ԱՄՆ-ն պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչներին տեղեկացրել է, որ Վաշինգտոնը կարող է հրաժարվել իր երաշխիքներից, եթե արմատականները մոտ ժամանակներս դրական պատասխան չտան Գազայի հատվածում իրավիճակի կայունացման վերաբերյալ իսրայելական կողմի հետ անուղղակի բանակցություններում ներկայացված նախաձեռնությանը: Այս մասին հայտնում է Sky News - Arabia հեռուստաալիքը ։
Նրա աղբյուրների տվյալներով՝ ԱՄՆ-ը ՀԱՄԱՍ-ին զգուշացրել է, որ կարող է չեղարկել նախկինում տրված երաշխիքները, եթե շարժումը շուտով դրական պատասխան չտա Գազայի հարցով Դոհայում ընթացող բանակցությունների շրջանակներում առաջարկված տարբերակին։
Հասանելի տեղեկությունների համաձայն՝ Համասի և Իսրայելի միջև չլուծված հիմնական խնդիրը մնում է հատվածի հարավային մասում բուֆերային գոտու խորությունը. իսրայելական կողմը պնդում է, որ դրա հեռավորությունը պետք է կազմի 1,2 հազար մետր, իսկ Համասը առաջ է քաշել 800 մետրի պայմանը։ Դոհայի բանակցություններին մոտ կանգնած աղբյուրների համաձայն՝ «սա դժվար, բայց լուծելի հակասություն է»։
Sky News Arabia-ն հուլիսի սկզբին հայտնել է, որ ամերիկյան գործարար և պաղեստինյան ծագումով Բիշարա Բախբախը, ով հանդիսանում է ՀԱՄԱՍ-ի ղեկավարության և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի միջև հիմնական միջնորդը՝ ՀԱՄԱՍ-ին փոխանցել է Սպիտակ տան ղեկավարի ուղերձը։ Ուղերձում երաշխավորվում էր, որ Իսրայելի հետ կնքված 60-օրյա հրադադարի ավարտից հետո Գազայի հատվածում ռազմական գործողությունները չեն վերսկսվի։