Լրագրող Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Քիչ հավանական եմ համարում, որ Հայաստանն ու Ադրբեջանը Վաշինգտոնում ստորագրեն Խաղաղության վերջնական պայմանագիր: Շատ ավելի հավանական է, որ Թրամփի ինքնագոհ ժպիտի ներքո Փաշինյանն ու Ալիևը ստորագրեն հուշագիր կամ միջանկյալ որևէ փաստաթուղթ, որով նաև Արաքսի երկայնքով ձգվող ճանապարհի կառավարումը հանձնվի ամերիկացիներին:
Անհեթեթ կլինի, եթե ճանապարհը, անցումը կամ միջանցքը կրի «Թրամփի երթուղի միջազգային խաղաղության և բարգավաճման համար» անունը, ինչպես հաղորդում են արևմտյան լրատվամիջոցները:
Իմ կարծիքով, Ալիևը վերջնական փաստաթուղթ կստորագրի Փաշինյանի հետ միայն եկող տարի կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո, եթե գործող վարչապետի թիմը հաղթի ընտրություններում:
Մինչ ընտրություններ ևս կարող է ստորագրվել, եթե Հայաստանը կատարի Ադրբեջանի մի քանի նախապայմանները, առաջին հերթին՝ Ալիևն ու Փաշինյանը տարեվերջին ԵԱՀԿ հանդիպմանը համատեղ դիմեն ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խումբը ցրելու առաջարկով:
Եթե Վաշինգտոնի հանդիպումից հետո Թուրքիան չբացի Հայաստանի սահմանը գոնե երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր կրողների համար և Երևանն ու Անկարան չսկսեն դիվանագիտական հարաբերություններ հաստատելու գործընթաց, ապա Թրամփի միջնորդությամբ հանդիպումը կհամարեմ դիվանագիտական հերթական ձախողում:
Դեռ մի կողմ եմ թողնում, թե Հայաստանին ինչ մարտահրավերներ են լինելու հյուսիսից ու հարավից, բայց սա այլ պատմություն է»: