Փաստաբան Ռոման Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ո՞վ էր ասում՝ քննչական կոմիտեն միայն քաղաքական պատվերներ է հիասքանչ ու արագ կատարում։ Մի հատ տեսեք՝ ոնց են կայծակնային արագությամբ գողության դեպք բացահատել, հափշտակողին էլ՝ բռնել ու կալանավորել։ Մեկ ամսում նույն տնտեսվարողից նույն եղանակով հինգերորդ անգամ գողություն կատարվելուց հետո, չսպասելով հոբելյանական տասներորդին, զայրացել, միանգամից բռնել ու կալանավորել են։
Բա ի՞նչ է, ձեզ թվո՞ւմ էր, թե հենց առաջին դեպքից էլ պիտի մարդուն բռնեին ու կալանավորեին։ Հա հետո ինչ, որ հափշտակողի տվյալներն ի սկզբանե պարզ էին, և նա անգամ բերման էր ենթարկվել ոստիկանություն։ Հետո ինչ, որ նույն անձը հինգ անգամ նույնաձև արարքներ է կատարել։ Բա հաշվի չե՞ք առնում, որ դրանք տարբեր դրվագներ են, որոնցով տարբեր քննիչներ են զբաղվում, որոնցից մեկը, օրինակ, արձակուրդում էր, մյուսի դեպքը կատարվել էր ոչ աշխատանքային օրով, մյուսը բազմազբաղ է և այդպես շարունակ։ Միայն քննադատելն եք էլի իմանում։
Մի հատ տեսեք՝ ոնց են է օպերատիվ աշխատել։ Չեն էլ սպասել, որ տնտեսվարողը սնանկանա, որից հետո վնաս պատճառողին բռնեն։ Լիազոր անձինք զայրացել և ասել են՝ հերիք է, 15 միլիոնի վնասն էլ է շատ, բռնեք գողին։
Ընդամենը մի քննադատություն, այն էլ թեթևակի։ Երբ նույն տնտեսվարողին հարկերից խուսափում էիք վերագրում, իսկ ընկերության տնօրենին էլ աբսուրդի հասնող մեղադրանք առաջադրում՝ ընդամենը մեկ օրում լույսի արագությամբ տասնյակ քննչական ու վարութային գործողություններ էիք իրականացնում, Երևան քաղաքի և համայնքների 30-ից ավել խանութներում և գրասենյակում խուզարկություններ կատարում, վարույթի հետ որևէ առնչություն չունեցող ապրանքներ առգրավում, օպերատիվ տարբեր առաջադրանքներ տալիս, քաղցկեղով հիվանդ կնոջ ամուսնուն ձերբակալում և նրան կալանավորման միջնորդությամբ գիշերը դատարան դիմում, մինչև գիշերվա 4-ը գործով զբաղվում և այլն։ Իսկ երբ արդեն հասաք նպատակին՝ գործը քնեցրիք ու դրեցիք մի կողմ։
Բայց դե ոչինչ, ախր, այդ երկու հանցագործությունները տարբեր են։ Մի պարագայում խոսվում է սեփականության, իսկ մյուսում՝ հարկերի մասին։ Բա պետության հարկը վեր է, չէ՞, ամեն տեսակի արժանիքներից։ Պետք լինի վեց մանկահասակ երեխաների մորն էլ կկալանավորեք, դեռ օրենք էլ կփոխեք ու այդ մանկահասակներին էլ կձերբակալեք, միայն թե հարկը վճարվի։ Ժողովրդին պիտի չէ՞ վերջապես հերոս դարձնեք։ Իսկ ո՞վ է հերոսը, այո՝ ՀԱՐԿԱՏՈՒՆ»։