Հայաստանում կարտոֆիլի պաշարները նվազել են, ինչն առաջիկա ամիսներին շուկայում կարող է դեֆիցիտ առաջացնել։ Պաշարների նվազման մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ 2025 թվականի հունվար-հունիս ամիսներին Հայաստանը հարևան Վրաստանից 3700 տոննա կարտոֆիլ է ներկրել։
Oragir.News-ի հետ զրույցում գյուղատնտես Հարություն Մնացականյանը նշեց, որ այս իրավիճակը մասամբ պայմանավորված է անցած տարի շուկայում արձանագրված տատանումներով։
«Նախ, անցած տարվա գների անկում էր կարտոֆիլի, երբ Ռուսաստանում բավականաչափ իջան գները և սկսեցին մեծ քանակությամբ ներմուծել։ Մեր արտադրողները որոշեցին պահել բերքը ավելի ուշ վաճառքի համար, բայց վերջում չկարողացան վաճառել, և ահագին մեծ քանակի կարտոֆիլ թափվեց։ Արդյունքում անցած տարի բավարար քանակություն չարտադրվեց, ինչն էլ այս տարի ստիպեց ներկրել Վրաստանից 3700 տոննա կարտոֆիլ»,– ասաց նա։
Հարություն Մնացականյանի գնահատմամբ՝ խնդրի լուծման համար անհրաժեշտ է պետական հստակ քաղաքականություն՝ տեղական պահանջարկի բավարարման համար նվազագույն ծավալների հաշվարկով։
«Պետք է խթանել կարտոֆիլի աճեցումը և միառժամանակ ուսումնասիրել արտասահմանյան շուկաները, հատկապես՝ ռուսականը։ Եթե Ռուսաստանում գինը բարձր է, պետք է զարգացնել արտահանումը, իսկ եթե ցածր է՝ գոնե ապահովել այն մինիմումը, որը կբավարարի ներքին պահանջարկը, որպեսզի ներկրում չկատարենք այլ երկրներից»,– նշեց գյուղատնտեսը։
Գյուղատնտեսը հավելեց նաև, որ նման իրավիճակները հնարավոր է կանխատեսել և կանխարգելել, եթե պետական ու մասնավոր հատվածները միասին աշխատեն շուկայի վերլուծության և բերքի պլանավորման ուղղությամբ:
Մերի Հակոբյան