Միտք Ներքին 10 ամիս առաջ - 09:00 17-07-2025

Ասուլիսում ծագեց հույս՝ Փաշինյանը կպարտվի 2026-ին

Նիկոլ Փաշինյանի հուլիսի 16-ի 4,5 ժամանոց ասուլիսում զավեշտալի դրվագներ եղան, կարևորի մասին չխոսվեց և ծագեց հույս, որ ՔՊ-ն կարող է պարտվել 2026-ին։

Ուշագրավ էր, որ Արցախ հայերի վերադարձի թեման շրջանցվեց։ 2023-ից ի վեր առաջին անգամ արցախցիների վերադարձի հարցն օրակարգ բերելու ժամկետի կամ հնարավորության վերաբերյալ որևէ անդրադարձ չեղավ։ Այսինքն՝ լռելյայն ցույց տրվեց, որ այդպիսի հարց ՀՀ օրակարգում չկա, ժողովրդին չի հետաքրքրում։

Կարևոր էր հայ-ռուս-ադրբեջանական փոխվարչապետների հանդիպումների եռակողմ ձևաչափի չգոյության մասին հայտարարությունը։ Նախընթաց տարիներին այս ձևաչափով հանդիպումներ էին տեղի ունենում, Օվերչուկն էր եղանակ թելադրում։ Չնայած՝ ռուսական միջնորդությունը փաստացի չկա, սակայն հուլիսի 16-ին Փաշինյանը պաշտոնապես ասաց, որ այս ձևաչափը գոյություն չունի, այսինքն՝ Մոսկվան հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում չկա, ոչ մի կերպ ներգրավված չէ։ Սա հույս է ներշնչում, որ ՀՀ-ի դեմ ագրեսիայի վտանգը որոշ առումով չեզոքացված է։

Պուտինի ու Միշուստինի հետ հաց ուտելու մասին զեղումը «հուզիչ էր»։ «Այո՛, ռուսական որոշ հեռուստաալիքներ բոլոր հնարավոր գծերը հատել են»,- ասում է Փաշինյանը, բայց դրանք չի փակում, պատճառաբանելով, թե ՀՀ-ն ցանկանում է ՌԴ-ի հետ ունենալ նորմալ, բնականոն, բարեկամական, փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերություններ։ Հայաստանի, Արցախի նկատմամբ 2020-2023-ին ակնհայտ ոչ բարեկամանական վերաբերմունքից, ռուսական պետական ալիքներով Փաշինյանի, հայ ժողովրդի ու ՀՀ-ի մասին անհարգալից արտահայտություններից հետո այսպիսի մոտեցումը ապապետական, անհիմն սպեկուլյացիա է, քանի որ Փաշինյանին կաշկանդում է ոչ թե Պուտինի հետ հաց կիսելն, այլ 2018-ին ստանձնած պարտավորությունը։ Երբեմնի բախտակից երկրներում ռուսական ալիքները չեն հեռարձակվում ազգային անվտանգային նկատառումներով, սակայն երկրները բնականոն, բարեկամական, փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերություններ ունեն ՌԴ-ի հետ։

ԵՄ անդամակցելու ցանկութունը ԵԱՏՄ-ում մնալու հետ համադրելու կամ երկու աթոռի վրա նստելու մասին հարցին անդրադառնալիս նա նշում է՝ «Մենք գնում ենք բարեփոխումների ճանապարհով, և դա նորություն չէ։ Մենք ոչ մի աթոռից վեր չենք կենում»։ Այստեղ ծիծաղելի է ոչ թե այն երևակայական տեսարանը, թե ինչ կարող է լինել երկու աթոռի վրա նստողի հետ, այլ ակնհայտ բլեֆը, թե ՀՀ-ն ձգտում է ԵՄ անդամ դառնալ։ Ողջամիտ կասկած կա, որ Փաշինյանն, իրականում, ձգձգում է ՀՀ ԵՄ անդամակցելու գործը, քանի որ կաշկանդված է հացընկերոջը տված խոստումներով։

Այդ է վկայում նաև ԵՄ անդամակցելու չափանիշների մասին հղումը։ Բոլորը գիտեն, որ Արևելյան Եվրոպայի երկրները ԵՄ անդամակցելիս չէին համապատասխանում, որոշները հիմա էլ չեն համապատասխանում ԵՄ բազմաթիվ չափանիշներին։ Միակ ընդհանրությունն այն է, որ այսօր ԵՄ անդամ ոչ մի երկրում ռուսական զորքեր չկան, ռուսական ազդեցության ուժային գործիքները չեզոքացված են։ Ուստի՝ առաջին հերթին ՀՀ-ից պետք է դուրս հրավիրվի ռուսական ռազմակայանը։ Սա է ամենամեծ բարեփոխումը։ Եթե այդպիսի բան չի նախատեսվում, ապա մյուս բարեփոխումները որոշիչ չեն, երկրորդական են։

Զավեշտալի էր նաև նրա հետևյալ հայտարարությունը։ «Ես ոչ մեկին չեմ ատում, ո՞նց կարա Հիսուս Քրիստոսին իր իդեալը և իր ուսուցիչը համարող մարդը ընդհանրապես ատի որևէ մեկին։ Ես դրանով Հիսուս Քրիստոսին դավաճանած կլինեմ, եթե ես որևէ մեկին ատեմ»,- ասում է վարչապետը։ Աշխարհում կա՞ մարդ, որ կհավատա Փաշինյանի այս խոսքին։ 2021-ին միջազգային դիտորդներն են արձանագրել, որ թեկնածուներն, առավելապես՝ ՔՊ-ն, կիրառել են ատելության խոսք։ Ամիսներ առաջ՝ Գյումրիի ընտրաշավի ժամանակ, Փաշինյանը մրցակիցներին գող, ավազակ անվանեց։ Կանխատեսում կա, թե 2026-ի քարոզարշավն ուղեկցվելու է ատելության խոսույթով, հայհոյախոսւթյամբ։ Ո՞վ կհավատա, որ Փաշինյանը ոչ ոքի չի ատում։ Ավելին, ոմանք այսօր էլ իրենց վրա զգում են նրա ատելությունը։

Կարճ ասած՝ Փաշինյանի ասուլիսը ցույց տվեց, որ նա շարունակում է զբաղվել էժան մանիպուլյացիաներով ու սպեկուլյացիաներով։ Սակայն այս ասուլիսում ծագեց նաև հույս, որ երբ ԱՄՆ-ն ՀՀ տարածքով միջազգային բեռնափոխադրումների անվտանգության երաշխավորը կդառնա, ապա ենթադրաբար՝ կմեծանա ԱՄՆ ազդեցությունը, հետևաբար՝ ՀՀ-ում անկախության, ժողովրդավարության իրապես ջատագով ուժերը կմիավորվեն, կհզորանան, կհաղթեն 2026-ի ընտրություններում, իսկ Մոսկվայի միջնորդությամբ իշխանության եկած Փաշինյանը ԱԺ-ում կզբաղեցնի ռուսամետ փոքրաթիվ ընդդիմության նիշան։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
14:37 Հուսախաբված դուրս եկան. դաշնակցականը` խուզարկությունների վերաբերյալ
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից