Վերջին օրերին ֆեյսբուքյան փոխհրաձգություն էր ընթանում ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանի և Հայ հեղափոխական դաշնակցության մի շարք ազդեցիկ դերակատարների միջև։ Փոխհրաձգության պատճառը ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի վերջին հարցազրույցն էր, որում նա նշել էր, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը որակել էր «ոչ աննախընթաց երևույթ»՝ մատնանշելով այս ուղղությամբ Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունը։
Փաստացի ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը 2 գործընթացները դիտարկել էր միևնույն հարթության մեջ, ինչը երրորդ նախագահի երբեմնի թիմակիցը որոշել էր անարձագանք չթողնել՝ հիշեցնելով, որ 2008-2010 թթ․ գործընթացի նպատակը Թուրքիային Արցախի հարցում որևէ միջամտությունից զերծ պահելն էր ու այն վայելում էր միջազգային հանրության ազդեցիկ դերակատարների աջակցությունը։ Ֆարմանյանն ուշադրություն էր հրավիրել նաև այն բանին, որ այժմ Թուրքիայի բոլոր նախապայմանները կատարված են՝ չհամաձայնելով Տեր-Խաչատուրյանի այն դիտարկմանը, որ Ցյուրիխյան արձանագրություններով ՀՀ-ն բավարարել է Թուրքիայի նախապայմաննները։
Այլ կերպ ասած Սամվել Ֆարմանյանը որոշել էր ՀՅԴ-ականներին բարոյականության դասեր տալ, ինչին արձագանքեցին բազմաթիվ ՀՅԴ-ականներ, այդ թվում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ Վերջինս պնդել է, որ Ֆարմանյանը Հակոբ Տեր-Խաչատուրյանին վերագրել է իրականության հետ կապ չունեցող գնահատակններ ու դատողություններ, որոնցից մեկն էլ այն էր, որ ՀՅԴ-ական գործիչը 2 գործընթացները մինևույն հարթության մեջ չի դիտարկել։ Գեղամ Մանուկյանը չի համաձայնել նաև Սամվել Ֆարմանյանի այն դիտարկամը, որ Թուրքիային չի հաջողվել հայ-թուրթական արձանագրություններում սեփական պահանջները ամրագրել՝ հիշեցնելով դեռևս այդ օրերին վերջինիս հետ ունեցած զրույցները։
Անկախ ՀՅԴ-ի ծավալած գործունեությունից և դրա նկատմամբ ունեցած վերաբերմունքից՝ հստակ է, որ ավանդական այս կուսակցությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում սկզբունքային դիրքորոշում ունի, որը նախորդ տասնամյակների ընթացքում չի փոխվել։ Ավելին՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի ամենաթեժ փուլում՝ 2009-ի ապրիլին, երբ Ցյուրիխյան արձանագրություններ նախապատրաստվում էին ստորագրման, կուսակցությունը դուրս եկավ ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի և ՕԵԿ-ի հետ ձևավորած կոալիցիայից, դիրքավորվեց ընդդիմադիր դաշտում և այսպիսով չհրաժարվեց սեփական կարմիր գծերից։
Եթե ՀՅԴ-ին առնվազն այս հարցում կարող ենք որակել որպես սկզբունքային քաղաքական ուժ, ապա Սամվել Ֆարմանյանին հաստատապես չենք կարող որակել նույնքան սկզբունքային քաղաքական գործիչ՝ հաշվի վերջինիս բավականին խայտաբղետ քաղաքական կենսագրությունը ու փոխած կուսակցությունների թիվը․
Թեպետ Սամվել Ֆարմանյանն առաջին անգամ պատգամավոր է ընտրվել 2012 թվականին՝ ՀՀԿ-ից, սակայն ՀՀԿ-ն ամենևին էլ միակ կուսակցությունը չէ, որին նա անդամակցել է։ Նա տևական ժամանակ եղել է Օրինաց երկիր կուսակցության երիտասարդական թևի նախագահը, 2005-2006 թվականներին, երբ ԱԺ նախագահը ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանն էր, Ֆարմանյանը ԱԺ նախագահի խորհրդականն էր։ Ֆարմանյանը ՕԵԿ-ի ցուցակով մասնակցել է 2007 թվականի խորհրդարանական ընտրություններին, իր թեկնածությունն առաջադրել էր նաև մեծամասնական ընտրակարգով, սակայն պատգամավոր չի ընտրվել։
