Եկեղեցին պաշտպանելու համար կպահանջվեն ազգայնական ուժեր
copy image url

Եկեղեցին պաշտպանելու համար կպահանջվեն ազգայնական ուժեր

Միտք Ներքին 19 ժամ առաջ - 09:10 13-06-2025
ՔՊ-ական բարձր պաշտոնյաները լուրջ անհանգստացել են ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումից, որով նա անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած կաթողիկոսափոխության արշավին։

Կաթողիկոսին գահընկեց անելու վերաբերյալ ամենօրյա գրառումները ցույց են տալիս, որ Նիկոլ Փաշինյանը վճռական է տրամադրված այս հարցում։ Առաջին հայացքից՝ Գարեգին Բ-ն չի կարող հաղթահարել այս ճնշումն ու մնալ գահին։ Առայժմ միակ պաշտպանությունը, որը կազմակերպում է եկեղեցին, թեմերի հայտարարություններն են, որոնցով աջակցություն են հայտնում գործող կաթողիկոսին մի քանի տող էլ հասցեագրում եկեղեցու դեմ խոսող իշխանություններին։ Այս ամենը, սակայն, որոշ մարդկանց կարծիքով՝ բավարար չեն։ Այս մասին ակնարկ է պարունակում նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գրառումը։

«20-րդ դարի սկզբին, այն է՝ 1903 թվականին, Ռուսաստանի կայսր Նիկոլայ երկրորդը օրենք ընդունեց Հայոց եկեղեցու գույքի բռնագրավման եւ հայկական դպրոցների փակման մասին։ Դա բողոքի եւ ընդվզման մի այնպիսի ալիք առաջացրեց հայ ժողովրդի բոլոր խավերում, ակամա խթանելով հայկական ազգայնականության ձեւավորումը, որ Կայսրն ստիպված եղավ 1905 թվականին չեղարկել այդ օրենքը։ Եթե հայ ժողովուրդը հզոր Ռուսաստանի կայսրին հաղթահարեց, Նիկոլի նման մի ազգադավն ու սրբապիղծն ինչ է, որին չհաղթահարի»․- ասել է ՀՀ առաջին նախագահը։

Այսպիսով՝ ակնարկվում է, որ եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանի գրոհները նույնպես կարող են բողոքի և ընդվզման ալիք առաջացնել հայ ժողովրդի բոլոր խավերում, խթանելով հայկական ազգայնականության բարձրացումը։ Պատմական օրինակով առաջին նախագահը, հավանաբար ակնարկում է, որ եկեղեցուն պաշտպանելու գործում անհրաժեշտ է ժողովրդի և ազգայնական ուժերի աջակցությունը։ Այսինքն՝ միայն թեմերի հայտարարությունները բավարար չեն, անհրաժետ է նաև, որ ազգայնական ուժերը ժողովրդին ոտքի հանեն ցույցի։

Ի՞նչ ազգայնական ուժեր ցույցեր կանեն ի պաշտպանություն եկեղեցու։

Քաղաքագիտությունից հայտնի է, որ ազգայնական ուժերի գերնպատակը անկախությունն է։ Պետությունը բարձրագույն արժեք է այս ուժերի համար։ ՌԴ-ն 2022-ի ագերսիայից հետո չճանաչեց ՀՀ տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխան իրավունքները։ Հետևապես՝ ազգայնականը չի կարող լինել ռուսամետ։

Այսպիսով՝ մոտավորապես պարզ է, թե ինչպիսի ուժեր կարող են դիմակայել եկեղեցու դեմ Փաշինյանի գրոհներին, կասեցնել կաթողիկոսափոխության արշավը։ Իհարկե՝ ռուսամետները ևս կարող են մեծ հանրահավաքներ, ցույցեր կազմակերպել։ Սակայն Առաջին նախագահը պատմական օրինակով, հավանաբար, ակնարկել է, որ ռուսամետ ուժերի աջակցությամբ հնարավոր չի լինի հաղթահարել Փաշինյանի արշավը։ Այդ կարելի է անել ազգայնական ուժերով։ Հետևապես՝ եկեղեցուն աջակցող ռուսամետները պետք է հընթացս հրաժարվեն ռուսամետությունից և որդեգրեն ազգայնական գաղափարներ, արժեքներ ու ծրագրեր, գոնե Առաջին նախագահի հուշումից հետո գիտակցեն, որ ռուսամետ դիրքորոշումներով եկեղեցուն ու Գարեգին Բ-ին օգնել, պաշտպանել չեն կարող։

Կարճ ասած՝ եկեղեցին պաշտպանելու համար պահանջվում են ազգայնական ուժեր։ Եթե կաթողիկոսին աջակողները միավորվեն, մաքրվեն ռուսամետ ախտից, որդեգրեն ազգայնական գաղափարներ, ապա եկեղեցին կարող են պաշտպանել։ Եթե մնան նույն դիրքորոշումներում, ապա Փաշինյանը կհասնի իր նպատակին

Թաթուլ Մկրտչյան