Վարձով են տրվում նախագահական նստավայրը, ՆԳՆ, ԱԱԾ և այլ շենքերը
copy image url

Վարձով են տրվում նախագահական նստավայրը, ՆԳՆ, ԱԱԾ և այլ շենքերը

Միտք Ներքին 3 ժամ առաջ - 15:00 23-06-2025
Տևական ժամանակ հանրային կասկած է շրջանառվում, թե Ակադեմիական քաղաք ստեղծելուն զուգահեռ վաճառելու կամ վարձակալության են հանձնելու Երևանում գտնվող բուհերի թանկարժեք շենքերը։ Գրողների և Նկարիչների միությունների շենքերի հետ կապված ևս նույնպիսի կասկածներ կան։ Պարզվում է, սակայն, շենքերի հանդեպ հետաքրքրությունն այսքանով չի ավարտվում։

Կառավարությունը նախագիծ է շրջանառում, ըստ որի՝ բոլոր պետական կառույցները, որոնք անհատույց շահագործում են պետական գույքը, այսուհետև կվարձակալեն դրանք: Վարձակալության գումարը կներառվի պետական կառույցների տարեկան բյուջեում: Նախագիծն ընդունվել է մայիսի 29-ի նիստում։

Ո՞րն է այս նախագծի քողարկված նպատակը։

Եթե վարձակալության գումարը հատկացվելու է բյուջեով, ապա նախարարության, դպրոցի, մանկապարտեզի, թաղապետարանի կամ այլ պետական կառույցի համար տարբերություն չկա՝ իրեն հատկացված շենքն անհատո՞ւյց է շահագործում, թե՞ վարձակալությամբ։ Կառավարությունը հարկատուների միջոցներից գումար է տրամադրելու, օրինակ՝ դպրոցին, դպրոցն էլ որպես տարածքի վարձակալության վճար, այդ գումարը վերադարձնելու է բյուջե։ Առաջին հայացքից հարկատուների միջոցների անիմաստ շրջապտույտ է։ ՔՊ-ական իշխանությունը, տեսականորեն՝ կարող է այսպիսի անիմաստ քայլ անել։ Սակայն ենթադրելի է, որ կան նաև քողարկված պլաններ։

Նախագծի հռչակված նպատակներն են՝ բարձրացնել պետական գույքի օգտագործման թափանցիկությունը և հաշվետվողականությունը, ապահովել բյուջետային լրացուցիչ եկամուտների հոսք, նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը և շահերի բախման հնարավորությունները, ապահովել պետական մարմինների պատշաճ պատասխանատվությունը գույքի պահպանման և օգտագործման համար։

Ինչպե՞ս են բյուջետային լրացուցիչ եկամուտների հոսք ապահովելու։ Ենթադրելի է, որ պետական կառույցների տարածքի չօգտագործվող կամ օպտիմալացված տարածքները վարձով են տրվելու այլ հարուստ կառույցների։ Ակնհայտ է, որ տուժելու են պետական կառույցները, կլինեն անցանկալի հարևաններ ու նեղվածք։

Նախագծի կիրարկման պարագայում կանխատեսվում են լուռ կոնֆլիկտներ պետական կառույցների և Նիկոլ Փաշինյանի միջև, որոնց արդյունքում պարտված են դուրս գալու ստորադասները։ Վերջիններս, հավանաբար՝ չեն ընդդիմանա նախագծին, կասեն՝ դե թանկ է, մենք ժողովրդի փողերը խնայում ենք, չենք ուզում ժողովրդի հաշվին թանկ աշխատասենյակներ վարձել թաղապետարանի, քաղաքապետարանի, նախարարությունների, այլ պետական կառույցների համար։ Ազատված սենյակները, հավանաբար՝ կտրամադրվեն ՔՊ-ին, «Կրթվելը նորաձև է» շարժմանը, որտեղ կկազմակերպեն քարոզարշավ։ Կանխատեսվում է, որ բավական թանկ գնով վարձակալության կտրամադրվեն Հանրապետության հրապարակին հարակից նախարարությունների, ԱԱԾ-ի, ՆԳՆ-ի շենքերը։ Չի բացառվում, որ վարձով տան նաև Բաղրամյան 26-ի նախագահական նստավայրը, որը կիսադատարկ է։ Այն, տեսականորեն՝ կուզենան վարձակալել Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, որոնց կյանքի մի մասն անցել է այստեղ։

Ենթադրելի է նաև, որ պետական կառույցների տարածքները վարձակալությամբ հանձնելուն, նեղվածքին և օտար վարձակալների հարևանությանը չդիմացող հիմնարկները կտեղափոխեն քաղաքի ծայրամաս, քաղաքից դուրս, էժան շենքեր։ Սա նույնպես կներկայացնեն որպես ժողովրդի համար արվող քայլ։ Օրինակ՝ Նոր Նորքի թաղապետարանը, հնարավոր է՝ վարձակալի այլ շենք, Ջրվեժում, ինչ-որ ռեստորանային համալիրում։

Սա էլ ամենը չէ։ Նախագիծը ավելի հեռուն գնացող թիրախներ էլ կարող է ունենալ։ Հոռետեսները կարծում են, թե ՔՊ-ական իշխանություններն օր առաջ Ռուսաստանին կհանձնեն պետական թանկարժեք որոշ շենքեր «Գույք պարտքի դիմաց-2» ծրագրով։ Դրա դիմաց ռուսները հետ կքաշեն իրենց գործակալներին ու Նիկոլ Փաշինյանն անխոչընդոտ կվերընտրվի 2026-ին։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

08:45 Ի՞նչ անել, երբ տեղեկություն տարածվի, որ մեզ ճառագայթային ամպ է մոտենում
20:37 Ա՛յ հիստերիկ, ագրեսիվ ոջիլ, այս մարդը նվիրատվություն է անում, որ մարդիկ օգտվեն․ Աննա Հակոբյան
22:49 Մենք մեր ձևով կպահանջենք արդարություն, և ճշմարտությունը մեր կողմն է․ Սամվել Կարապետյանի որդու տեսաուղերձը
15:35 Սամվել Կարապետյանը ՔԿՀ-ից նամակով դիմել է դատավոր Արմեն Դանիելյանին
22:22 Ո՞վ է պատասխան տալու․ 53 լիտրանոց գազաբալոնը լիցքավորում են 55 լիտր գազով
13:54 Հորեղբայրը խեղդամահ է արել 16-ամյա զարմուհուն՝ «մուրացկան» անվանելու պատճառով
09:05 Սամվել Կարապետյանին ստիպում են, որ վերածվի քաղաքական գործչի
11:32 ՌԴ–ում ձերբակալել են Խաչատուր Սուքիասյանի ընկերությանը գողացված ադամանդներ մատակարարած հանցախմբին
20:55 Ահաբեկչական հարձակում՝ Դամասկոսի եկեղեցում պատարագի ժամանակ. կան զոհեր
15:00 Վարձով են տրվում նախագահական նստավայրը, ՆԳՆ, ԱԱԾ և այլ շենքերը