copy image url
Ներքին Միտք 4 ամիս առաջ - 18:45 14-07-2025

Փուչ հաշվարկ. մարդիկ չեն տուգանվելու, հավաքագրումները չեն աճելու

Ձախողման մասին հերթական խոստովանությունն է հնչել այսօր՝ հուլիսի 14-ին, Երևանի քաղաքապետարանում։

«2025 թվականի հունվարից հունիս ամիսների համար պլանավորված 45 մլրդ 108 մլն 792 հազար 300 դրամ սեփական եկամուտներից փաստացի հավաքագրվել է 39 մլրդ 939 մլն 589 հազար 200 դրամը, կատարողականը՝ 88.5%, թերակատարումը՝ շուրջ 5 մլրդ դրամ: Թերակատարման հիմնական պատճառը մետրոպոլիտենի հավաքագրված ուղեվարձի՝ շուրջ 3 մլրդ դրամ թերակատարումն է»,- այս մասին զեկուցվեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ: Նույն պահին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ճշգրտեց՝ դա մետրոպոլիտենի թերհավաքագրումը չէ, այդ 3 մլրդ դրամն ավտոբուսի փոխադրավարձի մասով թերհավաքագրումն է:

Թերհավաքագրումների մասին պարբերական զեկույցները ոմանք բացատրում են տնտեսագիտական օրինաչափություններով, շատերն էլ դրանք որակում են ձախողում։

Եթե այսպիսի ձախողում լիներ ժողովրդավարական ավանդույթներ ունեցող երկրում, ապա քաղաքապետը հրաժարական կտար, ի խրատ հաջորդ պաշտոնյաների, որ ճիշտ հաշվարկներ անեն, լավ աշխատեն հասարակության հետ, ծրագրերը չտապալեն, չառաջացնեն շղթայական խնդիրներ, չխախտեն ներքին խաղաղությունը, չաղավաղեն քաղաքական պաշտոնյայի կերպարն ու չարժեզրկեն ժողովրդավարությունը։

Տվյալ դեպքում՝ երբ Ավինյանն ընդգծում է, որ 3 մլրդ դրամ պակաս է հավաքագրվել ավտոբուսների ուղևորների չվճարումների պատճառով, այսպիսով ակնակում է, թե ձախողվել է, չի կարող իրականացնել խոստումները, նախանշված ծրագրերը, մասնավորապես՝ չի թարմացվելու տրանսպորտային պարկը նոր մեքենաներով։ Իսկ դրանից տուժելու է ժողովուրդը։ Այսինքն՝ Ավինյանի ձախողման արդյունքում ժողովուրդը վնաս է կրելու։ Ժողովրդին վնաս տված պաշտոնյան պիտի՞ հրաժարական տա։ Առայժմ ակնարկ չկա, որ Ավինյանն մտադիր է հրաժարական տալ։ Եվ նա բացառություն չէ։ Անցած 7 տարիների ընթացքում որևէ պաշտոնյա հրաժարական չի տվել ժողովրդին վնաս պատճառելու հետևանքով։

Կա նաև տնտեսագիտական բացատրություն, թե ինչու է պակաս հավաքագրվում ավտոբուսներից։ Ցանկացած տնտեսվարող կարող է վկայել, որ թանկացումից հետո սպառման քանակը կրճատվում է։ Նույնիսկ երբ հացը կամ խիստ անհրաժեշտ դեղամիջոցն են թանկացնում, ապա դրանց սպառումը կրճատվում է։ Ավինյանը, հավանաբար, չի հաշվարկել թանկացման հետևանքով առաջացող ռիսկերը։ Եվ հիմա քավության նոխազ է փնտրում։

Քաղաքապետարանը ակնկալվող եկամուտները, հավանաբար, հաշվարկել է մեկ ուղևորափոխադրման արժեքը 150 դրամով, ակնկալելով ավելի շատ եկամուտներ քան 100 դրամի դեպքում։ Սակայն տնտեսագիտական օրինաչափություն է, որ թանկացումից հետո ավտոբուսներից օգտվողները պետք է պակասեին։ Ամսական քարտերով վճարողները, ինչպես հունվարին պնդում էին իշխանությունները, 100 դրամից պակաս են վճարում մեկ ուղևորափոխադրման համար։ Հավանաբար՝ չեն հաշվարկել նաև առցանց վճարման համակարգի խափանման ռիսկերը, երբ վալիդատորները չեն ճանաչում քարտերը կամ կտրոնները։

Եթե բոլոր ռիսկերը ներառեին ակնկալվող եկամուտների հաշվարկներում, ապա դեռ հունվարին կպարզեին, որ մեկ ուղևորափոխադրման արժեքը 100 դրամից պակաս է լինելու առաջիկա ամիսներին։ Ակնկալվող եկամուտները կկանխատեսեին այդ հաշվարկով, և թերհավաքագրումների թվերը կլինեին անհամեմատ պակաս, Ավինյանն էլ ձախողակ քաղաքապետի անուն չէր վաստակի։

Ցավալին այն է, որ այս ոչ արդյունավետ կառավարման հեղինակները քավության նոխազ են ընտրել ժողովրդին։ Ավինյանը սպառնում է մարդկանց տուգանել 15 հազար դրամով։ Այս խնդրով, քաղաքապետարանն առաջիկայում, հավանաբար, հարկատուների միջոցներով վարձելու է հսկիչների, որոնք, հավանաբար, կապացուցեն, որ Ավինյանն այս անգամ էլ է փուչ հաշվարկ արել, կարծելով, թե 3 մլրդ դրամ թերհավաքելու պատճառը չարամտորեն չվճարելն է։

Կարճ ասած՝ հսկիչներին անիմաստ փող են տալու՝ո՛չ հավաքագրումներն են աճելու, ո՛չ էլ մարդիկ են տուգանվելու։

Թաթուլ Մկրտչյան