Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Քննարկվել են Հայաստան–Ֆրանսիա երկկողմ, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգին վերաբերող հարցեր։ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Մակրոնին՝ երկու երկրների հարաբերությունների զարգացման հարցում նրա անձնական ներդրման համար։ Ֆրանսիայի նախագահն իր հերթին աջակցություն է հայտնել Հայաստանում ընթացող բարեփոխումների օրակարգին և կառավարության որդեգրած խաղաղության ռազմավարությանը։
ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը իր ֆեյսբուքյան գրառմամբ նշել է, որ Մակրոնը Նիկոլ Փաշինյանին խոստացել է Նոբելյան խաղաղության մրցանակ, եթե Հայաստանը հասնի Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման՝ միակողմանի զիջումների գնով։
Oragir.News-ը այս թեմայով զրուցել է քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանի հետ, ով կարծում է, որ այս գործընթացներում Մակրոնը ոչ միայն դիտորդ չէ, այլև՝ ակտիվ մասնակից։
«Չմոռանանք, որ, ի վերջո, 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում Էմանուել Մակրոնը քաղաքական երաշխավորությամբ էր հանդես գալիս, որ Նիկոլ Փաշինյանը Արցախը հանձնեց Ադրբեջանին։ Նշենք նաև քարոզչությունը, երբ փորձում էին համոզել, որ դրանում ոչ միայն Հայաստանի տարածքային ամբողջականությունն են ապահովում, այլ նաև արցախահայերի անվտանգության և իրավունքների ապահովման երաշխիքներն են տրվում։ Բայց Էմանուել Մակրոնի երաշխիքի գինը մենք տեսանք․ Արցախը հայաթափվեց, ոչինչ տեղի չունեցավ», – ասաց քաղաքագետը։
Նա հիշեցրեց նաև, որ 44-օրյա պատերազմից հետո ֆրանսիական Սենատում Մակրոնը կոչ էր անում ընդունել բանաձև Արցախի անկախությունը ճանաչելու մասին, սակայն այն այդպես էլ չընդունվեց։
«Վերջնարդյունքում մենք ունենք հայաթափված Արցախ», – հավելեց նա։
Քաղաքագետը նշեց, որ այսօր Մակրոնը բացահայտ աջակցում է Փաշինյանին։
«Հիմա եկել է մի շրջան, երբ նա Նիկոլ Փաշինյանին է արդեն սատարում։ Եվ նաև 2022 թվականի հոկտեմբերի իրադարձություններից առաջ Նիկոլ Փաշինյանի հետ շփվելիս Էմանուել Մակրոնը նույն բառապաշարն էր օգտագործում՝ թե մենք աջակցում ենք Նիկոլ Փաշինյանի խիզախ քայլերին։ Այդ խիզախ քայլը ո՞րն է։ Գլոբալ պայքարի շրջանակներում հանձնել Արցախը Ադրբեջանին, հիմա էլ՝ Հայաստանի հերթն է հանձնել Ադրբեջանին», – ասաց քաղաքագետը։
Մաթևոսյանը նաև մեկնաբանեց Նոբելյան մրցանակի շուրջ շրջանառվող խոսակցությունները։
«Նշեցիք, որ Նոբելյան մրցանակը կարող է Նիկոլ Փաշինյանի համար հավերժ անվտանգության երաշխիք դառնալ։ Կարող ենք արձանագրել ուղղակի մի բան․ աշխարհում չկա որևէ մի կենտրոն և որևէ մի կարգավիճակ, որը Նիկոլ Փաշինյանին հավերժ անվտանգության երաշխիք կտա։ Սա է Նիկոլ Փաշինյանի հիմնական մտավախությունը ու դրանից բխող մի շարք գործողություններ, որ նա իրականացնում է։ Նա շատ լավ հասկանում է մի բան, որ եթե չկա Հայաստանը՝ չկա խնդիրը։ Հայաստանը այն ինստիտուցիոնալ գործիքն է, որը կարող է իր գործիքակազմը օգտագործելով Նիկոլ Փաշինյանին պատասխանատվության ենթարկել», – ընդգծեց քաղաքագետը։
Մաթևոսյանի խոսքով՝ Մակրոնը Փաշինյանից պահանջում է իրականացնել այն, ինչ ինքն արդեն խոստացել է Թուրքիային և Ադրբեջանին։
«Օրինակ՝ հետաձգի օրենսդրական փոփոխությունները, որոնք պահանջում է Ադրբեջանը, բայց դրանից առաջ՝ ինչ-որ երաշխիքներով։ Թուրքիային ու Ադրբեջանին տուր հնարավորություն՝ օգտվելու այսպես կոչված Զանգեզուրի միջանցքից, պարտավորություններ վերցրու։ Ինքը այստեղ քաջալերում է Նիկոլ Փաշինյանին անել այն, ինչը ինքը Թուրքիայում պայմանավորվել է», – ասում է քաղաքագետը։
Նրա կարծիքով՝ Մակրոնի խոսքը, երբ նա ժողովրդավարության աջակցության շղարշի ներքո աջակցում է Փաշինյանին, պետք է դիտարկել որպես միջամտություն Հայաստանի ներքաղաքական գործընթացներին։
«Մենք հիմա տեսնում ենք, որ քաղաքական պայքարի փուլ է, և այդ պայքարի շրջանակներում Փաշինյանը դրսից մարդ է բերում։ Իսկ այդ մարդը հիմա Մակրոնն է։ Էմանուել Մակրոնը գլոբալիստական ուժերի ներկայացուցիչ լինելով՝ լուծում է մեկ խնդիր՝ բոլոր հնարավոր մեթոդներով Ռուսաստանին այսպես ասած ցավեցնել։ Այդ ցավացնելու ընթացքում կարելի է հանձնել Արցախը, կարելի է հանձնել Երևանը, կարելի է հանձնել Սյունիքը, ընդհանրապես Հայաստանը», – նշել է քաղաքագետը։
Բենիամին Մաթևոսյանը կարծում է, որ Մակրոնը քաջալերում է Փաշինյանին՝ այս գործընթացները հասցնելու վերջնակետին։
«Մակրոնի աջակցությունը նաև եկավ այն ֆոնին, որ Ադրբեջանում գրեթե փորձում են ռուսներին պատերազմ հայտարարել։ Այդ փուլում, երբ ակնհայտորեն Ուկրաինան ֆունդամենտալ խնդիրներ ունի ռազմի դաշտում, ձևավորվում է Հայաստան–Թուրքիա–Ադրբեջան եռանկյունի, որի սուրը երկու կողմի դեմ է ուղղված լինելու՝ Ռուսաստանի և Իրանի։ Փաշինյանին պարզապես քաջալերում են Հայաստանի դեմ այս գործընթացները վերջնակետին հասցնելու համար։ Մակրոնը իր անվտանգությունը չի կարող երաշխավորել, էլ ուր մնաց՝ կարողանա նման երաշխիքներ տալ Նիկոլ Փաշինյանին կամ Հայաստանին», – եզրափակեց քաղաքագետը։
Հիշեցնենք, նաև, որ չնայած քաղաքագետի կարծիքով Ֆրանսիան Թուրքիա-Ադրբեջան տանդեմի ներկայացուցիչն է տարածաշրջանում, Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են դեռևս 1992թ. փետրվարի 24-ից, ինչպես նաև Ֆրանսիան համարվում է Հայաստանի վաղեմի դաշնակից և բարեկամ պետությունը։