Ուղիղ եթեր
Ինչո՞ւ են ժողովրդի փողերն, առանց նրան հարցնելու՝ ուղղում «Կրթվելը նորաձև է»-ին
copy image url

Ինչո՞ւ են ժողովրդի փողերն, առանց նրան հարցնելու՝ ուղղում «Կրթվելը նորաձև է»-ին

Ներքին Միտք 9 ժամ առաջ - 09:08 07-06-2025
Հարկատուների միջոցները նպատակային ծախսելու համար կազմվում է պետական բյուջե։ Ծախսերի վերաբերյալ ամենամյա հաշվետվությունը ժողովրդավարական նորմ է։ Վերջին օրերին ԱԺ-ում կառավարության անդամները հաշվետվություն էին ներկայացնում, թե ինչպես են տնօրինել հարկատուների միջոցները, ինչպես են իրականացրել բյուջեով նախանշված նպատակները 2024-ին։ Եվ այս հաշվետվությունները թույլ են տալիս հարկատուներին տեսնել, գնահատել, թե կատարված աշխատանքներն ու ծախսերը ինչքանո՞վ են առնչվում ժողովրդի երազանքների, նպատակաների, խնդիրների հետ, թե՞ իր վճարած հարկերը մսխվել են անիմաստ բաների վրա։

Վարչապետի մասնակցությամբ միջոցառումները ֆինանսավորվում են վարչապետի աշխատակազմի կողմից։ Հունիսի 6-ին հայտնի դարձավ, որ վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի, «Կրթվելը նորաձև է» շարժումն իրականացվում է պետական բյուջեի հաշվին, ԱԺ-ում հունիսի 6-ին այս մասին հայտարարեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությանյանը, նշելով, որ դա վարչապետի առաջնահերթ միջոցառումն է, և ծախսերը կատարվում են աշխատակազմի միջոցների հաշվին:

Վարչապետի մասնակցությամբ միջոցառումների շարքում են նրա հանդիպումները այլ երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հետ, որտեղ նա առաջ է մղում, պաշտպանում ազգային շահերը։ Հարկատուն կարող է նորմալ ընդունել, որ ինքն է այս այցերի, հանդիպումների, հյուրասիրությունների ծախսերը հոգում։ Վարչապետը նաև ներպետական այցեր, հանդիպումներ է ունենում, այցելում մարզեր։ Այս միջոցառումների համար նույնպես հարկատուն կարող է փող տալ ու դա արդարացնել, քանի որ այդպիսի այցերի, հանդիպումների ժամանակ կառավարության ղեկավարը հետևում է ճանապարհի, դպրոցի, մանկապարտեզի կառուցման որակին, ժողովրդի կենսական կարիքներն է ուսումնասիրում տեղերում և այլն։ Հակատուն նաև ըմբռնումով կարող է վերաբերվել վարչապետի կեցության ծախսերը հոգալու թեմային։

Բայց հարկատուների երազանքների, նպատակների, կարիքների հետ ի՞նչ առնչություն ունի «Կրթվելը նորաձև է» շարժումը, որի համար հարկատուների գրպանից մեծ միջոցներ են ծախսվում։

Առաջին հայացքից կարող է տպավորություն ստեղծվել, թե Փաշինյանը կորցրել է իրականության զգացումը, վարչապետի բան ու գործը թողած, ընկել է «Կրթվելը նորաձև է» շարժում է անում։ Սակայն, հաշվի առնելով այն, որ այս շարժումն, ըստ էության՝ ՔՊ-ի քարոզարշավն է, իսկ իշխանությունը պահելն ու վերարտադրվելը Փաշինյանի առաջնային խնդիրն է, ապա տրամաբանական է, որ այս շարժումը վարչապետի առաջնահերթ միջոցառումն է։

Ամիսներ շարունակ հանրությանը ներկայացվում էր, թե «Կրթվելը նորաձև է», հանդիպումները կազմակերպում է «Իմ քայլը» հիմնադրամը, թե դրա կազմակերպիչն ու իրականացնողը Նիկոլ Փաշինյանի տիկինն է։ Մարդիկ էլ ասում էին, թե հիմնադրամ է, ժողովրդին ակնհայտ վնաս չի տալիս, թող իր փողերով ինչ միջոցառում ուզում է՝ անի։ Բայց հունիսի 6-ին ապացուցվեց, որ հարկատուներն իրենց կամքից անկախ՝ ֆինանսավորում են «Կրթվելը նորաձև է» շարժումը։ Նրանց միջոցներն, առանց նրանց հարցնելու՝ ուղղվել են ՔՊ-ի քողարկված քարոզարշավին, ՔՊ-ի վերընտրվելու նպատակին։ Այս միջոցառումը Փաշինյանի համար, բնականաբար, առաջնային է, ամենակարևորն է, սակայն ժողովրդի մեծ մասը, որը Փաշինյանի ընտրողը չէ, հավանաբար, համամիտ չլինի, որ սա պետության, ժողովրդի համար առաջնահերթություն է։

Այսինքն՝ չի բացառվում, որ ապագայում, երբ Նիկոլ Փաշինյանն ընդդիմություն դառնա, հարկատուների միջոցները տնօրինողները կասկած հայտնեն, որ պետական բյուջեից «Կրթվելը նորաձև է» շարժումը ֆինանսավորելը եղել է ոչ նպատակային ծախս, և խնդիր դրվի վերադարձնել դրանք ժողովրդին ու պատասխանատվության հրավիրվի նախկին վարչապետի աշխատակազմի ղեկավարը։ Մինչ այդ կարելի է ապացուցված համարել, որ Նիկոլ Փաշինյանը «Կրթվելը նորաձև է» շարժման հիմնական շահառուն է, և այն վարում է պետական բյուջեի, հարկատուների միջոցներով։ Իր բառերով ասած՝ կա հարկ, կա «Կրթվելը նորաձև է» շարժում, չկա հարկ՝ չկա «Կրթվելը նորաձև է» շարժում, կա հարկ՝ կա ՔՊ-ի քողարկված քարոզարշավ, չկա հարկ՝ չկա ՔՊ-ի քարոզարշավ։

Կարճ ասած՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարի խոստովանությունը բավարար հիմք է կասկածի տակ դնելու ԱԺ առաջիկա ընտրությունների օրինակարգությունը, քանի որ հարկատուների միջոցներ, վարչական ռեսուրս են ծախսվում քողարկված քարոզարշավի վրա։

Թաթուլ Մկրտչյան