Ներքին 9 ամիս առաջ - 21:00 07-08-2025

ՀՀԿ-ն երկնային պարգև էր, ժողովուրդը՝ անշնորհակալ․ անցյալից դասեր չքաղելու գինը

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Ժողովրդավարական երկրներում իշխանությունը կորցնելուց հետո քաղաքական կուսակցություններն ավանդաբար վերլուծում են սեփական կառավարման շրջանի սխալներն ու բացթողումները, հատկապես՝ եթե մտադիր են կրկին իշխանության գալ։ Հենց սխալների վերլուծության արդյունքում են ձևավորվում հանրության լայն շերտերի շահերից բխող մրցունակ նախընտրական ծրագրերը, որոնցով էլ նրանք հետագայում մտնում են ընտրապայքարի մեջ և վերադառնում իշխանության՝ ամբողջովին, կամ մասամբ։

Երբ 7 տարվա հեռավորությունից երբ փորձում ենք դիտարկել 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները, հասկանալ դրանց խորքային պատճառները, հայտնվում ենք իրարամերժ գնահատականների տեղատարափում։ Հայ հանրության մի մասը տարբեր պատճառներով այսօր էլ վստահ է, որ տեղի ունեցածն իսկապես հեղափոխություն էր, մյուս մասը գտնում է, որ Փաշինյանին աշխարհաքաղաքական կոնսենսուսի արդյունքում հաջողվեց տապալել Սերժ Սարգսյանին և իշխանության գալ, ոմանք էլ պնդում են՝ Սարգսյանը հենց ինքն է իշխանությունը հանձնել Փաշինյանին, քանի որ պատրաստ չէր ստանձնել Արցախի հարցում սպասվող ցավոտ զիջումների, մասնավորապես ԼՂԻՄ-ին հարակից շրջաններն Ադրբեջանին հանձնելու պատասխանատվությունը։

Եթե իշխանափոխության գործընթացի մասին կարծիքներն իրարամերժ են, ապա նույնը չենք կարող ասել դրա պատճառների մասին։ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին հանրության շրջանում մեծ դժգոհություն էր կուտակվել, որը մեծ ընդվզման վերածվեց այն բանից հետո, երբ երրորդ նախագահը դրժեց վարչապետի պաշտոնում չառաջադրվելու իր խոստումը, իսկ Նիկոլ Փաշինյանին էլ հաջողվեց այդ դժգոհությունը քաղաքական կապիտալի վերածել ու գալ իշխանության։ Այլ կերպ ասած՝ հանրության ճնշող մեծամասնությունը ցանկանում էր ցանկացած գնով ազատվել Սերժ Սարգսյանից ու այդ օրերին էական նշանակություն չուներ, թե ով կդառնար Հայաստանի վարչապետը։ Այսօր էլ 2018-ին ազնիվ մղումներով փողոց դուրս եկած քաղաքացիներն ափսոսում են ոչ թե Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելու, այլ նրան Նիկոլ Փաշինյանով փոխարինելու համար։

Թվում էր Սերժ Սարգսյանն ու նրա քաղաքական ուժը՝ Հանրապետական կուսակցությունը, նախորդ 7 տարիները պետք է օգտագործեր՝ այս վերլուծությունը կատարելու և հանրությանը նորովի ներկայանալու համար։ Դատելով ՀՀԿ-ականների հրապարակային խոսքից՝ տպավորություն ենք ստանում, որ կուսակցության ներսում նման պրոցես տեղի չի ունեցել։ Ավելին՝ հանրապետականներն իրենց ելույթներում և հարցազրույցներում մշտապես փորձում են պատրանք ստեղծել, որ ՀՀԿ-ն երկնային պարգև էր, Հայաստանում ամեն ինչ այդ տարիներին կատարյալ էր, իսկ հայ ժողովուրդն անշնորհակալի նման փողոց դուրս եկավ և մերժեց իր համար նման կյանք ապահոված ղեկավարին և քաղաքական ուժին։

