոչ միայն ցախավելների քանակի, հավաքարարների բազմության, այլև քաղաքացիների պատասխանատվության հետ։ Քաղաքացին տեսնում է, որ իշխանություններն անպատասխանատու վարք են դրսևորում, ինքն էլ է անպատասխանատու վարք դրսևորում։ Եթե ՔՊ-ական իշխանությունն ուզում է տեղայնացնել ճապոնական փորձը, ապա նախ պետք է պատասխանատվությամբ վերաբերվի իր դիրքին, պարտականություններին, կոչումին։ Մարդիկ էլ կընդօրինակեն, պատասխանատվությամբ կվերաբերվեն իրենց քաղաքին, միջավայրը մաքուր կպահեն, ինչպես մաքուր են պահում իրենց մարմինը։
Ուշագրավ է նաև այն, որ Փաշինյանը մի քանի օր Պեկինում մնալով, այնտեղ լայվ չմտավ, չզբոսնեց փողոցներում, ո՛չ բան տեսավ, ո՛չ էլ ցույց տվեց ՀՀ քաղաքացիներին։ Պեկինում հտաքրքիր բան չկա՞ր։ Անուղղակի ակնարկվում է, թե Հայաստանը Պեկինից ընդօրինակելու, սովորելու բան չունի։ Եթե այդպես է, ապա ինչո՞ւ Աննա Հակոբյանը չի գնում Տոկիո սովորելու, այլ Պեկինի համալսարանն է ընտրել։
Կարճ ասած՝ Երևանն էլ կարող է մի օր ունենալ մաքուր փողոց ու բակ, եթե քաղաքական ընտրանին որակապես փոխվի, պատասխանատու վարք դրսևորի, ոչ թե քայքայի ու թշնամանք հրահրի ժողովրդի մեջ, այլ միավորի հասարակությունն ընդհանուր արժեքների շուրջ։ Մասնավորապես՝ եթե այսօր սկսեն դաստիարակել մանկապարտեզի սաներին, թե ինչու պետք է աղբից զերծ պահենք փողոցն ու բակն, ապա մի քանի տասնամյակ հետո գուցե մեր Երևանն էլ Տոկիոյի նման մաքուր կլինի։
Թաթուլ Մկրտչյան