Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է հունիսի 11-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:
Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի բնակելի շենքերից մեկում այսօր առավոտյան պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով 4 մարդ զոհվել է, 11-ը հոսպիտալացվել։ Առողջապահության նախարարության տվյալներով՝ բուժօգնություն ստացող տուժածներից 3-ին ավելի ուշ տեղափոխել են Երևանի բուժհաստատություններ: Մյուսների վիճակը գնահատվում է բավարար: Վիրավորներից 4-ը երեխաներ են: Մեկն արդեն դուրս է գրվել, 3-ը դեռ շարունակում են բուժումը Ճամբարակի հիվանդանոցում։ Պայթյունի պատճառները դեռ հստակ չեն: Առավելապես տուժել են չորս հարկանի շենքի կողային հատվածի վերջին հարկերի բնակարանները: Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ երեք մահացածները, որոնց դիերն արդեն հայտնաբերված են, կանայք են: Քրեական գործ է հարուցվել տեղի ունեցածի պատճառները պարզելու համար: Քննչական կոմիտեն ավելի ուշ փոխանցել է, որ պայթյունի նախնական պատճառը գազի արտահոսքն է:
Հայ Առաքելական եկեղեցուն և անձամբ Վեհափառ հայրապետին թիրախավորող գրառումներից հետո այս գիշեր հազարավոր քաղաքացիներ Զվարթնոց միջազգային օդանավակայան էին շտապել՝ դիմավորելու Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին։ Հենց կաթողիկոսը դուրս եկավ սրահից, նրան դիմավորող քաղաքացիներից մեկը գոչեց. - «Վեհափա՛ռ, զավակներդ են եկել դիմավորելու»: «Հավատում եմ, որ Աստծո ողորմությամբ և օգնությամբ, ձեզ հետ միասին խոհեմորեն, առանց ավելորդ հուզականության, ընդվզումների, պիտի կարողանանք հաղթահարել այս դժվարությունը։ «Գիտեմ, որ եկել եք ձեր վրդովմունքը հայտնելու վերջին օրերին հանրապետության վարչապետի կողմից թույլ տրված եկեղեցու և եկեղեցականների հասցեին արված արտահայտությունների առնչությամբ։ Գիտենք, որ այդ արտահայտությունները, համընդհանուր վրդովմունք են առաջ բերել մեր ժողովրդի զավակաց մոտ, ի սփյուռս աշխարհի», - հավաքված ժողովրդին դիմելով ասաց Վեհափառ հայրապետը։ Վեհարանն ազատելու Փաշինյանի պահանջի մասին լրագրողների հարցերին Գարեգին Երկրորդը չպատասխանեց՝ ասելով, թե «ամեն ինչ հստակորեն ասված է Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարությունում», որտեղ նշված է, որ եկեղեցու հարցերը լուծվում են եկեղեցական կարգերի ու կանոնների համաձայն և դուրս են պետական և քաղաքական գործիչների իրավասությունից:
Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական կինը՝ Աննա Հակոբյանը, սեպտեմբերին կմեկնի Չինաստան` երկամյա մագիստրոսական ծրագրով ուսանելու «Չինական փիլիսոփայություն» Պեկինի Նորմալ համալսարանում։ Ծրագիրը դասավանդվում է անգլերենով։ Պեկինում Աննա Հակոբյանը կուսումնասիրի չինական փիլիսոփայության հիմնաքարային ուղղությունները, այդ թվում՝ կոնֆուցիոսականություն, դաոսականություն, չինական քաղաքական փիլիսոփայություն, չինական բարոյագիտություն և այլն: «Հերթական այցի ժամանակ, երբ գտնվում էի Չինաստանում ու տեսնում էի՝ ինչպես են մարդիկ ապրում այդ հզոր պետությունում, մտածեցի, որ մեր շատ խնդիրների պատճառը կրթական է»,- նշել է Հակոբյանը «Կրթվելը նորաձև է» շարժման մի քանի հանդիպումների ժամանակ։ Oragir.News-ը թեմայի վերաբերյալ հարցախույզ է իրականացրել Երևանի փողոցներում, որին մասնակցած քաղաքացիներից մեկը նշեց՝ ավելի ճիշտ կլինի, որ Աննա Հակոբյանը թուրքական փիլիսոփայություն սովորի։
Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների հանդիպումն ավարտվել է, որի արդյունքում կողմերը փաստացի հանգուցալուծման չեն եկել Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու հարցի հետ կապված: Դեռ քննարկման ընթացքում «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը սոցցանցում հրապարակեց իրենց 6 պատգամավորների ստորագրությունները՝ ակնհայտորեն ակնարկելով, որ ընդդիմադիր ամենամեծ՝ «Հայաստան» խմբակցությունը դեռ չի ստորագրել այդ ձևաթղթի տակ: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն էլ լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենք պատրաստ են 28 ստորագրություն տալ, եթե հայտարարությունից բացի, զուգահեռ փողոցային պայքար սկսեն: Ըստ Սաղաթելյանի՝ իրենց համար անորոշ է, թե երբ է սկսվելու այդ գործընթացը: «Պետք է ջանքերը կենտրոնացնել և իրոք փորձել համապատասխան ստորագրություններն ունենալ, որ այս գործընթացը տարվի առաջ: Եթե բոլորի հասկացողությունը սա է, մենք պատրաստ ենք այդ ուղղությամբ քայլել», - նշեց նա: Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիմակիցներն առաջարկում են Փաշինյանին փոխարինել Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանով: Նրան են առաջադրել վարչապետի թեկնածու, իսկ «Հայաստան» խմբակցությունն էլ հայտնել է, որ թեկնածուի հարցում առարկություն չունի։
Մանրամասները՝ տեսանյութում: