Ներքին 1 տարի առաջ - 21:20 16-06-2025

Ադրբեջանի կողմից Հայաստանի Սյունիքի մարզի նկատմամբ սպառնալիքներն ահագնացել են

Հայ Դատի կենտրոնական խորհուրդը հայտարարություն է տարածել․

«Հայ Դատի կենտրոնական խորհուրդն իր խոր մտահոգությունն է հայտնում, տարածաշրջանային էսկալացիայի պայմաններում, Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի նկատմամբ ահագնացող սպառնալիքների առնչությամբ։ Իրանաիսրայելական հակամարտության համատեքստում աշխարհաքաղաքական անկայունությունը խորացել է՝ ստեղծելով ադրբեջանական ագրեսիվ գործողությունների հավելյալ սպառնալիք, որոնք վտանգում են Հայաստանի ինքնիշխանությունը։ Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ անհապաղ միջոցներ ձեռնարկել, որպեսզի կանխվի Հայաստանի դեմ հերթական ագրեսիան։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բազմիցս հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքն» իրականացվելու է «անկախ Հայաստանի կամքից»։ Նա պարբերաբար սպառնում է ուժ կիրառել այդ նպատակին հասնելու համար, իսկ 2022թ․ սեպտեմբերից Ադրբեջանի զինված ուժերն արդեն օկուպացրել են Հայաստանի Հանրապետության ավելի քան երկու հարյուր քառակուսի կիլոմետր տարածք: Այս հայտարարությունները, Հայաստանի սահմաններին անցկացվող զորավարժությունների ավելացման ու Միջին Արևելքում վերջին զարգացումներից առաջացած ուշադրության շեղման համակցությունը ակնհայտ սպառնալիք են ներկայացնում Հայաստանի տարածքային ամբողջականության համար:

Ստեղծված իրավիճակի համար կարևոր են հետևյալ բնութագրիչներն և անհրաժեշտ գործողությունները․
Ադրբեջանի կողմից թշնամանքի աճը. Ադրբեջանի շարունակական ծավալապաշտական քաղաքականության պայմաններում՝ Հայաստանը կանգնած է անմիջական սպառնա­լիքի առաջ։ Իր այդ քաղաքականության համաձայն՝ Ադրբեջանը նպատակ ունի վերահսկո­ղություն սահմանել ռազմավարական տարածքների նկատմամբ՝ «տարածաշրջանային հաղորդակցություն» անվան տակ։ Այս առումով, «Զանգեզուրի միջանցքի» շինծու հիմնավորմամբ Հայաստանի որևէ տարածքի գրավման ցանկացած փորձ հանդիսանալու է միջազգային իրավունքի խախտում։

Տարածաշրջանային էսկալացիայի վտանգը. Իսրայել-Իրան հակամարտության շարունակությունը ավելացնում է Հարավային Կովկասի անվտանգային բնապատկերի բարդությունը։ Ադրբեջանի ագրեսիվ դիրքորոշումը՝ արտերկրյա դաշնակիցների աջակցությամբ, մեծացնում է մտահոգությունը, որ Հայաստանը կարող է լինել թիրախ՝ տարածաշրջանային վերադասավորման անվան տակ։ Միջազգային հանրությունը պետք է անհապաղ հանդես գա, որպեսզի կանխվի նման որևէ ռազմական սադրանք։

Կոչ միջազգային անհապաղ գործողությունների համար. Մենք դիմում ենք Եվրոպայի անվտան­գության և համագործակցության կազմակերպությանը, հատկապես դրա Մինսկի խմբի համանախագահող պետություններին, Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգու­թյան խորհրդին և հատկապես դրա հինգ մշտական անդամներին ու Եվրոպական Միությանը, ինչպես նաև Հայաստանի դաշնակից և գործընկեր պետություններին՝ կանխելու համար Ադրբեջանի կողմից միջազգային հակամարտությունները շահագործելու ցանկացած փորձ՝ Հայաստանի նկատմամբ իր տարածքային հավակնությունները իրականացնելու նպատակով։

Դիվանագիտական ճնշումներ ու կոնկրետ գործողություններ պետք է ձեռնարկվեն՝ պաշտպանելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Նույնանման դիմումներով հանդես գալու և դիվանագիտական ու ռազմաքաղաքական զսպման մեխանիզմների ապահովման կոչ ենք անում նաև Հայաստանի Հանրապետության իշխանություններին։

Ռազմական ու դիվանագիտական բարձր մակարդակի աջակցության անհրաժեշտու­թյուն. Հայաստանը կարիք ունի իր դաշնակիցների ու գործընկերների ուժեղացված աջակցության՝ հնարավոր ցանկացած սպառնալիք կանխելու համար։ Մենք կոչ ենք անում բարեկամ պետություններին վերստին հաստատել իրենց հանձնառությունը Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը՝ ապահովելով անվտանգության միջոցառումներ, դիվանագիտական լուծումներ ու ռազմավարական գործընկերություն։

Հայ Դատի կենտրոնական խորհուրդը հաստատակամորեն հավատարիմ է Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու իր հանձնառու­թյանը։ Մենք կոչ ենք անում միջազգային կազմակերպություններին ու առաջնորդներին հաշվի առնել իրավիճակի լրջությունը, չանտեսել իրական սպառնալիքները և ձեռնարկել անհապաղ քայլեր՝ նպաստելու խաղաղությանն ու կայունությանը Հարավային Կովկասում»։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»

Ձեզ գուցե հետաքրքրի