Օկուպացված Ստեփանակերտում կառուցվում է «Հաղթանակի թանգարանը»։ Այս մասին Monument Watch-ը գրում է.
«2025 թվականի հուլիսի 20-ին նախագահ Իլհամ Ալիևը Շուշիում անցկացվող III Գլոբալ մեդիա ֆորումի մասնակիցներին ներկայացրեց Ստեփանակերտում (Ադրբեջանի պաշտոնական անվանմամբ՝ «Խանքենդի») «Հաղթանակի թանգարան» կառուցելու ծրագիրը։
Ըստ նախագահի հայտարարության, թանգարանը տեղակայվելու է «Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի նախկին կուսակցական կոմիտե»-ի շենքում (Արցախի Հանրապետության նախագահական նստավայր)։ Այս շենքը, որը խորհրդային շրջանում եղել է ամբողջ շրջանի վարչա-քաղաքական կենտրոնը, ժամանակին նաև հանդիսացել է Արցախի ինքնության և ինքնակառավարման խորհրդանիշներից մեկը։
Ներկայումս շենքում ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում»։
Oragir.News-ը թեմայի վերաբերյալ զրուցեց Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ, հասկանալու՝ հնարավո՞ր է կանխել այս հակամարդկային նախաձեռությունը, թե՞ ոչ։
«Իհարկե, կանխելու մեթոդները գոյություն ունեն, բայց մեր հնարավորություններն են այդ առումով սահմանափակ։ Ես նկատի ունեմ՝ արցախյան կողմի, արցախյան իշխանությունների, որովհետև, ի վերջո, այս ամբողջ գործընթացը՝ Արցախի հանձնումը, Արցախի շուրջ պայմանավորվածությունները, որն, ի դեպ, շարունակվում է նաև առայսօր, տեղի է ունեցել 2 անձերի՝ Փաշինյանի ու Ալիևի միջև։ Եվ, հետևաբար, առանց Հայաստանի իշխանությունների՝ այս գործընթացը կանգնեցնել, դանդաղեցնել, փոխել հնարավոր չէ»,- նկատեց մեր զրուցակիցը։
Նրա համոզմամբ՝ առանց Հայաստանի իշխանությունների, նույնիսկ միջազգային լծակներով հնարավոր չէ հասնել այն արդյունքին, որն ակնկալվում է։
«Ամեն դեպքում, հնարավորությունը ստեղծել ենք՝ թույլ չտալու փակել Արցախի հարցը։ Բայց այն, ինչ պետք է անի Հայաստանի իշխանությունը, անում է լրիվ դրա հակառակը։ Ադրբեջանը Արցախում ավերում է թե՛ պատմամշակութային արժեքները, թե՛ ամբողջ հայկական հետքն է վերացնում էնտեղ։ Էստեղ էլ, օրինակ՝ Հայաստանի իշխանությունները լծված են մինչև իսկ ներկայացուցչությունը խլելու արցախցիների ձեռքից։ Առանց որևէ հիմքի, ակնհայտ կեղծ հիմքերով ձերբակալում են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Գալստյանին»,- ասաց Հակոբյանը։
Պատգամավորի խոսքով՝ իշխանություններն այսօր կեղեքում են արցախցիներին, խլում են նրանց վերջին փշրանքը։
«Արցախում էլ Ադրբեջանը վերացնում է Արցախի հետքը, հայկականության հետքը։ Այսինքն՝ ակնկալել, որ այս իշխանությունները որևէ բան կանեն այդ ուղղությամբ՝ առնվազն միամտություն է։ Սա կոնկրետ, հստակ, կազմակերպված, պայմանավորված 2 կողմերի միջև վարվող քաղաքականություն է՝ ընդդեմ հայության»։
Պատգամավորը նաև հավելում է, որ այսօր հնարավոր բոլոր հարթակներում գործունեություն են ծավալում և լսում հստակ արձագանք։