Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել և իր ընթերցողների դատին հանձնել Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքի այն հատվածը, որը տեղ է գտնում վերջիններիս գույքի և եկամուտների հայտարարագրերում, իսկ թե իրականում ինչ ունեցվածք ունեն նրանք, մենք կիմանանք միայն իշխանափոխությունից հետո։
Այսօր ուսումնասիրել ենք արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանի և նրա կնոջ՝ Գոհար Աբաջյանի՝ 2024 թվականի գույքի և եկամուտների հայտարարագրերը։
Հիշեցնենք՝ Արարատ Միրզոյանը 2017-2018 թվականներին եղել է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, 2018-2019 թվականներին զբաղեցրել է ՀՀ առաջին փոխվարչապետի, 2019-2021 թվականներին՝ ԱԺ նախագահի պաշտոնները, իսկ 2021-ի օգոստոսին նշանակվել է արտաքին գործերի նախարար և առ այսօր շարունակում է պաշտոնավարել։Որպես անշարժ գույք՝ Արարատ Միրզոյանը հայտարարագրել է համատեղ սեփականությամբ մեկ բնակարան Երևանում, որը վերջինս գնել է 2018 թվականի հոկտեմբերի 2-ին, ինչպես նաև առանձնատուն՝ Կոտայքի մարզի Նաիրի համայնքում, որը գնել է ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնելիս՝ 2022-ի դեկտեմբերի 23-ին, ընդ որում սա Ադրբեջանի կողմից Լաչինի միջանքն ապօրինաբար փակելու առաջին օրերին էր, և ենթադրվում էր, որ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իր ողջ ջանքերը պետք է կենտրոնացներ միջանցքի ապաշրջափակման աշխատանքները համակարգելու ուղղությամբ։ Տարեվերջին Միրզոյանի անշարժ գույքը նույնությամբ պահպանվել է։
Շարժական գույք՝ ավտոմեքենա նա չի հայտարարագրել։
Արարատ Միրզոյանի բանկային հաշվիներին տարեսկզբին եղել է 3 մլն 500 հազար դրամ և 30 հազար դոլար, տարեվերջին՝ 2 մլն 746․797 դրամ և 22 հազար դոլար։ Վերջինիս կանխիկ միջոցները տարեսկզբին կազմել են 2 մլն դրամ և 50 հազար դոլար, տարեվերջին՝ 2 մլն 750 հազար դրամ և 37 հազար դոլար։
Հաշվետու տարում Արարատ Միրզոյանի եկամուտները կազմել են 24 մլն 771․233 դրամ, որից 21 մլն 752․489 դրամը ԱԳ նախարարությունից ստացած աշխատավարձն է, 3 մլն 18․744 դրամն էլ՝ Ֆիննախից ստացած եկամտահարկի վերադարձը։
Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 26 մլն 643․395 դրամ։
Արարատ Միրզոյանն իր եկամուտներից 4 մլն 790 հազար դրամ հատկացրել է հանգստի համար կատարված ճանապարհածախսին, 4 մլն 10 հազար դրամ՝ ուսման վարձավճարին, 4 մլն 840 հազար դրամ՝ վարկի մարմանը, 16 մլն 800 հազար դրամ՝ անշարժ գույքի վերանորոգմանը։
Բացի այդ, Միրզոյանը 2 մլն ՀՀ դրամը գերազանցող՝ 3 մլն 500 հազար դրամ անվանական արժեքով թանկարժեք գնում է կատարել, որի մանրամասները չի ներկայացրել։
Արարատ Միրզոյանի կինը՝ Գոհար Աբաջյանը, անշարժ գույքի բաժնում հայտարարագրել է ամուսնու հայտարարագրած բնակարանն ու առանձնատունը, որին նա տիրապետում է համատեղ սեփականությամբ։
Որպես շարժական գույք՝ նա տարեսկզբին հայտարարագրել էր 2011 թվականի արտադրության KIA մակնիշի ավտոմեքենա, որը ձեռք է բերել 2019 թվականի հունիսի 26-ին։ 2024-ի օգոստոսի 27-ին նա այս մեքենան 4 մլն 508 հազար դրամով վաճառել է ոմն Գոռ Ավալյանի, փոխարենը՝ հոկտեմբերի 5-ին 39․405,46 եվրոյով գնել 2024 թվականի արտադրության BMW մակնիշի ավտոմեքենա՝ Michael Schmidt-ից։ Տարեվերջին այս մեքենան պահպանվել է։
Գոհար Աբաջյանի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 1 մլն 723․720 դրամ և 3800 դոլար, տարեվերջին՝ 2,040 դրամ և 96․96 դոլար։ Նրա կանխիկ միջոցները տարեսկզբին կազմել են 890 հազար դրամ և 10 հազար դոլար, տարեվերջին՝ 340 հազար դրամ և 10 հազար դոլար։
Հաշվետու տարում վերջինիս եկամուտները կազմել են 46 մլն 301․077 դրամ, որից 28 մլն 753․503 դրամը Քոգնայզ էնջինիրինգ, 6 մլն 547․574 դրամը՝ Էնվիդիա Արմենիա ՍՊԸ-ներից ստացած աշխատավարձն է, 11 մլն դրամն էլ՝ Հայէկոնոմ բանկից վարկերի տեսքով ստացած փոխառությունը։
Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 78 մլն 271․172 դրամ։
Աբաջյանն իր եկամուտներից 4 մլն 255 հազար դրամ հատկացրել է հանգստի համար կատարված ճանապարհածախսին, 2 մլն 761 հազար դրամ՝ ուսման վարձավճարին, 8 մլն 211․889 դրամ էլ՝ վարկի մարմանը։
Բացի այդ, Արարատ Միրզոյանի կինը 2 մլն ՀՀ դրամը գերազանցող՝ 2 մլն 490 հազար դրամ անվանական արժեքով թանկարժեք գնում է կատարել, որի մանրամասները չի ներկայացրել։