Շերեմետևոյի օդանավակայանում երկու տարեկան երեխային գետնին նետած անձը՝ Բելառուսի քաղաքացի Վլադիմիր Վիտիկովը, կալանավորվել է երկու ամսով։ Վիտիկովը մեղքը խոստովանել է և հայտնել, որ եղել է ալկոհոլի ազդեցության տակ՝ նախքան Մոսկվայում օդանավակայան հասնելը։ Նրա խոսքով՝ երկար աշխատանքային ուղուց հետո Կահիրեից վերադառնալիս շատ վիսկի է խմել, ինչի հետևանքով «միտքը մթագնել է»։
Երեխան, որը Աֆղանստանից փախստականների ընտանիքի որդին է, տեղափոխվել է Ռոշալի կլինիկական կենտրոն։ Նա ստացել է ողնաշարի և գանգի կոտրվածքներ։ Բժիշկների խոսքով՝ երեխայի վիճակը ծանր է, սակայն կա դրական դինամիկա, և նրան աստիճանաբար դուրս են բերում արհեստական կոմայից։