Ներընդդիմադիր լարվածության ֆոնին էլ որոշ ՀՀԿ-ականներ այս օրերին տարբեր եթերներից վստահեցնում են, որ 2021-ին իրենք անցողիկ շեմը չեն հաղթահարել, քանի որ իրենց համակիրների ճնշող մեծամասնությունը քվեարկել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի օգտին։ Պնդելով, որ Հանրապետականը ցանկացել է Քոչարյանի վերադարձը՝ ՀՀԿ-ականներից ոմանք էլ հայտարարում են, որ 2021-ի ընտրություններում երկորդ նախագահի ստացած ձայների մեծամասնությունը ՀՀԿ-ի ձայներն էին, քանի որ վերջինս իր առաջ ձայն հավաքելու խնդիր չի դրել և աջակցել է Քոչարյանին։

Հարց է առաջանում, եթե 2021-ին ՀՀԿ-ի համակիրների ճնշող մեծամասնությունը քվեարկել է Ռոբերտ Քոչարյանի օգտին և հենց այդ պատճառով էլ «Պատիվ ունեմ» դաշինքը իրավունքի ուժով է հայտնվել խորհրդարանում, ապա ինչն էր պատճառը, որ նույն Հանրապետականը 2018-ի արտահերթ ընտրություններում էլ չհաղթահարեց անցողիկ շեմը և երկարամյա կառավարումից հետո անգամ փոքրաթիվ ընդդիմադիր խմբակցության կարգավիճակով էլ ԱԺ-ում չկարողացավ հայտնվել։ Ընթերցողին հիշեցնենք, որ ՀՀԿ-ն 2018-ին ստացել էր 59 հազար 83 քվե կամ ձայների 4․7 տոկոսը, մինչդեռ դրանից մեկուսկես տարի առաջ՝ 2017-ի ապրիլի ընտրություններում շռնդալից հաղթանակ էր տարել՝ ստանալով ավելի քան 10 անգամ շատ ձայն՝ շուրջ 49 տոկոս։ Փաստարկը, թե այն ժամանակ էլ են Ռոբերտ Քոչարյանին են աջակցել, այս անգամ առավել քան համոզիչ չէ, քանի որ երկրորդ նախագահն ընտրություններին չէր մասնակցում, ավելին՝ կալանավորված էր, իսկ իր նկատմամբ իրականացվող հակաքարոզչության հետևանքով ուներ շատ ավելի ցածր վարկանիշ, քան ՀՀԿ-ն։

Այսպիսով՝ առ այսօր ՀՀԿ-ում չեն հասկացել, կամ չեն ցանկացել հասկանալ, թե ինչու 2018-ին իրադարձությունները նման կերպ զարգացան, և ինչը ստիպեց հայ ժողովրդին Սերժ Սարգսյանից ձերբազատվելու համար իշխանության բերել Նիկոլ Փաշինյանին։ Սեփական բացթողումներն ընդունելու և ապագայում դրանք չկրկնելու ջանքեր գործադրելու փոխարեն Հանրապետական կուսակցությունն առ այսօր փորձում է խուսափել պատասխանատվությունից և զբաղվել մեղավորների փնտրտուքով, ինչի օգտական գործողություն գործակիցը մոտ է զրոյին, եթե չառաջնորդվենք այն դավադրապաշտական պնդումներով, որ հենց Սերժ Սարգսյանն է իշխանությունը հանձնել Նիկոլ Փաշինյանին, և նա մի գեղեցիկ օր վերադարձնելու է այն։

Իրականում հենց այստեղ է նաև պատճառը, թե ինչու ՀՀԿ-ն 2018-ին 2017-ի համեմատ ավելի քան 10 անգամ պակաս ձայն ստացավ ու երկարամյա կառավարումից հետո պարզապես չկարողացավ հայտնվել խորհրդարանում։ Լավատեսորեն ակնկալում ենք, որ ՀՀԿ-ի առաջիկայում այս պրոցեսը տեղի կունենա, այլապես 2026-ի ընտրություններում կուսակցության ստացած ձայները էապես չեն տարբերվի 2018-ին կամ 2021-ին ստացած ձայներից, իսկ Առաջին նախագահի գլխավորած «Հայ Ազգային կոնգրես»-ի հետ ձևավորվող հնարավոր դաշինքը դժվար թե իրավիճակի վրա շոշափելի ազդեցություն ունենա․․․

Դավիթ Գույումջյան Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան