Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է հուլիսի 29-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:
Սյունիքը Հայաստանի զարգացման դարպասն է դառնալու հետագա զարգացման համար։ Այս մասին Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում հայտարարել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը:
«Եթե մենք կարողանանք Սյունիքի դարպասները բացել, ես ի նկատի ունեմ 47 կմ հնարավորությունները, ուրեմն իսկապես վստահ եղեք, որ ապագան զարգացման առումով շատ մեծ հնարավորություններ է տալու մեզ։
Եվ այն մեծ ծրագիրը, որը մենք հիմա ներկայացնում ենք ու առաջ ենք տանում՝ «Խաղաղության խաչմերուկը», նաև շատ լավ ընկալվում է միջազգային հանրության կողմից։ Ես կարող եմ ուղղակի իմ անձնական շփումների արդյունքում դա ներկայացնել ձեզ։
Բոլորի համար շատ գրավիչ է և շատ տեսանելի։ Մեծ հայտնագործություն չենք արել, բայց երբ այն, ինչ կա իրականում, դնում ես սեղանին ու պատկերավոր ներկայացնում ես այդ հնարավորությունները, հասկանում ենք՝ թե որքան կարևոր է այս 43 կիլոմետրը և Սյունիքը։
Մեր նպատակը հետևյալն է՝ ամենամոտ ժամանակում ստորագրել այդ խաղաղության համաձայնագիրը»,- ասել է նախագահը։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․
«Սիրելի ուսուցիչներ, Այս գարնանից առանձին ընդունելություն նախատեսեցինք սովորողների համար, և այդ ժամանակից ի վեր պարբերաբար դիմում եք, որպեսզի ուսուցիչներն էլ ունենան այդ հնարավորությունը։
Կարծում եմ՝ կարևոր է, որ այդ ուղիղ կապն ու պարբերական հարթակը լինի։ Թե ձեզ համար, թե ինձ՝ որպես նախարարի։
Ուստի այս ուսումնական տարվանից կսկսենք նաև ուսուցիչների առանձին ընդունելություն։ Ընդ որում, կարող են դիմել և գրանցվել նաև մարդիկ, որ դեռ ուսուցիչ չեն աշխատում, բայց նման ցանկություն ունեն։
Ընդունելությունը կանենք յուրաքանչյուր հինգշաբթի, 15:00-17:00, սկսած օգոստոսի 21-ից։ Խնդրում եմ նախապես գրանցվել՝ գրելով էլ հասցեին»,- գրել է նախարարը։
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի և Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի ավագանիների նախկին անդամներն իրենց պաշտոնավարման դադարեցումից հետո օրենքով սահմանված ժամկետում ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով չեն ներկայացրել 2021 թվականի պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրերը։ Այդ մասին հայտնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից:
«Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ վերը նշված անձինք պատշաճ ձևով ծանուցվել են 2021 թվականի պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագիրը չներկայացնելու, ինչպես նաև դրանից հետո 30 օրվա ընթացքում համապատասխան հայտարարագիր ներկայացնելու պարտավորության, իսկ հակառակ դեպքում՝ 31-րդ օրը վարչական վարույթ իրականացնելու նպատակով հանձնաժողովին ներկայանալու վերաբերյալ: Հիշյալ անձինք, սակայն, այդ ընթացքում չեն ներկայացրել հայտարարագրերը և չեն ներկայացել հանձնաժողովին:
Դրանից հետո Մասիս և Սևան համայնքների ավագանիների նախկին անդամների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ, և տեղի ունեցած՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության արդյունքում որոշումներ են կայացվել նրանց նկատմամբ 200․000-ական ՀՀ դրամի չափով տուգանք նշանակելու մասին:
Պատշաճ ծանուցվելով վարչական տուգանք կիրառված լինելու վերաբերյալ՝ ավագանիների նախկին անդամները 30-օրյա ժամկետում դարձյալ հայտարարագրեր չեն ներկայացրել իրավասու մարմնին՝ ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, որի համար նրանց մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 444-րդ հոդվածի 1-ին մասով:
Քրեական վարույթներով նախաքննություններն ավարտվել են, և վարույթների նյութերը մեղադրական եզրակացություններով ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան»,- նշված է հաղորդագրության մեջ:
Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանն ու նրա եղբայրը՝ Սեյրան Դարբինյանը, ազատ են արձակել 3 մլն դրամ գրավի դիմաց:
Նրանց նկատմամբ վարչական հսկողություն ու բացակայելու արգելք է սահմանվել: Այս մասին ArmeniaSputnik-ին հայտնեց փաստաբան Ռուբեն Հակոբյանը։
Հիշեցնենք, որ հունիսի 23-ին ձերբակալվել էին Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանը, նրա եղբայրն ու ևս երկու հոգի:
«ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը): 4 անձ ձերբակալվել է»,- հայտնել էին ՔԿ-ից:
Մանրամասները՝ տեսանյութում: