Կոռուպցիա է, որ վարչության պետը կապ ունի ավտոբուսների մրցույթում հաղթած ընկերության հետ․ հարցում

Նրանց կարծիքով 3 շաբաթ առաջ - 22:30 21-06-2025
«Հետք»-ը գրում է, որ Երևանի քաղաքապետարանը հայտարարել է 250 նոր էլեկտրական ավտոբուս ձեռք բերելու մասին, ինչը նշանակում է, որ առաջիկայում հերթական խոշոր գործարքն է կայանալու: Վերջին տարիներին Երևանի քաղաքապետարանի կարիքների համար ավտոբուսների գնումներն այդքան էլ հարթ չեն անցել: Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանի «Արմչի» ՍՊԸ-ն գործընկերային հարաբերություններ է ունեցել չինական «Ժոնգ-Թոնգ» ընկերության հետ: Իսկ չինական ընկերությունը հաղթում է Երևանի քաղաքապետարանի կարիքների համար ավտոբուսներ ձեռք բերելու մրցույթներում:

Նշենք, որ «Արմչի» ՍՊԸ-ն ստեղծվել է 2020թ. նոյեմբերի 9-ին՝ Վազգեն Հարությունյանի և չինացի Լիու Յաոդոնգի կողմից: Չինացին ընկերությունից դուրս է եղել 2022թ. հուլիսին, իսկ Վազգեն Հարությունյանը՝ 2023թ. մայիսին, այսինքն՝ այն ժամանակ, երբ նշանակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի ժամականավոր պաշտոնակատար: Մինչև ընկերությունից դուրս գալը, Վ. Հարությունյանը եղել է նաև «Արմչի» ընկերության տնօրենը: Այժմ ընկերության միանձնյա սեփականատերն ու տնօրենը քույրն է՝ Օֆելյա Հարությունյանը:

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում, անցնորդներին հետևյալ հարցն ուղղել. «Կոռուպցիա տեսնո՞ւմ, եք որ տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը նաև համագործակցում է ավտոբուսների մրցույթում հաղթած ընկերության հետ»։

Քաղաքացիներից շատերը դժվարացան պատասխանել մեր հարցին։

«Չեմ հասկանում, թե ինչ եք խոսում»,-ասաց նրանցից մեկը։

«7 տարի է կոռուպցիա է։ Իհարկե կոռուպցիա տեսնում եմ, պետք է վերևներից պատժվեն։ Հույս ունեմ, որ կպատժվեն, և կազատվենք պատանդ լինելուց։ Հայ ազգը արժանի չէ նման ղեկավարի»,-նշեց հարցվածներից մեկը։

Մեկ այլ տղամարդ էլ կարծում է, որ նման բան հնարավոր չէ։

«Վարչության պետը, որպես մասնագետ գիտի, թե որ կազմակերպությունն է լավ աշխատում»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի