Ո՞վ կշահի, ո՞վ կտուժի Իսրայել-Իրան պատերազմից
copy image url

Ո՞վ կշահի, ո՞վ կտուժի Իսրայել-Իրան պատերազմից

Միտք Ներքին 16 ժամ առաջ - 14:40 13-06-2025
Ի՞նչ կշահեն ու կկորցնեն Հայաստանն ու հայ ժողովուրդը հարևան երկրի դեմ սկսված պատերազմի հետևանքով։

Հունիսի 13-ին, ժամը 3-ին, Իսրայելը հարձակում է սկսել Իրանի վրա, հարվածել Նաթանզի և Ֆորդոյի ուրանի հարստացման օբյեկտներին, Քերմանշահի և Խորամաբադի հրթիռային բազաներին, Թեհրանին, Սպահանին, Թավրիզին և Իրանի այլ խոշոր քաղաքներին։ «Իսրայելը սկսել է «Առյուծի վերելք» ռազմական գործողությունը, որը կշարունակվի այնքան, որքան անհրաժեշտ է»,- հայտարարել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն ազգին ուղղված ուղերձում։

Չնայած՝ Իրանը 44-օրյա պատերազմի ժամանակ չեզոքություն էր պահպանում, իսկ վերջերս էլ զորավարժություններ է արել Ադրբեջանի հետ համատեղ, սակայն հստակ դիրքորոշում ունի այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին, դեմ է ռուս-թուրք-ադրբեջանական նկրտումներին։ Իրանը մի քանի անգամ հայտարարել է, որ չի հանդուրժի ՀՀ տարածքային ամբողջականության, հայ-իրանական սահմանի ենթադրյալ խախտումները։ Թուրքիայի նախագահն է բառացի ասել, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» չի բացվում, քանի որ Իրանը համաձայն չէ։ Իսկ առաջիկա օրերին էլ նախատեսվում էր նախագահ Փեզեշքիանի այցը Երևան, ինչը նոր էջ էր բացելու հայ-իրանական հարաբերություններում։

Սրանից զատ՝ Հայաստանն ու Իրանը շահագրգռված են Հարավ-հյուսիս միջազգային մեգանախագծով։ Այն Հնդկաստան-Իրան-Հայաստան-Եվրոպա արագընթաց բեռնափոխադրում ապահովող ավտոճանապարհ է լինելու։ Իրան-Իսրայել պատերազմի պատճառով Հարավ-հյուսիսի գործարկումը հետաձգվելու է։ Պատերազմը բացասաբար կանդրադառնա Իրանից ՀՀ շբոսաշրջային, առևտրային հոսքերի վրա։ Չի բացառվում, որ ներգաղթյալների հոսք լինի։ ՀՀ-ն պարտավոր կլինի նաև մարդասիրական օգնություն հասցնել պատերազմից տուժած հարևան երկրի մարդկանց։ Շատ վատ կլինի, եթե ռումբեր ընկնեն նաև ՀՀ տարածքի վրա։ Առավել մտահոգիչ է, որ ռուս-թուրք-ադրբեջանցի չբարեկամներն, կարող են օգտվել Իրանի խառը վիճակից, ագրեսիա սանձազերծել Սյունիքի ուղղությամբ ու զավթել հայ-իրանական սահմանը։ Սա աղետալի կլինի Հայաստանի համար։

Այսինքն՝ ողջամիտ պատճառներ կան, որ ՀՀ կառավարությունը պիտի լուրջ վերաբերվի Իրան-Իսրայել պատերազմին։ Բազմաթիվ առիթներով ՔՊ-ական պաշտոնյաները ընդգծել են, որ Փաշինյանի օրոք ՀՀ-ն չի կատարում Մոսկվայի թելադրանքը, վարում է անկախ արտաքին քաղաքականություն։

«Իրանի դեմ միակողմանի հարձակումը խորապես մտահոգիչ է։ Այն տեղի է ունենում բանակցությունների հերթական փուլից առաջ՝ վտանգելով խաղաղ ջանքերը, ինչպես նաև տարածաշրջանային կայունությունն ու համաշխարհային խաղաղությունը։ Մենք դատապարտում ենք նման գործողությունները և կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և պահպանել միջազգային իրավունքը»,- նշված է ԱԳՆ էջում տեսադրված գրառման մեջ։ Այս համեստ գրառումից, սակայն, պարզ չէ, թե անկախ արտաքին քաղաքականություն վարող Նիկոլ Փաշինյանն ի՞նչ է արել կամ կարող է անել, որ Իսրայել-Իրան պատերազմը կանխվի, շուտ դադարի, առնվազն՝ Հայաստանը դրանից քիչ տուժի։

Փոխարենը՝ հայտնի է, որ այս ընթացքում Փաշինյանը զբաղվել է առաջնահերթ, կարևոր գործերով։ Առաջին առաջնահերթությունը քարոզարշավն է «Կրթվելը նորաձև է» հանդիպումների շարքով։ Երկրորդը՝ կաթողիկոսափոխության ձգտումն է, որին լծվել է մեծ ոգևորությամբ։ Հավանաբար՝ նա մտավախություն ունի, որ 2021-ի հաջողությունը չի կրկնվելու։ Իսկ թե Իրան-Իսրայել պատերազմից Հայաստանն ու հայ ժողովուրդն ինչքան կտուժեն, հավանաբար, նրան քիչ է հետաքրքրում։ Ավելին՝ նա կարող է շահել։

Ենթադրելի է, որ ՔՊ-ի օրոք ծաղկող գործարարներն այս պատերազմից կշահեն այնքան, ինչքան ուկրաինա-ռուսականից։ 2022-ի վերջից հայերը Իրանից, այլ երկրներից գնում են ռուսներին անհրաժեշտ սնունդ, այլ ապանքներ ու հասցնում պատժամիջոցների ու ճգնաժամի տակ մնացած ՌԴ, շահ ստանում, հարկ վճարում ՀՀ բյուջե։ Փաշինյանն այս ամենը ներկայացնում է որպես տնտեսական ձեռքբերում։ Նույնպիսի էֆեկտ ակնկալվում է Իրան-Իսրայել պատերազմի պարագայում։ Հիմա էլ այս ու այն տեղից ձեռք կբերեն պատերազմի մեջ խրված Իրանին անհրաժեշտ սնունդ ու այլ ապրանքներ, կհասցնեն սպառողին, կհարստանան, հարկ կվճարեն։ Նիկոլ Փաշինյանն էլ հարկատուների միջոցներն ու նվիրատվությունները կուղղի «Կրթվելը նորաձև է» շարժմանն ու կաթողիկոսափոխության նպատակով կազմավորված Համակարգող խմբերի գործողություններին, քանի որ դրանք են վարչապետի համար առաջնային։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

19:38 Իսրայելը, օգտագործելով Արցախում կառուցված օդանավակայանները, հարվածներ է հասցնում Իրանին
14:05 Պայթյուն Երևան-Սևան ավտոճանապարհին՝ գազալցակայանում․ կան վիրավորներ
11:15 Չինքնահաստատված ոչնչություն․ Աննա Հակոբյանը պատասխանել է Լևոն Տեր-Պետրոսյանին
08:46 Ալի Խամենեին կոչով դիմել է իր ժողովրդին
18:30 Հովիկ Աբրահամյանին ասել են՝ «ընգերական, արի քեզ ձերբակալենք», որովհետև «Կաթողիկոս» օպերացիան տապալվեց
23:42 Իրանը առաջիկա ժամերին կիրականացնի միջուկային զենքի փորձարկում. իրանական բանակ
13:27 Ընտանիքի տան նկուղում աճում է Կարմիր գրքում գրանցված մուտանտ սունկ
14:13 Տյումենը խեղդվում է բարդու փափկամազի տակ. սպիտակ վերմակը ծածկել է քաղաքը
14:42 Սիրտս մի քիչ լավ չէր, Լուիզան դեղ բերեց և մնաց մեր տանը․ Հրանտ Թոխատյանի և Լուիզա Ներսիսյանի պատմությունը
21:47 Շիրակում համաճարակ է. 1870 խոշոր և 1320 մանր եղջերավորներ ենթարկվել են սպանդի