Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումից հետո Թուրքիայի նախագահի գրասենյակի հրապարակած հայտարարության մեջ նշվում է՝ «Երևանի և Բաքվի միջև բանակցությունների հաջողությունը բխում է և՛ Թուրքիայի, և՛ Ռուսաստանի ընդհանուր շահերից»։
Թեմայի շուրջ
Oragir.News-ը մեկնաբանություն է խնդրել «Շանթ Դաշինք» ազգայնական կուսակցության նախագահ Շահեն Հարությունյանից։
Ի՞նչ ընդհանուր շահեր ունեն Թուրքիան ու Ռուսաստանը հայ-ադրբեջանական խաղաղության բանակություններից։Ռուսները և թուրքերը ոչ միայն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մեջ ունեն ընդհանուր շահեր, այլև ընդհանուր տարածաշրջանին վերաբերող բավականին շատ համաձայնություններ ու շահեր ունեն, ինչը 1921թ Մոսկվայի պայմանագրով ամբողջովին ամրագրված է։ Չնայած՝ մեր հասարակության և քաղաքական դաշտի զգալի մասը մերժում է պայմանագիրը, համարելով այն ժամկետանց, փոփոխված, բայց և՛ Ռուսաստանը, և՛ Թուրքիան վերահաստատում են պայմանագրի գոյությունը, նաև նշում են, որ շարունակելու են հարաբերությունները այդ պայմանագրից բխող դրույթներով և շահերով։ Այսինքն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը տեղավորվում է Մոսկվայի պայմանագրում սահմանված շահերին և դրույթներին, ինչը, բնականաբար, պետք է բխի թե՛ Ռուսաստանի, թե՛ Թուրքիայի շահերից։ Այն ամենն ինչ այսօր կատարվում է Հայաստանում, դա նախկինում որոշված է եղել Ռուսաստանի և Թուրքիայի համաձայնությամբ։ Թուրքիան միշտ ազդեցություն է ունեցել Ռուսաստանի վրա հայ-ադրբեջանական կոնֆլիկտի համատեքստում, և բնականաբար, այն չի կարող բխել մեր շահերից։
Ինչպե՞ս եք գնահատում ռուս-թուրքական ներկայիս հարաբերությունները՝ հատկապես Արցախի և Հարավային Կովկասի հարցերում։ Այն համագործակցությու՞ն է, թե՞ մրցակցություն։Թուրքիան, մի կողմից՝ համագործակցում է Ռուսաստանի հետ Մոսկվայի պայմանագրի շրջանակներում, մյուս կողմից՝ կա մրցակցություն ՆԱՏՕ-ի շրջանակներում։ Թուրքիան կարողանում է երկու հակամարտող խաղացողների միջև իր շահերը ճիշտ համադրել։ Այսօր տեսնում ենք, որ Ռուսաստանը պարտվում է գրեթե բոլոր տեղերում՝ Վրաստանում, Ուկրաինայում ծանր վիճակում է, Սիրիայում լուրջ հարված ստացավ, որտեղ մեծ միջամտություն ունեցավ Թուրքիան, ինչպես նաև ԼՂՀ կարգավորման հարցում։ Ինչքան էլ Ռուսաստանը պնդում է, որ այն հայ-ադրբեջանական հակամարտություն է, բայց տեսանք, թե ինչպես 2023թ խախտվեց նոյեմբերի 9-ի կետերը, ռուս խաղաղապահները առ ոչինչ դարձան ԼՂՀ-ում և չկարողացան կամ չուզեցին անել ոչինչ։ Դա ոչ միայն Հայաստանի խնդիրն էր կամ հայ-ադրբեջանական կոնֆլիկտի հարցն էր, այլև Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերի նշանակության խնդիրն էր։ Այսինքն նա կնքում է համաձայնագիր և 5 տարի ժամկետով տեղակայում զորքեր Արցախում՝ ստանձնելով ԼՂՀ բնակչության անվտանգությունը, սակայն 2023 թվականի սեպտեմբերի 23-ին ամբողջովին հայաթափում են և գրավում Արցախը։ Ռուսաստանը ոչ թե չէր կարող դիմակայել Ադրբեջանին, այլ չէր ցանկանում՝ ելնելով իր շահերից, այն է՝ օրինակ, Ուկրաինայի հարցում Թուրքիայի աջակցությունը ստանալը։ Այսինքն՝ Ռուսաստանը կորցնում է իր աշխարհաքաղաքական դերը Կովկասում, սակայն ստանում է առավելություն այլ տեղում, ինչպես նախկինում՝ կրկին զոհասեղանին մատուցվում է Հայաստանը։
Արդյո՞ք Թուրքիայի ներկայիս ակտիվությունը կարելի է դիտարկել որպես Օսմանյան ժառանգության վերարտադրության փորձ՝ Կովկասում։Թուրքիան վարում է նվաճողական քաղաքականություն։ Դա փաստ է։ Հիմա դա Օսմանյան ժառանգության վերարտադրություն փորձ է, թե նոր կայսրություն ստեղծում, դա արդեն երկրորդական է։ Այո, Էրդողանը այսօր վարում է կայսրության հիմքեր դնող քաղաքականություն և դա չի էլ թաքցնում իր ելույթներում։ Դեռ 2017 թվականին իր ելույթներից մեկում Էրդողանը, դիմելով թուրք ժողովրդին, կոչ էր արել երիտասարդներին գնալ աշխարհի տարբեր երկրներ, սովորել, ամրապնդվել, քանի որ նա վստահ է, որ թուրք երիտասարդները ինչքան էլ հեռու լինեն, երբեք չեն հեռանա իրենց ակունքներից, և միևնույն է՝ նրանք իրենց նպաստը բերելու են Թուրքիային։ Սա պատահական կոչ չէր։
Հիշեցնենք, որ օգոտոսի 8-ին Վաշինգտոնում Թրամփի աջակցությամբ ու ներկայությամբ նախաստորագրվել է հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը, եռակողմ հռչակագիր և երկկողմ հուշագրեր, որոնք ապահովում են ԱՄՆ-ի ներգրավվումը ՀՀ-ում, սահմանային անվտագության և այլ հարցերում։
Հիշեցնենք նաև, որ Շանհայի կազմակերպության գագաթնաժողովի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հանիպումներ է ունեցել և՛ ՌԴ նախագահ Պուտինի, և՛ Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ, ներկայացրել Վաշինգտոնում ձեռք բերված բանակցային առաջընթացը։