Ուսուցիչները աշակերտներին չեն հարգում, աշակերտներն՝ ուսուցիչներին։ Տարածված է բուլինգը։ Այս ամենն անդրադառնում է կրթական մակարդակի վրա, և բարեխիղճ ուսուցիչների ջանքերը ջուրն են ընկնում։
Առաջիկա ուսումնական տարին կկրի «Անվտանգ և ապահով կրթական միջավայրի տարի» խորագիրը։ Այս մասին օգոստոսի 27-ի հայտարարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Անկհայտ է, թե ինչու է այսպիսի խորագիր ընտրվել։ Դպրոցներում, իրոք, անվտանգ ու ապահով չէ։ Ռիսկերն այնքան են շատացել ու ակնառու դարձել, որ քաղաքականություն որոշողները չեն կարող աչք փակել։
Ասում են, թե ՔՊ-ն, որպես իշխանություն, մեղքի բաժին ունի։ Հայհոյախոսությունը, ատելության խոսույթը, եկեղեցու, ընդդիմախոսների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքը արձագանք են գտնում նաև դպրոցում, աշակերտների և ուսուցիչների շրջանում։ ՔՊ-ն աչքի է ընկնում նաև գաղափարամերժությամբ, արժեքներն արհամարհելով, նորմերը ոտնահարելով։ Ինչպես հայտնի է՝ երեխաները վատ բաները արագ են ընդօրինակում։ Ու երբ բարձր պաշտոնյան արժեքամերժ, ոչ առաքինի վարք է դրսևորում, ապա երեխաներն ընդօրինակում են ու բերում դպրոց։
Նիկոլ Փաշինյանն ամիսներ առաջ առաջարկեց, որ դպրոցներում փակցվի պաստառ՝ «Լավ սովորիր, որ լավ ապրես»։ Սակայն երեխաները տեսնում են, որ լավ սովորողների մեծ մասն աշխատանք չունի կամ ցածր է վարձատրվում։ Իսկ լավ ապրողների մեծ մասը կա՛մ կրթություն չունի, կա՛մ անկիրթ է ձևանում։ Պետությունը չունի ծրագիր, որը լավ սովորողի համար լավ կյանք է երաշխավորում։ Այս կարգաոսը նաև եսասիրական է։ Սովորելու մասին այսպիսի անիրատեսական ու հակահասարակական մոտեցումները ևս տեղ են բացում դպրոցում արատավոր բարքերի ներթափանցման համար, ինչի արդյունքում ձևավորվում է ոչ անվտանգ ու ոչ ապահով միջավայր։
34 տարի է ՀՀ-ն անկախ է, բայց դպրոցում դեռ խորհրդային բռնազավթման շրջանի բարքերն են, ուսուցիչներին դիմում են ոչ թե «պարոն», «տիկին», այլ «ընկեր» էսինչյան։ Առաջին հայացքից՝ սա անշառ իներցիա է, սակայն վկայում է դպրոցի նկատմամբ քաղաքականություն որոշողների անուշադրության մասին։ Դպրոցից դուրս քաղաքացիական հասարակություն է, որտեղ մարդիկ միմյանց դիմում են պարոնով։ Իսկ դպրոցում սոցիալիստական հասարակությո՞ւն է, որ դիմում են ընկերով։ Միթե՞ չեն նկատում, որ այսպիսով աշակերտն ու ուսուցիչը կտրվում են իրականությունից, դառնում ագրեսիվ։ Հատկապես ագրեսիվ են դառնում անկարգ երեխաներն ու անդաստիարակ ուսուցիչները, և դպրոցը, ուսհաստատությունը դառնում են ոչ անվտանգ ու ոչ ապահով տեղ։
Իսկ ինչպե՞ս կարելի է դպրոցում անվտանգ ու ապահով միջավայր ստեղծել։
Նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, թե սեպտեմբերին դպրոցները կստանան անվտանգության ուղեցույց, որտեղ նկարագրված կլինեն աշխատանքները համապատասխան բոլոր կարևոր ուղղություններով։ Տարվա ընթացքում ծրագրվել են նաև բազմաթիվ թեմատիկ միջոցառումներ, որոնք ուղղված կլինեն այդ շրջանակում առանձին թեմաների ներկայացմանը՝ ֆիլմերի դիտումներ, թատերական ներկայացումներ, նախագծային աշխատանքներ, ինչպես նաև համապատասխան վերապատրաստումներ։
Իհարկե՝ ողջունելի է, որ ԿԳՄՍՆ-ն դպրոցներում, ուսհաստատություններում անվտանգ ու ապահով միջավայր ստեղծելուն ուղղված միջոցառումներ է կազմակերպելու, սակայն դրանից առաջ հարկ է խոստովանել, թե ե՞րբ և ինչո՞ւ է դպրոցը դարձել ոչ անվտանգ ու ոչ ապահով վայր, մեղքի ի՞նչ բաժին ունեն Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմակիցները։ Եթե հիմնական մեղավորները նրանք են, ապա առաջին հերթին նրանց պետք է բաժանվեն ուղեցույցներ, և նրանք պետք է փոխեն իրենց վարքը։ Հակառակ պարագայում՝ ԿԳՄՍՆ-ի ջանքերը ջուրը կընկնեն։
Կարճ ասած՝ ՔՊ-ական իշխանությունները ոչ միայն անվտանգության ուղեցույցներ պետք է բաժանեն դպրոցներում, այլ էապես փոխեն իրենց վարքը, վերաբերմունքը պետության, ժողովրդի, կրթության նկատմամբ։ Օրինակ՝ կարող են ծրագրերում ներմուծել «Ներդաշնակություն» առարկան, որն այսօր էլ դասավանդվում է արևմտյան երկրների բազմաթիվ քոլեջներում ու բուհերում, հումանիտար բաժիններում։ Այս տարբերակով հնարավոր է ոչ միայն անվտանգ ու ապահով դարձնել դպրոցն, այլև ձևավորել հասարակական համերաշխության մթնոլորտ։
Թաթուլ Մկրտչյան