Հայաստանի Հանրապետությունում վերջին տարիներին ինքնասպանության դեպքերը և ինքնասպանության փորձերը աճել են, ինչը լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս։ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվայլների համաձայն՝ 2025 թվականի առաջին 6 ամիսներին Հայաստանում արձանագրվել է 465 ինքնասպանություն և ինքնասպանության փորձ, մինչդեռ 2024-ի նույն ժամանակահատվածում այդ թիվը կազմել է 422, 2023-ին՝ 302։
Ինքնասպանության փորձ կատարած և այն իրականացրած քաղաքացիների շրջանում գերակշռում են տղամարդիկ։ 2025 թվականի առաջին կիսամյակում արձանագրված 465 դեպքից 307-ը բաժին է ընկել հենց տղամարդկանց․ 72 ինքնասպանություն և 235 ինքնասպանության փորձ։ Կանանց դեպքում այս ցուցանիշները համապատասխանաբար կազմում է 27 և 131։
Ազգային Վիճակագրական Ծառայության այս վիճակագրությանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է տնտեսագետ Հրայր Կամենդատյանը՝ համոզմունք հայտնելով, որ տղամարդկանց ինքնապսանությունները պայմանավորված են այն հանգամանքով, որ «նրանք ներգրավվել են խաղամոլության ճահճում»։ «Դուք պատկերացնո՞ւմ եք, ինչ է նշանակում օրերով կանգնել բուքմեյքերական գրասենյակում կամ առցանց կազինոներում, կործանել ոչ միայն սեփական աշխատավարձը, այլև ընտանիքի սննդի փողը, երեխայի ուսման վճարը, նույնիսկ տունը։ Սկզբում մտածում են՝ «մի վերջին խաղ, հետո կդադարեմ», հետո արդեն պարտքի տոկոսները խեղդում են, սպառնալիքներով զանգեր են գալիս վարկատուներից, և մարդը կանգնում է պատի տակ»,- գրել է նա։
Գրառումից, որը մի շարք լրատվամիջոցների կողմից արագորեն արտատպվել և տարածվել էր, հանրության շրջանում տպավորություն է ստեղծվում, որ հրապարակված վիճակագրության մեջ առկա է հստակ դասակարգում, թե ինչ հանգամանքներով է պայմանավորված եղել արձանագրված յուրաքանչյուր ինքնասպանության դեպքը կամ դրա փորձը։ Ուսումնասիրելով Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված վիճակագրությունը,
Oragir.News-ը հասկացավ, որ նման դասակարգում չկա։ Վիճակագրական տվյալների մեջ ոչ մի տեղ չեն նշվում ինքնասպանության կամ դրանց փորձերի պատճառները։
Ավելին՝ դեպքերն ըստ դրանք կատարողների սոցիալական կարգավիճակի ու զբաղմունքի ուսումնասիրելիս նկատեցինք, որ 2025 թվականին ինքնսպանություն գործած քաղաքացիների միայն 25, իսկ ինքնասպանության փորձ կատարած քաղաքացիների 49․4%-ն է գործազուրկ եղել։ Սա նշանակում է, որ առնվազն այս քաղաքացիների դեպքում մահվան պատճառը «խաղամոլությունը» և դրանից գոյացած պարտքերը չեն եղել, քանի որ այս անձինք ունեցել են եկամուտներ, և եթե իսկապես պարտքեր ունենային, ապա կարող էին ինչ-որ տարբերակով մարելու եղանակներ գտնել։ Դեպքերն դասակարգվել են ըստ կատարողների սոցիալական կարգավիճակի ու զբաղմունքի, ինչպես նաև կատարման եղանակի։
Այսպիսով՝ հերթական անգամ բախվում ենք, վիճակագրական տվյալների մանիպուլացման և դրանք ցանկալի համատեքստում ներկայացնելու գործելակերպի հետ, ինչն անընդունելի է, հատկապես՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործ ունենք մարդկային ողբերգությունների հետ։ Բացի այդ, հերթական անգամ անհարկի պիտակավորվում և հանրային քննադատության թիրախում է հայտնվում շահումով խաղերի ոլորտը, որտեղ հազարավոր մարդիկ են աշխատում և որտեղից ամեն տարի միլիոնավոր դոլորների հարկեր են գեներացվում պետբյուջե։
Կարծում ենք՝ այստեղ առկա է համակարգային լուրջ խնդիր, ուստի նմանատիպ շահարկումներից խուսափելու համար առավել նախընտրելի կլիներ, եթե ԱՎԾ-ն նաև լրացուցիչ վիճակագրություն հրապարակեր՝ ներկայացնելով, թե որ գործոններն են քաղաքացիներին դրդել ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի։ Այս իրավիճակում այլևս հնարավոր չի լինի հանրությանը մանիպուլացնել ու պնդել, որ մարդիկ «խաղամոլության» պատճառով են ինքնասպանության դիմում՝ անտեսելով այն խորքային շարժառիթները, որոնք մարդկանց նման ծայրահեղ քայլի են դրդել։ Նման մոտեցումը, ըստ էության, նաև իրական պատճառների անտեսում է, խնդրի մեջ լրջորեն խորանալու ու ուսումնասիրելու ցանկության բացակայություն։
Բացի այդ, չափազանց կարևոր է ուշադրության արժանացնել այն հանգամանքը, որ աշխարհի մի շարք երկրներում, որտեղ վիճակախաղերն ու շահումով խաղերն օրենքով արգելված են, ինքնասպանության դեպքերը ոչ միայն չեն նվազում, այլև տարեցտարի աճում են։ Սա ևս գալիս է փաստելու, որ ամեն ինչ այդքան էլ միանշանակ չէ, ինչպես պնդում են հայաստանյան փորձագետներն ու քաղաքական գործիչները։
Լավատեսորեն ակնկալում ենք նաև, որ հանրային գործիչներն ու փորձագետները հաջորդիվ կխուսափեն վիճակագրական տվյալները մանիպուլացնելու փորձերից, կփորձեն առնվազն ուսումնասիրել այն տեղեկատվության աղբյուրները, որոնց հղում են կատարում, իսկ գործընկեր լրատվամիջոցներն էլ որևէ տեղեկատվություն արտատպելուց ու հանրությանը որպես ճշմարտություն մատուցելուց առաջ կհետաքննեն, թե որքանով է դա համապատասխանում իրականությանը․․․