ՕԵԿ-ից հետո Ֆարմանյանը ղեկավարել է Միացյալ ազատական ազգային կուսակցությունը, որը 2008 թվականի նախագահական ընտրություններում պաշտպանեց Սերժ Սարգսյանի թեկնածությունը։ Ընտրություններից հետո 32-ամյա Ֆարմանյանն արժանվույնս գնահատվեց և նույն թվականի մայիսին նշանակվեց նախագահի մամուլի քարտուղար։ Ֆարմանյանի կարիերայի աճը չսահմանափակվեց Բաղրամյան 26-ով, որտեղից նա 2010 թվականի մարտին տեղափոխվեց Հանրային հեռուստաընկերություն՝ նշանակվելով Հ1-ի լրատվական-վերլուծական հաղորդումների տնօրեն, իսկ արդեն 2012-ին ՀՀԿ-ի ցուցակով ընտրվեց պատգամավոր, ընդ որում մեծամասնական ընտրակարգով և նույն ընտրատարածքից, որտեղ նա 2007-ին չէր ընտրվել։ Վերջինս պատգամավոր ընտրվեց նաև 2017 թվականին, սակայն 2018-ի իշխանափոխության հետևանքով միայն մեկուսկես տարի պատգամավորական մանդատ ունեցավ։
Արդեն 2018-ի իշխանափոխությունից և նոր ԱԺ-ի ձևավորումից հետո Սամվել Ֆարմանյանը հայտարարեց, որ որոշում է կայացրել դուրս գալ քաղաքականությունից։ Ավելին՝ անգամ այն ժամանակ, երբ Ֆարմանյանի քրոջ՝ Շիրակի պետական համալսարանի նախկին պրորեկտոր Անահիտ Ֆարմանյանի նկատմամբ քրեական գործ հարուցվեց, նրա նկատմամբ կալանք կիրառելու որոշում կայացվեց, նա միայն հայտարարեց, որ այս քրեական գործն առնչվում է իր հետ, ու դրանից հետո որևէ անգամ չանդրադարձավ դրան։
Այսպիսով՝ 2018-ից հետո քաղաքականությունից հեռացած և քաղաքականության էջն իր համար փակած Սամվել Ֆարմանյանը, երբեմն որոշում է բացել այդ էջը և հակադարձել քաղաքական ընդդիմախոսների հայտարարություններին ու նրանց բարոյականության դասեր տալ, եթե դրանք վերաբերում են երրրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործունեությանն ու ըստ իրեն՝ խեղաթյուրում այն։ Ակնհայտ է, որ Սամվել Ֆարմանյանը, ով իրեն համարում է սկզբունքային քաղաքական գործիչ ու այդ սկզբունքայինություն ելնելով իր գործունեության ընթացքում մի քանի կուսակցություն է փոխել, դա անում է սեփական նախաձեռնությամբ, այլ ոչ թե որևէ մեկի ուղղորդմամբ։
Oragir.News-ին ուշագրավ պատմություն է հայտնի դարձել նաև Ֆարմանյանի ուսանողական տարիներներից, որն էլ ավելի է ընդգծում նրա սկզբունքայինությունը․
Մեր տեղեկություններով՝ Սամվել Ֆարմանյանը, ով 1998-2001թթ. ղեկավարել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունը և ուսանողական խորհուրդը, հիշյալ պաշտոններում կարողացել է ընտրվել ԱԺ նախկին պատգամավոր, Առաքել Մովսիսյանի՝ ժողովրդին առավել հայտնի Շմայսի աջակցությամբ։ Մասնավորապես Ֆարմանյանը Մովսիսյանին խնդրել է աջակցել իր ընտրությանը, պնդել, որ ԵՊՀ այն ժամանակվա ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանը խոչընդոտում իր ընտրությանը, սակայն երբ Մովսիսյանը կապ է հաստատել Մարտիրոսյանի հետ, վերջինս շատ զարմացել է՝ պնդելով, որ առհասարակ չի ճանաչում այդ երիտասարդին։ Այնուամենայնիվ Ռադիկ Մարտիրոսյանը չի մերժել ու ընդառաջել է, որ հիշյալ սկզբունքային երիտասարդն ընտրվի ՈՒԽ և ՈՒԳԸ նախագահ։
Ուսանողական տարիներից հետո՝ 2003-2005թթ․ Սամվել Ֆարմանյանն աշխատել է նաև «Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամ»-ի հայաստանյան մասնաճյուղում՝ ժողովրդին առավել հայտնի Սորոսի գրասենյակում՝ որպես «Քաղաքացիական հասարակություն» և «Զանգվածային լրատվության միջոցներ» ծրագրերի համակարգող: Իրականում Ֆարմանյանն այս տարիներին ղեկավարել է այս գրասենյակը, որի գործունեությունն այժմ իր կուսակիցները խստորեն քննադատում են՝ պնդելով, որ այն սպառնալիք է Հայաստանի Հանրապետության անվտանգության համար։