Ուղիղ եթեր
Ներքին Միտք 9 ամիս առաջ - 09:40 24-08-2025

Ե՞րբ դուրս կգա ռուսական ռազմաբազան․ 3 տարբերակ

Անկախության հռչակագրի 35-րդ տարեդարձը նշանավորվեց Գյումրիում կազմակերպված իրարամերժ ցույցերով։ «Հանուն Հանրապետության» կուսակցությունը պահանջում էր դուրս հրավիրել ՀՀ-ում տեղակայված օտար-ռուսական զորքերը։ Իսկ «Մայր Հայաստան» շարժումը «Ձեռքերդ հեռու, ռուսական ռազմաբազայից» պաստառ էր պարզել։

Ինչո՞ւ է Հայաստանում տեղակայվել և մնում ռուսական ռազմաբազան, և ե՞րբ դուրս կգա։ Գյումրիի ցույցերը ցույց տվեցին, որ այս հարցերը հետաքրքրում են հանրությանը։

1994-ի զինադադարի նախընթաց բանակցություններում կողմերի և միջնորդների միջև պայմանավորվածություն ձերք բերվեց, որ զինադադարի կնքումից հետո Հայաստանից, Արցախից և Ադրբեջանից պետք է դուրս բերվեն ռուսական, նախկին խորհրդային զորքերը։ Արցախից և Ադրբեջանից դուրս բերվեցին, իսկ Հայաստանում մնացին ու դարձան ռազմաբազա։ ՀՀ իշխանությունն, ի դեմս Լևոն Տեր-Պետրոսյանի, իր վրա վերցրեց պատասխանատվությունը, հայտարարելով, իբր՝ ինքն է խնդրել ռուսներին, որ մնան որպես ռազմաբազա։ ՀՀ-ում ռուսական ռազմաբազայի տեղակայման մասին հայ-ռուսական պայմանագիրը կնքվեց 1995-ի մարտի 16-ին, ինչը խորհրդանշում է 1921-ի Մոսկվայի մարտի 16-ի ռուս-թուրքական եբայրության պայմանագրի իներցիան։ Ի դեպ՝ 1995-ի մարտի 16-ի պայմանագրի հայերեն տարբերակը չկա, հրապարակված չէ ՀՀ պաշտոնական աղբյուրներում, ինչը հավելյալ հիմք է այն ապօրինի ճանաչելու համար։

Այսպիսով՝ հայ-թուրքական սահմանը կարծես դարձավ ռուս-թուրքական սահման, հայ-իրանական սահմանը՝ ռուս-իրանական, որոնք պաշտպանում է ռուսական դրոշով սահմանապահը։ Այս հակահայկական պայմանագրով սահմանափակվեց ՀՀ ինքնիշխանությունը, ՀՀ-ն անկախ երկրից վերածվեց ռուսական ազդեցության գոտու։ Միջազգային հանրության վերաբերմունքը ՀՀ-ի նկատմամբ բացասական երանգ ստացավ։ Հայաստանը դիտվեց որպես ռուսական ֆորպոստ։

Ռոբերտ Քոչարյանի շջանում ռուսական ազդեցությունը խորացավ։ ՌԴ-ին հանձնվեցին կարևոր եթակառուցվածքներ։ Նիկոլ Փաշինյանն ավելի խորացրեց, քանի որ իշխանության էր եկել ռուսական աջակցությամբ։ Նա անձամբ է խոստովանել, որ 2018-ին ֆորպոստի վարչապետ էր։ Նրա օրոք պարտությունների, ազգային աղետների խորքային պատճառը ռուսական շահերը գերադասելն է եղել։

Նիկոլ Փաշինյանն իշխանություն ստանձնելիս խոստացել է անխախտ պահել հայ-ռուսական օրակարգը։ Այս մասին ասել է Սերժ Սարգսյանը 2021-ին, Մհեր Մկրտչյանի հետ հարցազրույցում։ Քանի դեռ այս պայմանավորվածությունն ուժի մեջ է, ՔՊ-ական իշխանությունները օրակարգ չեն բերի ռուսական ռազմաբազան դուրս հրավիրելու հարցը։ Այս առումով՝ ռուսամետներն անհանգստանալու հիմք չունեն, սակայն պարտավոր են զավթել ընդդիմադիր նիշան, ամեն ինչ անել, որ Փաշինյանը մնա ֆորպոստի վարչապետ, որ հայ-ռուսական օրակարգն անխախտ մնա։

Ռուսական զորքերը կարող են Հայաստանից դուրս հրավիրվել, եթե ազատ արդար ընտրություններով իշխանության գան անկախության և ժողովրդավարության ջատագովները, որոնք, բնականաբար, առաջին հերթին կազատվեն ռուսական ռազմական ներկայությունից, ամրապնդելով ՀՀ ինքնիշխանությունը։ Սա առաջին տարբերակն է, որն ամենաուղիղն է։ Վերջին հարցումները ցույց են տալիս, որ հանրության մեծ մասը անկախության և ժողովրդավարության կողմնակից է, ՌԴ-ին դաշնակից չի համարում։ Ուստի՝ եթե 2026-ին ընտրությունները չկեղծվեն, ապա անկախության և ժողովրդավարության ջատագով ուժերը կանցնեն խորհրդարան և կլուծեն հարցն առաջնահերթ կարգով։

Երկրորդ տարբերակը հեղափոխությունն է։ Փաշինյանը մի քանի անգամ կրկնել է, որ իր քաղաքական կուրսից դժգոհ մարդիկ, ուժերը կարող են հեղափոխություն անել։ Օրինակ՝ Բագրատ Սրբազանը կամ Սամվել Կարապետյանը կարող են ՀՀ-ն ռուսական ազդեցությունից ազատելու դրոշ բարձրացնել, ռուսական ռազմաբազան դուրս հրավիրելու հարցն օրակարգ բերել ու հեղափոխություն անել, ժողովրդի աջակցությամբ վերցնել իշխանությունն ու իրականացնել խոստացվածը։ Սա բարդ տարբերակ է, որը կարող է զոհեր պահանջել։ Փաշինյանը կարող է ՀԱՊԿ զորքեր հրավիրել ու ճնշել հեղափոխությունը։ Հետևապես՝ այս տարբերակն անցանկալի է։

Երրորդ տարբերակն ամենաժողովրդավարականն է։ Ժողովրդավարական ուժերը կարող են 50 հազար ստորագրություն հավաքել և ռուսական զորքերը դուրս հրավիրելու հարցը մտցնել ԱԺ օրակարգ, ինչպես ԵՄ անդամակցելու գործընթացը մտավ ԱԺ օրակարգը և օրենք դարձավ։ Այս տարբերակը մի քանի ամիս կպահանջի։ Եվ եթե հիմա սկսեն, ապա 2026-ի ընտրությունների նախաշեմին արդեն կարող են օրենքն օրակարգ բերել և խառնել ռուսական խաղաղթղթերը։

Կարճ ասած՝ 3 տարբերակներն էլ քաղաքական ջանք և կազմակերպվածություն են պահանջում։ Անկախության և ժողովրդավարության ջատագովների ճամբարում կան և՛ հեղափոխականներ, և՛ ընտրություններին մասնակցելու, և՛ ստորագրություններ հավաքելու փորձառություն ունեցողներ։ Ուստի՝ համապատասխան ռեսուրսների և ջանքերի մեկտեղման պարագայում երեք տարբերակներն էլ հնարավոր են։

Թաթուլ Մկրտչյան